Հայրենի իշխանությունը հետ է կանգնում իր որոշումից, եւ այսուհետ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն չի լինի: Այդ երեւույթի համար կպահպանվի միայն քաղաքացիական պատասխանատվությունը` մինչեւ 3.000.000 դրամի չափով:
Հիշեցնենք, որ ծանր վիրավորանքն ու հայհոյանքը քրեականացնող նախագիծն ընդունվել էր նախորդ տարվա հուլիսին ՔՊ-ական պատգամավորների հեղինակությամբ եւ հասցրել էր մեծ աղմուկի առիթ դառնալ ու քննադատության ենթարկվել միջազգային կառույցների կողմից:
Խնդիրը, որն ամենաշատն էր բարձրաձայնվում, օրենքի նախագծում կիրառվող եզրույթների որոշակիությունն էր, այսինքն՝ ինչպես եւ ինչ հիմքերով են դատավորները որոշելու, թե հնչեցված արտահայտությունը ծայրահեղ անպարկեշտ է կամ վիրավորանք է, թե ոչ։
Մինչ այս անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ նույնն է թե հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, ըստ օրինագծի, կարող էր պատժվել 100 հազարից կես միլիոն դրամի տուգանքով։ Եթե հայհոյանքը հրապարակային է եղել կամ արվել է համացանցով կամ եղել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, տուգանքը կկազմի կես միլիոնից մեկ միլիոն դրամ, իսկ եթե միեւնույն անձի նկատմամբ եւ պարբերաբար է տեղի ունեցել, ապա պատիժը 1-3 միլիոն դրամի տուգանքն է կամ կալանքը մեկից երեք ամիս ժամկետով. այժմ կգործի միայն տուգանքը՝ 3 մլն դրամի չափով:
Եվ չնայած այս օրենքի պատճառով շատերն են արդեն ենթարկվել պատասխանատվության, սակայն Հայաստանում գործող դեսպանները, միջազգային կառույցներն ամեն առիթով բարձրաձայնում էին այս կարգավորման անթույլատրելիության մասին: Ահա եւ հերթական նախաձեռնությունը, որից իշխանությունները հետ կանգնեցին:
«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ փորձելով հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ իշխանությունները հետ կանգնեցին իրենց որոշումից եւ որոշեցին այլեւս չքրեականացնել հայհոյանքը:
-Պարո՛ն Վարդանյան, հայհոյանքի եւ վիրավորելու համար քրեականացման կետը հուլիսի 1-ից չեղարկվում է, եւ, եթե չեմ սխալվում, բոլոր այն գործերը, որ հարուցվել են այդ մասով, պետք է կարճվեն: Կարո՞ղ եք ասել՝ ինչ պատահեց, որ իշխանությունները որոշեցին այդպես վարվել:
-Եթե Դուք ուշադիր եք եղել յոթերորդ գումարման ժամանակ իմ կողմից ներկայացված նախագծին, ապա ես ի սկզբանե ասել եմ, որ այդ նախագիծը ժամանակավոր բնույթ է կրելու ըստ էության : Եվ այն ի սկզբանե նախատեսված չի եղել 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքի դրույթներում: Հենց դա ելնում էր այն տրամաբանությունից, որ ժամանակավոր խնդիր էր առաջացել՝ հասարակությանը հայհոյելու մասով վտանգավորության աստիճանի հետ կապված: Այսինքն՝ մենք ոչ թե խոսում ենք չեղարկման մասին, այլ այն մասին, որ ի սկզբանե այդպես էլ նախատեսված է եղել:
-Այսինքն՝ ժամանակավոր կիրառման մասի՞ն է խոսք եղել:
-Ոչ թե չկիրառել, այլ խոսքն այս տարվա հուլիսի 1-ից Քրեական օրենսգրքի մեջ չներառելու մասին է, եւ հնարավորություն տալ, որ այդ վեց ամսվա մեջ մեր հասարակությունն ու քաղաքական գործիչները հասկանան, թե ինչ վտանգավոր իրավիճակ է, որքան շատ են դարձել հայհոյանքները, եւ որոշակի առումով հաջողությունների հասել ենք:
-Միգուցե միջազգային գործընկերնե՞րն են ինչ-որ հուշումներ տվել:
-Ես առաջնորդվում եմ նրանով, ինչ ասում են մեր պետական մամինները: Այդ օրենքի սահմանադրականությունն ու իրավաչափությունը ստուգվել է, ոչ մի հարց չի առաջացել: Միջազգային գործընկերները կարող են ունենալ տարբեր կարծիքներ, շատ երկրներում հայհոյանքը քրեականացված է: Բոլոր քրեական գործերը, որոնք եղել են մինչեւ այժմ, կարճվելու են, քանի որ օրենքը ապաքրեականացվում է:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՀԵՏ Է ՔԱՇՎՈՒՄ
44-օրյա պատերազմից հետո եւ հատկապես 2021-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրերին իշխանությունը շրջանառության մեջ դրեց ակնհայտ կեղծ «խաղաղության դարաշրջան» ձեւակերպումը։ Այս մասին գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը. «Հատկապես հետպատերազմյան շրջանի երկրների ու, մասնավորապես, պարտություն կրած կողմի պարագայում խաղաղության գործոնը կենսական նշանակություն ունեցող հարց է, որով այս իշխանությունը հասարակությանը շանտաժի է ենթարկում, սպառնում, փորձում իշխանություն-ընդդիմություն դիմակայությունը ներկայացնել որպես խաղաղություն/պատերազմ դիլեմա։
Իրականում իշխանության առաջ քաշած «խաղաղության օրակարգը» իր տակ որեւէ հիմնավոր փաստարկ չունի։ Պարզ ասած, խաղաղության մասին ցանկությունը անրագրված է, բայց դրան տանող բոլոր ճանապարհները «ականապատված են»։
Ավելին՝ իշխանությունն ինքն է նաեւ խոստովանում, որ սա իր միակողմանի ցանկությունն է, իսկ ում հետ այդ օրակարգով բանակցում է, լրիվ այլ տրամադրվածություն ունի։
Իշխող ուժի եւ երկրի ղեկը ստանձնածն, օրինակ, երեկ այս հարցի վերաբերյալ հայտարարեց, որ փորձում են գնալ խաղաղության ճանապարհով. «Կկարողանա՞նք, կստացվի՞, ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետեւ խաղաղությունը միակողմանի շարժում չէ, այլ համագործակցության արդյունք: Մենք իլյուզիաներ չունենք եւ տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Եվ խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու, աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու եւ չեզոքացնելու փորձ է: Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա»։
Իշխանության ինքնախոստովանական ցուցմունքը կարեւոր արձանագրում է, որովհետեւ հասարակության՝ իշխանությանը չսիրելով աջակցելու կամ պասիվ կեցվածք ընդունելու առանցքային պատճառն այն է, որ մարդիկ մտածում էին, թե ինչ գնով էլ լինի, այս իշխանությունը խաղաղություն կարող է բերել։
Սակայն իշխանությունն աստիճանաբար հետ է քաշվում իր երբեմնի վստահ հայտարարությունից եւ արդեն արդարացումներ է փնտրում խաղաղության օրակարգի տապալման հարցով՝ իհարկե պատասխանատվությունը բարդելով ՀՀ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների եւ «միջազգային հանրության» վրա։
Իշխանության առաջադրած «խաղաղության դարաշրջանը» իրականում Հայաստանն ու Արցախը խաղաղ հանձնելու օրակարգն է, ինչի դեմը պետք է առնել»:
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Կառավարությունը մտադիր է փոխհատուցում տալ 44-օրյա պատերազմի ժամանակ վնասված ավտոմեքենաների սեփականատերերին: Նշենք, որ ռազմական դրության ժամանակ ավտոմեքենաների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ նախագիծը պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել: Տեղեկացնենք, որ 2020 թվականին հայտարարված ռազմական դրության եւ զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվել են ավտոմեքենաներ, որոնք ռազմական գործողությունների ժամանակ վնասվել են: Armlur.am-ը տեղեկացավ, որ 17 ավտոմեքենաներից 4-ն ընդհանրապես ոչնչացված են եւ առկա չեն, 2-ը կրել են այնպիսի վնաս, որը հնարավոր չէ վերականգնել օգտագործելու համար, 11-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին եւ կարող են շահագործվել: Ավելին, «Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատման արդյունքներով դրական եզրակացություն է կայացվել թվով 17 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ՝ ընդհանուր 31 մլն 103 հազար դրամի չափով: Ի դեպ, այս գումարը կհատկացվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, որն էլ իր հերթին կփոխանցի վնասված գույքի սեփականատերերին:
ՉՈՐՍ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐՈՎ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ մասնակցում էր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հրաժեշտի արարողությանը: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Աննա Հակոբյանին երեկ ուղեկցում էին անվտանգության չորս աշխատակից՝ երեք տղամարդ եւ մեկ կին: Սակայն դա էլ դեռ ամենը չէ. Աննա Հակոբյանը չի բավարարվել անվտանգության չորս աշխատակիցների ուղեկցումից, եւ նրա հետ օգնական եւս շրջում է: Պարզվում է՝ դա էլ բավարար չէ. Ռաֆայել Քոթանջյանի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար նրան ուղեկցում էր նաեւ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը: Ստացվում է՝ վեց անձ ուղեկցում էր Աննա Հակոբյանին հրաժեշտի արարողության մասնակցելու համար: Կային ժամանակներ, երբ նա շրջում էր միայնակ կամ մեկ թիկնապահով. այժմ նրան ուղեկցողների թիվը կտրուկ ավելացել է: