Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԿԶՐԿՎԵՆ ՄԱՆԴԱՏԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք, թե որ դեպքում են պատգամավորի լիազորությունները դադարում: Եթե՝

 

1) ավարտվել է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը,

2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,

3) նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն,

4) նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնել,

5) նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել,

6) նա տվել է հրաժարական:

Այս մասին սահմանված  է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով։

Նշվում է, որ յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում ԱԺ խորհուրդը, ինչպես նաեւ կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:

Քվեարկությունից պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե հարգելի պատճառով նրա բացակայելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ, կամ նա Ազգային ժողովի կողմից ուղարկվել է գործուղման։

Բացակայությունը հարգելի է համարվում նաեւ այն դեպքում, եթե պատգամավորը ձերբակալվել է կամ կալանավորվել կամ էլ զրկվել է Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից:

Եթե, տեղեկանքի համաձայն, պատգամավորը նախորդ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է, ապա Ազգային ժողովի նախագահը տեղեկանքը ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հրավիրում է ԱԺ խորհրդի նիստ՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցով, եւ անհապաղ գրավոր տեղեկացնում է պատգամավորին:

Պատգամավորի բացակայության դեպքում ԱԺ խորհրդում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով եւ վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից: Նշենք, որ յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ հարցը քննարկվում է առանձին: Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ եզրափակիչ ելույթով: Եթե հարցի քննարկումը սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում ընդունում է, ապա Ազգային ժողովի նախագահն այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է Սահմանադրական դատարան՝ նշելով Սահմանադրական դատարանում հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձի անունը, ազգանունը:

Եթե չի ընդունում, ապա Սահմանադրությանը համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Նշենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեկ անգամ չէ, որ խոսել է այս մասին։ Նա նշել էր, որ փողոցային պայքար ծավալող եւ ԱԺ նիստերից բացակայող ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցում «խիստ է տրամադրված»։

«Ըստ օրենքի՝ նստաշրջանի ավարտից հետո միայն ես կարող եմ այդ հարցը դիտարկել, հարցը խորհրդի նիստին քննարկման դնել եւ դրանից հետո միայն գործընթաց սկսել»,- նշել էր նա։

Հիշեցնենք, որ նստաշրջանն արդեն ավարտվել է, եւ միայն արտահերթ նիստեր են լինելու:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպմանը զրույցն ընթացել է Հայաստան-Իրան բազմակողմանի համագործակցության շուրջ, ինչը խարսխվում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, պատմական ու մշակութային սերտ առնչությունների վրա: Նախանշելով համագործակցության խթանման ուղիները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել  համատեղ ջանքերով շարունակելու երկխոսությունը եւ առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը: Նախագահ Ռայիսին կարեւորել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա ջերմ հարաբերությունների ամրապնդման գործում օրենսդիր մարմինների համագործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական հարաբերություններին եւ ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնց զարգացման նախադրյալները շատ են: Հայկական կողմը մեծապես կարեւորել է էներգետիկ եւ տրանսպորտի բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների արձանագրումը:

 

 

ԳՈՐԾՈՒՂՄԱՆ Է

Հռոմում անցկացվող ՄԱԿ-ի ծերացման հարցերով նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ, հանդիպումներ է ունեցել հայ կաթողիկե եկեղեցու ու հաստատությունների ներկայացուցիչների հետ։ Ինչպես հայտնում են նախարարությունից, հունիսի 15-ին նախարար Մկրտչյանն այցելել է Քահանայապետական Լեւոնյան հայ վարժարան եւ Ս. Նիկողայոս եկեղեցի ու հանդիպել վարժարանի տնօրեն Հ. Նարեկ ծ. Վրդ. Նամոյանին: Նույն օրը նախարարի պատվիրակությունն Անարատ Հղության հայ քույրերի միաբանությունում հանդիպել է նաեւ միաբանության ընդհանուր մեծավորուհի Մ. Արուսյակ Սաճոյանի հետ։ Հանդիպումներին նախարարը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթությունները, կարեւորել տվյալ բնագավառում սփյուռքում գործող կառույցների հետ ջանքերի մեկտեղումը եւ համագործակցությունը։ Նախարարը բարձր է գնահատել միաբանության երկարամյա գործունեությունը՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հայրենակիցների սոցիալական հիմնախնդիրների հասցեագրմանը։

 

 

 

ԹԵԺ ԿԵՏՈՒՄ ԵՆ

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն գտնվում են դիմակայության խիստ թեժ կետում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այժմ մենք գտնվում ենք դիմակայության շատ-շատ խիստ թեժ կետում»,-ասել Է նա: Անցյալ տարվա հունիսին Ժնեւում տեղի Է ունեցել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը, սակայն այժմ, ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Պեսկովը, երկրների միջեւ երկխոսություն, որպես այդպիսին, բացակայում Է:

 

 

 

ՄԻՐԶՈՅԱՆԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է

Գեւորգ Վարդանյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Բացի այդ, 2022 թվականի մարտի 16-ին, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով, կրկին իր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված Gevorg Vardanyan գրառմամբ օգտագործվող էջից News.am կայքի ֆեսբուքային էջի կողմից 2022 թվականի մարտի 15-ին հրապարակված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթի հրապարակման տակ, վերջինիս հանրային գործունեության հետ կապված, հրապարակային եղանակով կատարել է առերեւույթ ծանր վիրավորանք պարունակող սեռական բնույթի անպարկեշտ գրառում: Այսպիսով Գեւորգ Սարգսի Վարդանյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

 

 

ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՎԻՐԱՎՈՐԵԼ ԵՆ

Սարգիս Մաղդեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հաղորդակցական տեխնոլոգիա հանդիսացող www.facebook.com սոցիալական կայքի իր կողմից շահագործվող Sargis Maghdesyan անհատական էջում հրապարակային եղանակով՝ հասարակության լայն շրջանակի համար տեսանելի կարգավորմամբ, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյանի էջից 2022 թվականի մարտի 25-ին ուղղիղ եթերով հրապարակված հոդվածի մեկնաբանություններում նույն օրը՝ ժամը 11:37-ին, Սամվել Բաբայանի հանրային գործունեությամբ պայմանավորված, կատարել է գրառում, այդկերպ դիտավորությամբ հայհոյանք տարածելով՝ ծայրահեղ անպարկեշտ եղանակով ծանր վիրավորանք է հասցրել Սամվել Բաբայանին: Բացի այդ, Սարգիս Հովսեփի Մաղդեսյանը հաղորդակցական տեխնոլոգիա հանդիսացող www.facebook.com սոցիալական կայքի իր կողմից շահագործվող Sargis Maghdesyan անհատական էջում հրապարակային եղանակով՝ հասարակության լայն շրջանակի համար տեսանելի կարգավորմամբ, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյանի էջից 2022 թվականի մարտի 25-ին ուղիղ եթերով հրապարակված հոդվածի մեկնաբանություններում նույն օրը՝ ժամը 3:31-ին, ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հանրային գործունեությամբ պայմանավորված, կատարել է գրառում, այդկերպ դիտավորությամբ հայհոյանք տարածելով՝ ծայրահեղ անպարկեշտ եղանակով ծանր վիրավորանք է հասցրել Հայաստանի Հանրապետության ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին:




Լրահոս