ՄԻՐԶՈՅԱՆԸ ՎԱՃԱՌԵԼ Է ԲՆԱԿԱՐԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դրամական միջոցների ու ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը ներկայացնել: Այս անգամ հերթը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանինն է, որը ներկայացրել է նաեւ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը: Մինչ 2021 թվականը ներկայացնենք նրա 2018, 2019 2020 թվականների տարեկան հայտարարագրերը:

 

2018 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Միզոյանը 49 մլն 700 հազար դրամով բնակարան է գնել եւ 13 մլն 600 հազար դրամով վաճառել է բնակարան: Առուվաճառքի տարի է եղել:

Դրամական միջոցները տարեսկզբին 297 հազար դրամ է կազմել, որը տարեվերջին դարձել է 9 մլն 820 հազար դրամ: Որպես եկամուտ Միրզոյանը 2018 թվականի տարեկան հայտարարագրում նշել է սեփական աշխատավարձը՝ երկու վայրից ստացած, որն ընդհանուր կազմել է 14 մլն 731 հազար դրամ: Բացի այս, նա այդ տարում 34 մլն 790 հազար դրամի փոխառություն, վարկ է ստացել:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշել է, որ երկու բնակարան ունի, որից մեկը ձեռք է բերվել 2018 թվականին Աջափնյակ վարչական շրջանում, իսկ մյուսը՝ 2004 թվականին՝ Շենգավիթում: Տարեսկզբին բանկային հաշվին մնացորդը 8 մլն դրամ է եղել, որը տարեվերջին դարձել է 10 մլն դրամ: Կանխիկ գումարը կազմել է 2 մլն 220 հազար դրամ: 2019 թվականին ստացած եկամուտը երկու վայրից ստացած աշխատավարձն է, որն ընդհանուր կազմել է 17 մլն 815 հազար դրամ: Բացի այս, 2019 թվականի սկզբին Միրզոյանն ունեցել է Kia մակնիշի մեկ ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2016 թվականին, սակայն տարեվերջին չի եղել: Ըստ հայտարարագրի՝ այն նվեր է ստացել Միրզոյանը:

2020 թվականի տարեկան հայտարարագրում գույքային որեւէ փոփոխություն չկա. Միրզոյանն ունի երկու բնակարան՝ մեկը՝ Աջափնյակում, որը գնվել է 2018 թվականին: Բանկային հաշիվներն են պակասել. եթե տարեսկզբին 10 մլն դրամ է եղել, ապա այն տարեվերջին դարձել է 1.6 հազար դրամ:  Փոխարենը կանխիկ գումարն է ավելացել՝ 2 մլն 220 հազար դրամից դառնալով 5 մլն 800 հազար դրամ: Եկամուտը 2020 թվականին կազմել է աշխատավարձը՝ Ազգայկին Ժողովից ստացած, որը ընդհանուր կազմել է 12 մլն 313 հազար դրամ, ամսական՝ 1 մլն 26 հազար դրամ:

Ըստ 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ Միրզոյանը վաճառել է Շենգավիթում ունեցած իր բնակարանը 34 մլն 790 հազար դրամով: Բանկային ավանդը կազմել է 70 հազար դոլար, իսկ բանկային հաշիվներին ունեցած գումարը կազմել է 9 մլն 100 հազար դրամ, 70 հազար 188 դոլար: Կանխիկ գումարը մեկ տարվա ընթացքում ավելացել է՝ 5 մլն 800 հազար դրամից դառնմալով 8 մլն դրամ: 2021 թվականին նա ընդհանուր ստացել է 17 մլն 788 հազար դրամի չափով աշխատավարձ, աշխատավարձի մի հատվածը խորհրդարանից մյուս մասը՝ Արտաքին գործերրի նախարարությունից: Ի դեպ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Արարատ Միրզոյանի ունեցած վարկերի եւ փոխառությունների մնացորդը կազմել է 31 մլն 311 հազար դրամ: Տեղեկացնենք, որ Միրզոյանը ներկայացրել է նաեւ ծախսերի հայտարարագիր, որտեղ նշված է, որ 4 մլն 800 հազար դրամ վարկ է մարել:

Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի հայտարարագրում նշված է, որ մեկ բնակարանի համատեղ սեփականատեր է: Խոսքը Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակարանի մասին է, որն ամուսինները ձեռք են բերել 20118 թվականին: Նախարարի կինը 2019 թվականին 6 մլն 200 հազար դրամով գնել է 2011 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա: Բանկային հաշվին առկա է եղել 571 հազար դրամ եւ 1995 դոլար: Պաշտոնյայի տիկնոջ կանխիկ գումարը եւս մեկ տարվա ընթացքում ավելացել է՝ 290 հազար դրամից դառնալով 1.5 մլն դրամ: Գոհար Աբաջյանը երկու վայրից աշխատավարձ է ստացել.բ «ՎՕԼՕ» ընկերությունից ստացել է 11 մլն 744 հազար դրամ, իսկ 360 հազար դրամ էլ ստացել է «Քուիք Ստարտ»-ից: Գոհար Աբաջյանի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 2 մլն 366 հազար դրամ:

Ս. Հ.

 

 

 

ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՐԱՄԻ ԾԱԽՍԵՐ

Ազգային ժողովի աշխատակազմը հունիսի 3-ին երկու գնման պայմանագրեր է կնքել «Վինո Վինո» եւ «Գագիկովիչ» ՍՊ ընկերությունների հետ խորհրդարանի կարիքների համար արարողակարգի ապահովման նպատակով ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման համար։

Առաջին ընկերության հետ պայմանագիրը արժեցել է շուրջ 2 միլիոն 727 հազար դրամ։ ԱԺ-ն 72 հատ 0,7լ «Նաիրի» կոնյակ է գնել, յուրաքանչյուրի արժեքը՝ 38 հազար 880 դրամ։

2-րդ պայմանագրի արժեքը 2 միլիոն դրամ է կազմել։ Այն վերաբերել է արտասահմանից ժամանող պատվիրակության անդամների տրանսպորտային սպասարկումը ապահովելուն։ Ըստ պայմանագրի՝ 26 նման ուղեւորություն է նախատեսվել։ Ավտոմեքենաները տարբեր են եղել. որոշների դեպքում Mercedes S-class է եղել, Mercedes E-class, Toyota Prado, Toyota Camry, Toyota 300, Toyota 200:

Պատվիրակությունների անդամները ուղեւորվել են Գառնի-Գեղարդ, Ծաղկաձոր, Սեւան, «Զվարթնոց» օդանավակայան, Ստեփանակերտ:

 

 

ՄԵԾ ԹՎՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ ԱՆԿԱՆԽԻԿ

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որից հետո մի շարք գործարքներ պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտման փուլում են:

 

«Օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերի հետ կապված աշխատանքներն ավարտված են: Տնտեսավարող սուբյեկտների անկանխիկ վճարումների ընդունման տեսանկյունից պետական կառավարման մարմինների, բիզնեսների, ֆինանսական կազմակերպությունների կողմից նախապատրաստվել են տերմինալների սերտիֆիկացման նախնական աշխատանքները: Ըստ էության, ֆինանսական կազմակերպություններն այսօր պատրաստ են ակտիվացնել ՀԴՄ սարքերի վրա քարտերով վճարումների ընդունման գործառույթը: Դա չի նշանակում, որ բոլորը պարտադիր պետք է ՀԴՄ-ներով վճարումներն ընդունեն, առանձին պոստտերմինալներ նույնպես կարող են տեղադրել, պարզապես բավական մատչելի է ՀԴՄ սարքերն ակտիվացնելը»,- ասաց Հովհաննես Խաչատրյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը տեղեկացրեց, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը տարածվելու է մի շարք գործարքների վրա: 300 հազար դրամից ավելի բոլոր գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով:

«Այս սահմանաչափի հետ կապված բացառություն են կազմելու գրավատները: Նախատեսվում է, որ հուլիսի 1-ից գրավատները վարկերը տրամադրելու են բացառապես անկանխիկ ձեւով, եթե գումարը գերազանցի 80 հազար դրամը: 2023 թվականի հունվարի 1-ին այդ ցուցանիշը կդառնա 50 հազար դրամ եւ 2024 թվականի հունվարի 1-ից՝ 20 հազար դրամ»,-ասաց Երանուհի Թումանյանցը:

Լրացնելով գործընկերոջ ասածը՝ Հովհաննես Խաչատրյանը նշեց, որ, գրավատներից բացի, վարկատու կազմակերպությունները բացառապես անկանխիկ են վարկ տրամադրում, սակայն վարկերի մարումները կարող են լինել կանխիկ:

Հովհաննես Խաչատրյանը նաեւ տեղեկացրեց, որ կան ոլորտներ, որտեղ անկանխիկ եղանակի համար ավելի ցածր գումարային չափ է  սահմանված: Օրինակ՝ անկախ գումարի չափից՝  անկանխիկ պետք է լինեն նոտարական գրասենյակներին, առողջապահական, կրթական հաստատություններին ուղղված վճարումները: Այստեղ զրո սահմանաչափ է գործում, բոլոր վճարումները պետք է լինեն անկանխիկ:

«Միայն հիվանդանոցների պարագայում այս նորմը հուլիսի 1-ից Երեւանում է ուժի մեջ մտնում, այնուհետեւ մեկ տարի հետո կներգրավվեն մարզկենտրոնները, երկու տարի հետո՝ հանրապետության բոլոր առողջապահական հաստատությունները: Ասեմ, որ, ամեն դեպքում, օրենքը սահմանում է քաղաքացու անկանխիկ վճարելու իրավունք: Եթե քաղաքացին, անկախ գումարի չափից, ցանկանում է վճարել անկանխիկ, ապա պարտադիր պետք է բոլորը ընկերությունները, տնտեսվարողներն ունենան պոստտերմինալներ»,- ասաց Հովհաննես Խաչատրյանը:

Արդյոք այս փոփոխությունները քաղաքացիների, սպառողների համար հավելյալ ֆինանսական բե՞ռ են ենթադրում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշեց, որ նման բան չկա:

«Քաղաքացիների մոտ կա թյուրընկալում, որ եթե քարտով վճարում կատարեն, ապա միջնորդավճար է գանձվելու: Նման կարգավորում չկա, ավելին՝ շատ բանկեր առաջարկում  են որոշակի չափով գումարի վերադարձ, եթե վճարումները կատարվում են անկանխիկ, հետեւաբար քաղաքացու վրա չի դրվում որեւէ ֆինանսական բեռ»,- ասաց Երանուհի Թումանյանցը:

Պատասխանատու կառույցների ներկայացուցիչները նշեցին, որ կառավարության կողմից որդեգրած թվային կառավարման քաղաքականության մի կարեւոր բաղադրիչն անկանխիկ վճարումներն են: «Դուք չեք կարող ցույց տալ մի զարգացած երկիր, որտեղ մեր չափ կանխիկ շրջանառություն կա: Այս փոփոխությունները վերաբերում են եւ՛ հարկային թափանցիկությանը, եւ՛ գործարքների օրինականությանը»,- հավելեց Հովհաննես Խաչատրյանը:

 

 

 

 

Ո՞ՒՐ ԷՐ ՆԱՅՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ

Վարդան Մեջլումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խախտելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 206-րդ հոդվածի 1-ի կետի, ՀՀ հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաեւ 2011 թվականի սեպտեմբերի 08-ին «Հողի բերրի շերտի օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1396-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Կալինինի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 22 տան հարակից՝ Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող 092-0001 ծածկագրով 442,0 քմ մակերեսով տեղամասում, այնտեղ գտնվող հողը հանելու տեղափոխելու, պահպանելու եւ օգտագործելու կանոնները խախտելով, այլ կերպ փչացրել է այն՝ առաջացրել է հողի դեգրադացիա՝ հողի բերրի շերտի ոչնչացում, որի հետեւանքով Դիլիջան համայնքի շրջակա միջավայրին անզգուշությամբ պատճառվել է Էական՝ 4.737.532 ՀՀ դրամի վնաս: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենքսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով։ Վ. Մեջլումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։  Սույն քրեական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատավարություն է ընթանում։

Երկու ամիս՝ 2021 թվականի հուլիս-օգոստոսին, Վարդան Մեջլումյանը կատարել է Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքի հողի բերրի շերտի ոչնչացում. ու՞ր էր նայում, ինչո՞ւ դա չի կանխել   2021թ. փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, 2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջան խոշոր համայնքի ավագանու համամասնական  ընտրություններով ձեւավորված ավագանու  կողմից Դիլիջան խոշոր համայնքի  ղեկավար ընտրված, ՔՊ կուսակցության  անդամ  Դավիթ Սարգսյանը։

 

 

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԷԺԱՆԱՑԵԼ

Իջեւան  խոշոր համայնքի  շատ բնակիչներ   հարց  են տալիս ու դժգոհություն հայտնում, թե  դրամի նկատմամբ   դոլարի եւ եվրոյի փոխարժեքների իջնելուց հետո ինչու  արտերկրից ներկրված հիմնական  սննդամթերքի,  ավտոտրանսպորտի, գյուղտեխնիկայի վառելիքի գները չեն իջնում։ Նրանք դժգոհում են, որ նախկինում այդ ապրանքների թանկացումները պատճառաբանվում էին դոլարի փոխարժեքի բարձրացմամբ, հիմա դոլարը մեծ չափով էժանացել է, ինչո՞ւ ապրանքները չեն էժանանում։ Իջեւան քաղաքում վերջին շրջանում  միայն շաքարավազի գինն է փոքր-ինչ իջել. մեկ կիլոգրամը վաճառվում է 420 դրամով։ 25 կիլոգրամ ալյուրի պարկը վաճառվում է 7400 դրամով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս