Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վարձատրության չափերը կփոփոխվեն: Համապատասխան փոփոխությունն ամրագրված է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծում, որը կազմում է Ընտրական օրենսգրքի մասը եւ ներկայացված է խորհրդարանին:
Առաջարկվում է սահմանել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի աշխատավարձի գործակիցը 14-ն է, իսկ նախագահի տեղակալինը՝ 12: Համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ գործող օրենքի, պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է բազային աշխատավարձի եւ օրենքով նախատեսված գործակցի արտադրյալով: Համաձայն «2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի` պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 ՀՀ դրամ, որը դրանից հետո փոփոխության չի ենթարկվել:
Սա նշանակում է, որ նախագծի ընդունման արդյունքում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կստանա 925 հազար 960 դրամ աշխատավարձ, իսկ նրա տեղակալն էլ՝ 793 հազար 638 հազար դրամ աշխատավարձ:
ԿԸՀ անդամն ու Հաշվեքննիչ պալատի անդամն էլ կստանան 661 հազար 400 դրամ աշխատավարձ:
Ն.Հ.