Մոտ 600 հազար դրամ աշխատավարձ եւ 250 հազար դրամ էլ հավելյալ գումար ստացող ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Էդուարդ Աղաջանյանն այս տարվա ապրիլի 2-3-ը Գորիս է մեկնել պետական բյուջեի միջոցների հաշվին:
ArmLur.am-ը գրել էր, որ նրա հետ միասին Գորիս դարձյալ պետբյուջեի հաշվին մեկնել են պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Սարգիս Խանդանյանը, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Շահբազյանը, Ազգային ժողովի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Էդուարդ Կարապետյանը եւ նույն վարչության անձնագրային սպասարկման բաժնի կրտսեր մասնագետ Էրիկ Մելքոնյանը:
Իսկ ինչու են նրանք ապրիլի 2-ին մեկնել Գորիս. Էդուարդ Աղաջանյանի սոցիալական ցանցի էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, նրան Սյունիք են այցելել Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամների հետ, հանդիպումներ ունեցել: Այլ տեղեկատվություն առկա չէ:
Նշենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ՝ ԱԺ բոլոր պատգամավորները, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը նախատեսված է պատգամավորական գործունեություն իրականացնելու ընթացքում առաջացած ընթացիկ ծախսերը հոգալու համար։ Նշված գումարը հարկման ենթակա չէ։
Եվ ստացվում է, որ անգամ Գորիս գործուղումը պատգամավորները որոշել են ամբողջությամբ կատարել պետական բյուջեի հաշվին, այլ ոչ սեփական՝ դրա համար հատկացված միջոցներից:
Մանրամասները՝ տեսանյութում