Հայ-ադրբեջանական կարգավորման ձգձգումը պարունակում է լուրջ ռիսկեր. Բայրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ձգձգումը պարունակում է լուրջ ռիսկեր։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ միջպետական հարաբերությունների կարգավորման համար բոլոր եռակողմ հայտարարությունների (Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների) ամբողջական և խստիվ իրականացումը բացարձակապես անհրաժեշտ է, և սա է ամբողջ տարածաշրջանի զարգացման բանալին։ Միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձգձգումը բերում է բացասական էֆեկտ՝ հղի լուրջ ռիսկերով»,- ասել է նա։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու գործընթացը չի կարող դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ձևաչափի պատանդը, ասել է Բայրամովը։

«2022 թվականի փետրվարից հայտնի պատճառներով Մինսկի խմբի համանախագահների փոխգործակցության ձևաչափը լիովին կաթվածահար է եղել… Այս իրավիճակում ադրբեջանական կողմի դիրքորոշումն այն է, որ առաջնահերթ (Հայաստանի հետ հարաբերությունների) կարգավորումն է, տարածաշրջանում երկարաժամկետ, կայուն խաղաղության ձեռքբերումը։ Եվ այս պրիզմայից գործընթացը չի կարող լինել ձևաչափի պատանդ։ Մենք չենք կարող կենտրոնանալ «գոյություն չունեցող» (չակերտները՝ Tert.am) ձևաչափի վրա»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

Միաժամանակ Բայրամովը նշել է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ շփումներից և փոխգործակցությունից։ Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո միջնորդներին խնդրել են հետկոնֆլիկտային իրավիճակում գործողությունների ծրագիր ներկայացնել։

«Դրանից հետո Մինսկի խմբի հետ շփումները շարունակվել են ևս մեկ տարի, սակայն, ցավոք, համանախագահներից առաջարկներ չեն ստացվել»,- հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը։




Լրահոս