Չնայած ՔՊ-ի ճնշումներին՝ Վանաձորի ավագանու անդամները շարունակում են բոյկոտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի քաղաքապետարանը երեկ՝ հունիսի 23-ին, արտահերթ նիստ էր նախաձեռնել, ինչը սակայն Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիք» խմբակցության անդամների բոյկոտի պատճառով տեղի չի ունեցել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է եղել համայնքի սուբվենցիոն ծրարգերն ու տարեկան բյուջեն հաստատելու հարցը:

Ավագանու «Հայրենիք» խմբակցության անդամ Վահե Դոխոյանն ասում է, որ իրենք դեմ չեն, որ թե՛ բյուջեն, թե՛ սուբվենցիոն ծրագրերը հաստատվեն ավագանու կողմից, բայց մինչև այդ պետք է ավագանու գործունեության կանոնակարգը հաստատել: Իսկ դա հաստատելու համար իրենց խմբակցությունը դեռ մարտ ամսին է նիստ հրավիրել, ինչը քաղաքապետարանի աշխատակազմը մերժել է՝ պատճառաբանելով, որ նիստ հրավիրելը իրավազոր չէ:
«Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք, որ այս պահին նիստ գումարելն հակաօրինական է, քանի որ համայնքը չձևավորված չէ: ՏԻՄ օրենքով՝ համայնքը ձևավորված է համարվում այն ժամանակ, երբ բնակիչն ավագանի, ավագանին համայնքի ղեկավար է ընտրում, ու ընտրված ղեկավարն ավագանու հետ մեկտեղ ձևավորում է ապատասխանատու կաբինետը, այդ թվում՝ խոշորացված համայնքի բնակավայրերի պատասխանատուներն են նշանակվում, որոնք էլ ներկայացնում են գյուղական կամ համայնքային կարիքները: Իսկ ի՞նչ է համայնքային բյուջեն, այն համայնքային կարիքների ֆինանսական փաստաթուղթ է:Հարց՝ հիմա ո՞ վ է ներկայացրել այդ կարիքները, ո՞վ ունի դրա իրավունքը, եթե այս պահին վարչական շրջանները ղեկավարներ չունեն, իսկ քաղաքապետարանն անգամ կնիք չունի և այլն և այլն: Այսինքն՝ համայնքապետարանն իրավաբանական անձի կարգավիճակ դեևս չունի»,- մեկնաբանում է Դոխոյանը:

Ավագանու անդամներից շատերն են սպասում, որ դատարանը եկող ամսվա մեջ կհանի ավագանու նիստ գումարելու արգելանքը, ու ինչպես օրենքից է բխում՝ հերթական նիստին, այսինքն՝ առաջին նիստին, որն ի դեպ մինչև այս պահը չի կայացել, կընտրվի համայնքի ղեկավար: «Դրանից հետո արագ ձեռնամուխ կլինենք համայնքային բոլոր հարցերին լուծումներ տալ՝ թե՛ բյուջեն, թե՛ սուբվենցիոն ծրագրերը հաստատելու: Մենք մեր գործունեության ոչ մի փուլում չենք ասել, որ եթե քաղաքապետը մեր սրտով չլինի, չենք աշխատելու: Մենք ասում ենք՝ քաղաքապետը թող ընտրվի օրինական քաղաքապետ, ժողովրդավար սկզբունքները հաշվի առնելով, ինչից հետո կաշխատենք ու կհամագործակցենք ընտրված համայնքապետի հետ»,- հավելում է մեր զրուցակիցը:

Ուշագրավ է, որ 2021-ի դելտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրություններից հետո մինչև օրս քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», չհաշտվելով ընտրության արդյունքների հետ, այնուամենայնիվ՝ Վանաձորում չի կարողանում լիարժեք իշխանություն ձևավորել: Թեև «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու, Վանաձորի նախկին քաղաքապետ Ասլանյանն այս պահին կալանավորված է, (ինչն, ի դեպ, որպես քաղաքական հետապնդում է որակվում), Վանաձորն էլ համայնքի ղեկավարի պարտականությունները կատարողներ ունի, ամեն դեպքում, Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը, փաստացի, չի կառավարվում. ո՛չ բյուջե ունի, ո՛չ՝ հաստատված աշխատակազմ: Բացի այդ՝ ՔՊ-ականներին չի հաջողվում ճնշումներ բանեցնելու միջոցով համոզել ավագանու մեկ-երկու անդամի, որ բավարար ձայներ ապահովեն, ու իրենց ցանկալի թեկնածուն քաղաքապետ ընտրվի: Նշենք, որ ձայների հարաբերակցությունն այստեղ 17/16 է՝ հօգուտ Մամիկոն Ասլանյանի:

Ս.Վ.




Լրահոս