2020-ի հունվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանում գործարկվել է ներդրումների աջակցման կենտրոնի «Մեկ պատուհան» համակարգը։ «Այն Հայաստանում ներդրումներ իրականացնելու մտադրություն ունեցող տեղացի և օտարերկրյա գործարարներին կուղեկցի ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներում և կտրամադրի համալիր աջակցություն մի շարք ուղղություններով՝ սկսած տվյալ ոլորտի հնարավորություններից և պայմաններից մինչև ծրագրի ընթացքում առաջացած խնդիրներին օպերատիվ արձագանքում»,- ասում էր Փաշինյանը։
Իրականությունը, սակայն, այլ էր, ու ներդրողները «Մեկ պատուհանի» «բարիքներից» այդպես էլ չօգտվեցին ու մինչև այժմ էլ չեն օգտվում։ Պատճառն առավել քան ակնհայտ է. «Մեկ պատուհան» սկզբունքի անունը կա, ամանում չկա։ Տնտեսագետ Կարեն Սարգսյանն ասում է, որ ներդրումների «Մեկ պատուհան» սկզբունքը գործնականում չի կիրառվում։
«Էկոնոմիկայի նախարարության կազմում այն գործում է, բայց գործառույթը, որ պետք է իրականացնի ներդրումի սկզբից մինչև գործարկում և սպասարկում, չի գործում։ Նախ պետք էր գործարկել էլեկտրոնային հարթակ, որ ներդրողներն այդ գործառույթներին ծանոթանան, պետական պաշտոնյաների հետ շփումները հնարավորինս կրճատվեր, բյուրոկրատական քաշքշուքները վերացվեին, ապա նոր մտածեին «Մեկ պատուհանի» մասին։ Այսինքն՝ «Մեկ պատուհանը» ձևավորվել է, բայց ներդրումային պահանջներին չի համապատասխանում»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը։
Ըստ տնտեսագետի՝ եթե ուսումնասիրենք միջազգային փորձը, ապա կտեսնենք, որ ներդրողն առհասարակ որևէ կապ չի ունենում պաշտոնյայի հետ ու զերծ է մնում բյուրոկրատական քաշքշուքներից։
Ստացվում է՝ Փաշինյանի ներդրումային «Մեկ պատուհանի» մասին հայտարարությունը հերթական սուտն է եղել։