Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը շնորհավորել է կուսակցության հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ և կարևորել վերջինիս դերը հայ ժողովրդի պատմության մեջ:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԱԿ-ն առաջիկայում առավել ակտիվ կշարունակի գործունեությունը Սփյուռքում և Հայրենիքում:
Միքայել Խարապյանը նշել է, որ Ռամկավար ազատական կուսակցությունն իր աջակցությունն է վերահաստատում Հայաստանի կառավարությանը՝ ի նպաստ Հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծման և առաջընթացի: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՌԱԿ գործունեությանը և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի: