Գյումրին նախատեսում է բազմաֆունկցիոնալ տեխնիկա գնել սուբվենիցիոն ծրագրի շրջանակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսվում է թարմացնել Գյումրի համայնքի ավտոպարկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրին վերջին տարիներին նորացնում է տեխնիկան. 2018 թվականից սկսած համայնքը ձեռք է բերել 2 ինքնաթափ, 3 աղբատար մեքենա-սարքավորում, 1 Էքսկավատոր-ամբարձիչ, ինչպես նաև 6 աղբատար, 1 վակումային, 4 կոմբինացված և 1 գրեյդեր մեքենա։ Ընդհանուր 480 մլն 455 հազար դրամ արժողությամբ ծրագրի կառավարության համամասնությունը կազմում է 50%։ Եվս 23 միավոր տեխնիկա և 3 միկրոավտոբուս էլ համայնքապետարանը սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերել 2020 թվականին՝ կրկին կառավարության 50 տոկոս աջակցությամբ։ 2022 թվականին 3 միավոր բազմաֆունկցիոնալ տեխնիկա է նախատեսվում գնել սուբվենցիոն ծրագրով:

Սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակներում «Կարմիր գլխարկ» մանկապարտեզում 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում տեղադրվել է 16 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայան՝ 30 մոդուլներով։ 7 մլն 474 հազար դրամ արժողությամբ ծրագրի գումարի 60%-ը կառավարությունն է տրամադրել, մնացած գումարը համայնքային բյուջեից է հատկացվել։ Մանկապարտեզը 2022-ի սուբվենցիոն ծրագրերից ևս կօգտվի, նախատեսվում է վերանորոգման աշխատանքների իրականացում։ Այս ծրագրին կառավարության աջակցությունը 70% է։

Խնդիրներ կան Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի հրապարակի հետ կապված՝ 2018 թվականից մեկնարկած շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ «Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի հրապարակի կազմակերպում և բարեկարգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 105 մլն 484 հազար դրամ է, որից կառավարության համամասնությունը կազմում է 30%։ Աշխատանքներն իրականացրել է «Վահրադյան Շին» ընկերությունը։ Քանի որ շինարարական աշխատանքները ավարտված չեն, գումարն ի պահ տրամադրվել է Գյումրի համայնքին:

«Արմենպրես»-ին Շիրակի մարզպետարանի հասարակայնության ու տեղեկատվության բաժնից տեղեկացրին, որ մարզի համայնքներում, այդ թվում՝ Գյումրիում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մարզպետի ուշադրության ներքո են:

«Մարզպետի հանձնարարությամբ ոլորտային պատասխանատուները հետևում են ծրագրի ընթացքին: Օրերս էլ մարզպետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գյումրու համայնքապետարանում՝ անդադրադառնալով համայնքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերին և արձանագրված բացթողումներին։ Հանդիպմանը մասնակցել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ոլորտային պատասխանատուներ»,- տեղեկացրեց բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը։




Լրահոս