Այսօր Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու օնլայն ասուլիսով։ 2022 թվականին սա վարչապետ Փաշինյանի առաջին մամուլի ասուլիս է լինելու, սակայն ուշագրավ է , որ նախկինում կորոնավիրուսով պայմանավորված էին մամուլի ասուլիսներն առցանց ձևաչափով ընթանում, սակայն այժմ եւս ոճը չփոխվեց։
Մինչդեռ, նա նախկինում տարբեր առիթներով պարբերաբար խոսում էր բաց և թափանցիկ կառավարման, հանրության հանդեպ հաշվետվողականության մասին՝ համարելով դրանք իր ու իր քաղաքական թիմի կարևորագույն սկզբունքները:
Մասնավորապես, 2019 թվականի մարտի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել էր․ «․․․Այս ասուլիսների ձևաչափի կարևորագույն նպատակն է, որպեսզի ես անձամբ, կառավարությունը, մենք բոլորս, իմ ընտանիքը լինենք 100 տոկոս թափանցիկ և հաշվետու մեր հանրության առաջ»:
Այժմ մի քանի թվեր ներկայացնենք, որոնք կներկայացնեն, թե ինչպես է փոխվել Փաշինյանի շփումը լրատվամիջոցների հետ։
Փաշինյանն իր կառավարման առաջին տարում՝ 2018-ին, 9 անգամ է հարցազրույց տվել, 2019-ին՝ 17, 2020-ին՝ 34, իսկ ահա 2021-ին՝ ընդամենը 5: Նշենք նաև, որ իր վարչապետության երեքուկես տարիներին Փաշինյանն ավելի քան 50 անգամ հարցազրույց է տվել միջազգային ԶԼՄ-ներին և միայն 13 անգամ՝ տեղական մամուլին:
Վարչապետն իր պաշտոնավարման ընթացքում ունեցել է 6 մեծ ասուլիս, որոնք անցկացվել են ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Վանաձորում, Կապանում:
2020-ին վարչապետը 23 ճեպազրույց է ունեցել, որոնք մեծամասամբ վերաբերել են COVID-19-ով պայմանավորված իրավիճակին։ 2019-ին Փաշինյանն ունեցել է՝ 8, 2018-ին՝ 10 ճեպազրույց:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հանրության առջև «թափանցիկ, հաշվետու ու բաց» կառավարման խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այժմ խուսափում է շփվել նրանց հետ։
Հավելենք, որ մեծ թվով լրատվամիջոցներ բոյկոտել են այսօր կայանալիք ասուլիսը, հարց չեն ուղարկել են եւ չեն պատրաստվում լուսաբանել այն։
Նաիրա Հովհաննիսյան