«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի քննարկմանը շահագրգիռ կողմերը չեն եղել. կազմակերպություններն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 21-ին ավարտվռլ է պաշտոնական e-draft.am հարթակում տեղադրված` «Տեսալսողական մեդիայի մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ներկայացման ժամկետը։

Հետաքրքիր է, որ առայսօր դրա վերաբերյալ արձանագրվել է 0 կողմ և 0 դեմ ձայն։ Մինչդեռ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հեղինակած այս օրենսդրական նախաձեռնությունը, որին մասնակցել են նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, Հանրային հեռարձակողի խորհուրդը և «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն, խոր մտահոգություն է առաջացրել տասնյակից ավելի մասնագիտացված լրագրողական կազմակերպությունների շրջանում, ընդ որում՝ և՛ օրինագծի բովանդակության, և՛ դրա մշակման ու ներկայացման գործընթացի առումներով։ Այդ գործընթացում որևէ կերպ չեն ներգրավվել լրագրողական հասարակական կազմակերպությունները

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքով ենթադրվում է փոփոխություններ իրականացնել ոլորտին վերաբերող 7 այլ օրենքներում, այդ թվում` ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող «Զանգվածային լրատվության մասին» մայր օրենքում։ Լրագրողական մի քանի կազմակերպություններ ուսումնասիրել են օրենքը եւ մեծ թվով թերություններ գտել:

Օրինակ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքից հանվում է 1-ին հոդվածի 5-րդ կետի 4-րդ մասը, ինչով, փաստորեն, կարգավորումներից դուրս են մղվում մասնավոր մուլտիպլեքսի սլոթ օգտագործող հեռուստաընկերությունները։  Կամ․երբ պարտադրվում է հեռուստանյութերում հստակ տարանջատել փաստերը կարծիքներից, ինչը գերազանցապես ինքնակարգավորման խնդիր է, արդյո՞ք ՀՌՀ-ն ի վիճակի է լինելու վերհանել ահռելի տեղեկատվական հոսքից այդ պահանջի բոլոր խախտումները և պատասխանատվության ենթարկել դրանց հեղինակներին։

Հասարակական կազմակերպությունները նաեւ ընդգծում են, որ վերոնշյալ օրինագծի պատրաստումն ու առաջադրումը, իր բովանդակությամբ հանդերձ, հակասում են նաև ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ արդարադատության նախարարության ու 11 լրագրողական կազմակերպությունների կողմից նախաձեռնած կարևորագույն գործընթացին, ըստ որի՝ համատեղ ուժերով պետք է նախապատրաստվի Հայաստանի ինֆորմացիոն ոլորտի զարգացման և մեդիա օրենսդրության բարեփոխումների հայեցակարգ, և այդ փաստաթղթում ներառված հիմնարար սկզբունքները պետք է ծառայեն ժամանակակից միջազգային նորմերին համապատասխանող նոր օրենքների մշակմանն ու ընդունմանը։ Դրա վերաբերյալ ապրիլի 19-ին ստորագրվել է համագործակցության եռակողմ Հուշագիր։

Այսպիսով, հասարակական կազմակերպություններն առաջարկում են՝

– ԲՏԱ նախարարությանը՝ հետ կանչել պաշտոնական e-draft.am հարթակում ներկայացված օրինագծերի փաթեթը, շահագրգիռ պետական և հասարակական կառույցների հետ մասնագիտական բաց քննարկումներ կազմակերպել հեռարձակման ոլորտի օրենսդրական կարգավորումները կատարելագործելու ուղղությամբ։

– ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին և ՀՀ արդարադատության նախարարությանը, հարազատ մնալով լրագրողական կազմակերպությունների հետ համագործակցության Հուշագրի դրույթներին, աշխատանքներ տանել ԲՏԱ նախարարության հետ, որպեսզի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ենթադրվող փոփոխությունների իրականացումը համապատասխանեցվի համագործակցության Հուշագրով նախատեսված գործընթացներին՝ ներկայումս մշակվող հայեցակարգի սկզբունքներին համահունչ։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս