
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալի Ա. Մ.-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր դիտավորությամբ չներկայացնելու համար:
Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալը դատապարտվել է 1 տարի ժամկետով ազատազրկման, զրկվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, սակայն նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:
Ավելի վաղ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացվել են Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Մ.-ի կողմից հայտարարագիրը հիշյալ հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու վերաբերյալ փաստաթղթերը:
Որպես քրեական գործ հարուցելու առիթ՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ դրանք ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով 2022թ. մարտի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: