ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ՝ ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հարազատները, ընկերները, գործընկերներն ու արվեստի երկրպագուները հունիսի 16-ին եկել էին մայր թատրոն՝ մեծ վշտով վերջին հրաժեշտը տալու արտիստին:

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Էլբակյանը, խոսելով մեծ արտիստի մասին, նշեց, որ նա հայ կինոյում եւ թատրոնում միշտ առանձնացել է իր ինքնատիպությամբ. «Նա ե՛ւ իսկական արտիստ էր, ե՛ւ իսկական քաղաքացի, հայ ինտիլիգենտ, բարեկիրթ եւ շատ բազմերանգ: Նրա կերտած յուրաքանչյուր կերպար շատ հետաքրքիր գեղարվեստական բույր ունի: Կերպարները մնում են մարդկանց հիշողությունների մեջ: Հեռուստատեսությամբ հեռարձակվող վերջին ֆիլմը, որ խաղաց, «Պատվի համարը», թվում է, թե շատ անխոս կերպար է, բայց ինչ վարպետությամբ է խաղում, ինչպես է կարողանում ամբողջացնել եւ լցնել կերպարը՝ զարմանալի է»,-նշեց նա:
Իսկ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանն ասաց, որ մեծ ճանապարհ է անցել Ռաֆայել Քոթանջյանի հետ. «Ի՞նչ կարող եմ ասել. կորցրել եմ թանկ խաղընկեր, թանկ մարդ, մեծ արվեստագետ: Առաջին անգամ, երբ ոտք եմ դրել թատրոն, խաղացել եմ հենց նրա հետ: Շատ կիրթ էր, իմաստուն, գրագետ: Մեծ ցավ եմ ապրում նրա կորստյան համար. դա միայն մեր կորուստը չէ, այլ ողջ հայ ժողովրդի կորուստն է»,-ասաց նա:
Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 9-ին Թբիլիսիում: 1946 թվականին տեղափոխվել է Երևան։ 1960-1964 թվականներին սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1964-1966 թվականներին որպես դերասան եւ ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսեր Մոսկվայում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երեւանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան եւ ռեժիսոր։
Խաղացել է «Սատանայի ջրաղացը», «Մոռանալ Հերոստրատին», «Մերկ թագավորը», «Մեծ լռություն» եւ մի շարք այլ ներկայացումներում:
Ռաֆայել Քոթանջյանն իր յուրահատուկ խաղով հանդես է եկել «Ադամանդե ձեռքը», «Տղամարդիկ», «Մաքսանենգություն», «Երեքի սրտերը», «Սպանություն Սանշայն-Մենորում», «Երեքի սրտերը 2», «Զվարճալի ուղեւորություն», «Ծովահենների թագավորությունը», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Ռոքսոլանա», «Կախարդուհու յոթերորդ մատանին», «Սերը չար է», «Քաոս» եւ մի շարք այլ ֆիլմերում:
Դերասանին վերջին հրաժեշտը տալու էր եկել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Արտիստը կյանքից հեռացել է հունիսի 13-ին: Նա 79 տարեկան էր:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԹԱՏՐՈՆԸ ՆՇԵԼ Է ԱՔՄԱՔՉՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸ

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ներկայացուցիչները հունիսի 15-ին հավաքվել են ՀՀ վաստակավոր արտիստ Սոկրատ Աքմաքչյանի հուշաքարի մոտ՝ նշելով ռեժիսորի 100-ամյակը:

Հիշատակի եւ գնահատանքի խոսք է ասել թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։ ՀՀ ժողովրդական արտիստներ Հակոբ Ազիզյանն ու Ռոզա Մխիթարյանը ընդգծել են Աքմաքչյանի բեմադրությունների կարեւորությունը իրենց՝ որպես դերասանի կայացման գործում։
Նույն օրը՝ երեկոյան, թատրոնում ներկայացվել է Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի» բեմադրությունը։
Սոկրատ Աքմաքչյանը ծնվել է 1922 թվականին Ղարաքիլիսայում: Նրա հայրը՝ Վռամ Աքմաքչյանը, սիրում էր թատրոնը, բայց հեռու էր բեմարվեստից։ Պապը՝ Արշակը, հայտնի էր որպես անուղղելի թատերասեր, որը շատ անգամ ամառանոցային Ղարաքիլիսա քաղաքը ժամանող հայ արտիստների հետ հանդես էր գալիս ներկայացումներում։
Սովորել եւ ավարտել է Վանաձորի Վազգեն առաջինի անվան թիվ 1 դպրոցը։ 1940 թվականին Սոկրատ Աքմաքչյանը զորակոչվել է բանակ, ծառայել Մերձբալթիկայում, ուր սահմանապահների հետ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Այնուհետեւ առողջական վիճակի վատթարացման պատճառով զորացրվելով՝ վերադառնում է հայրենի քաղաք եւ աշխատանքի անցնում թատրոնում։
Ավարտել է Երեւանի թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, այնուհետեւ աշխատանքի է անցել Կիրովականի թատրոնում:
1949 թվականի վերջին Սոկրատ Աքմաքչյանը Կիրովականի թատրոնում բեմադրում է իր դիպլոմային ներկայացումը՝ Ա. Մովզոնի «Կոնստանտին Զասլոնովը», եւ նույն տարին ընդունվում է այդ թատրոն որպես ռեժիսոր։ Յոթ տարի անց նա դառնում է թատրոնի գլխավոր ռեժիսոր՝ իր ռեժիսորական գործունեության տարիներին բեմադրելով 14 ազգությունների դրամատուրգների 40-ից ավելի պիեսներ։ Սոկրատ Աքմաքչյանը մահացել է 2002 թվականին:

 

 

 

 

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՖԱՎՈՐԻՏՆԵՐԸ
Նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտը Բրազիլիայի հավաքականն է՝ ըստ բուքմեյքերների։ Բրազիլիայի չեմպիոնության գործակիցը 5.80 է։ Անգլիայի եւ Ֆրանսիայի շանսերը գնահատվում են հավասար 7.00 գործակցով։ Իսպանիայի եւ Արգենտինայի չեմպիոնության գործակիցը 9.00 է։ Գերմանիայի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 10.00 գործակցով, Բելգիայինը՝ 12.00, Պորտուգալիայինը եւ Նիդեռլանդներինը՝ 13.00։ Եզրափակիչ մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 21-ին, կավարտվի դեկտեմբերի 18-ին։ Կմասնակցի 32 հավաքական:

 

 

 

 

ԿՐԿՆԱԿԻ ԲԱՐՁՐ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստ է եղել Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Օրելիեն Տչուամենիին վճարել 2 անգամ բարձր աշխատավարձ, քան Մադրիդի «Ռեալը». հաղորդում է Goal.com-ը։ «Մոնակոյից» հեռացած 22-ամյա խաղացողին փարիզյան ակումբն առաջարկել է տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն Տչուամենին նախընտրել է Արքայական ակումբը, որտեղ կստանա 6-7 միլիոն եվրո։

 

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
Իտալիայի չեմպիոն «Միլանի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը միլանյան ակումբի հետ. հաղորդում է իտալական La Stampa-ն։ «Միլանը» 23-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է աշխատավարձի զգալի բարձրացում եւ պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչեւ 2026թ. հունիս։ Ֆուտբոլիստն ու նրա գործակալները պատրաստ են շարունակել բանակցությունները տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո։ Լեաուի գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։ Անցած ակումբային մրցաշրջանում Լեաուն մասնակցել է 42 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

 

 

 

ՉԱՎԻՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի հեռանալուց հետո ակումբի ղեկավարությունից պահանջել է ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» եզրային պաշտպան Սեսար Ասպիլիկուետային. հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ Անգլիական ակումբի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը փորձում է համոզել 32-ամյա իսպանացի ֆուտբոլիստին չհեռանալ թիմից։ Սեսար Ասպիլիկուետայի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս։ Անցած մրցաշրջանում նա անգլիական թիմի հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։




Լրահոս