Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծություն/ կանխատեսումներով՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվով Հայաստանը 2019 թվականին գերազանցել է Վրաստանին եւ 2020 թվականին կգերազանցի Ադրբեջանին: Այս հայտարարությունը 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում արել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ ի՞նչ իրավիճակ ունենք իրականում: Հայաստանում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը 2020 թվականին կազմել է 4 012 դոլար։ Հետխորհրդային երկրների շարքում այդ ցուցանիշով առաջատարը Էստոնիան է՝ 19 736 դոլար։ Իրականությունն այն է, որ Հայաստանը բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է մնացել ինչպես Վրաստանից, այնպես էլ Ադրբեջանից. ՀՀ-ում այն հավասար է 4622.7, Վրաստանում՝ 4769.2, եւ Ադրբեջանում՝ 4793.6։ Գալով այդ ցուցանիշի գնողունակության պարիտետով նշանակությանը՝ այստեղ եւս ՀՀ-ն զիջում է ե՛ւ Վրաստանին, ե՛ւ Ադրբեջանին։ Ցուցանիշներն այսպիսին են` Հայաստան՝ 14219.6, Վրաստան՝ 15636.6, եւ Ադրբեջան՝ 15000.8։ Ստացվում է՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իրականություն չեն դարձել, եւ նա հերթական անգամ խաբել է ՀՀ քաղաքացիներին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի շուրջ (որը կրկին զբաղվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի փաստացի ղեկավարմամբ) դժգոհություններ կան: «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած աշխատակիցները նշում են, որ Չարչյանի պահվածքն ու առաջ քաշած կանոնները խիստ անընդունելի են: Մասնավորապես՝ նույն մարդկանց խոսքով՝ նա ասել է, թե յուրաքանչյուր հիվանդից որքան է վճարելու հիվանդանոցին, որքանը պիտի իրեն պահի: Բացի այդ, դժգոհություններ է առաջացրել նաեւ փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, որը Չարչյանի մտերիմներից է: Այս անգամ դգոհությունները կապված են նաեւ նրա վարքի հետ, եւ նշվում է, որ վերջիններս կարծես թե վերեւից են նայում մյուս աշխատակիցներին, ժողովների ժամանակ կոպիտ խոսում, «մատ թափ տալու» ոճով շփվում բոլորի հետ: Այսինքն՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում անառողջ մթնոլորտ է: Աշխատակիցների բողոքի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Արմեն Չարչյանից։ Նա նախ խնդրեց մի փոքր ուշ զանգահարել, ապա ամբողջ օրը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին եւ նամակներին: Պատրաստ ենք հրապարակել նաեւ նրա տեսակետը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի քաղաքացիական կնոջ կողմից՝ իրեն ծեծի ենթարկելու հայտարարությունը հասավ ԱԱԾ: Մասնավորապես, պատգամավոր Բաքոյանի քաղաքացիական կինը ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով. «Ռուստամ Բաքոյանն ինձ ասել է՝ ինչ ուզում ես, հրապարակի՛ր. մեր դեմ խաղ չկա»: Ըստ կնոջ՝ Բաքոյանը ծեծել է իրեն, գումար պահանջել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հերքել էր տեղեկությունը՝ նշելով. «Երկու բան ունեմ ասելու, նախ՝ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, երկրորդ՝ գործը դատախազությունում է, ուսումնասիրման փուլում է: Ես դիմել եմ, ինձ կտեղեկացնեն՝ գործն արդեն ուսումնասիրում են, թե ոչ: Այսքանը կարող եմ ասել»: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքից տեղեկանալու, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Այդ հրապարակումն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ՝ դրանում նշված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու համար»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում երեկվանից ակտիվորեն քննարկվում է Ապարանի կրակոցների հարցը: Մասնավորապես, կոնկրետ բարձրացվել է իրավապահների անգործության կամ իրավիճակին չտիրապետելու հարցը: Բանն այն է, որ, պաշտոնական տեղեկությունների համաձայն, Ապարանում միջադեպի մասնակիցները մի քանի օր շարունակ խնդիրներ են ունեցել միմյանց հետ, տարբեր տեղերում հանդիպել, հաշիվներ են պարզել, եւ վերջնարդյունքում տեղի է ունեցել մարդասպանություն: Ակտիվորեն քննարկվում է, թե որ մարմնի որ ղեկավարի անգործության պատճառով տեղի ունեցան կրակոցներ, ինչու իրավապահ համակարգի ներկայացուցիչներին չի հաջողվել մի քանի օր շարունակ ընթացող բախումները վերահսկել, որ իրավիճակն այդպիսի հանգուցալուծում չունենար: Հիշեցնենք, որ հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ. նրանից մեկի վիճակը եւս ծանր է: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 32-ամյա տղամարդն է իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: