ՇԱՏ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ Է ՌԴ-ԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 9-ին ՀՀ կատարած աշխատանքային այցից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան: «Ակնկալվում է դիտարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ողջ համալիրը՝ համաձայն փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ստորագրված դաշնակցային փոխգործակցության հռչակագրի դրույթների»,- հայտնել է Զախարովան:

 

Նա նշել է նաեւ, որ նախարարները քննարկելու են տարածաշրջանային ու միջազգային ակտուալ հարցեր, հատուկ ուշադրություն է հատկացվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների՝ կյանքի կոչման ընթացքին:

Ի վերջո, ի՞նչ են նշանակում այս հանդիպումներն ու Հայաստանից եւ Ադրբեջանից եկող իրարամերժ հայտարարությունները:

Այս հարցերի շուրջ զրուցել ենք ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովի հետ:

-Պարո՛ն Սկակով, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Սերգեյ Լավրովը ՀՀ այցից հետո մեկնում Ադրբեջան:

– Երեւան այցից հետո Լավրովը պետք է մեկներ Բաքու, այսպես է ինչպես հեռախոսազրույցների, հրավերների, ընդունելությունների, այնպես էլ ՌԴ նախագահի՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների շփումների դեպքում: Բացի արարողակարգային պարիտետը պահպանելու խնդրից, կան բազմաթիվ ուղղություններ, որոնց շուրջ ռուս-ադրբեջանական քննարկումները պետք է շարունակվեն: Այստեղ մեծ է Բրյուսելի ակտիվ դերակատարության գործոնը, սա ստիպում է գոնե ՌԴ ԱԳՆ ղեկավարին ավելի ակտիվ լինել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ փաստաթղթերի իրականացման ուղղությամբ, այդ փաթեթները եթե չիրագործվեն կամ անուշադրության մատնվեն, ապա դրանք կիրագործվի Բրյուսելում, հատկապես, երբ Բրյուսելը դրա հիմքերը դրել է:

-Իսկ ի՞նչն է լինելու հանդիպման օրակարգը: Երեւանում Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարություններն ինչի՞ մասին են խոսում:

-Երեւանում ՌԴ ԱԳ նախարարը նաեւ ցանկություն հայտնեց նպաստել կողմերի միջեւ Խաղաղության համաձայնագրի բանակցություններին: Մյուս ուղղությունը սահմանազատումն է, որը, որքան հասկանում ենք, ընթանալու է Մոսկվայում եւ Բրյուսելում, այսինքն՝ այս հարցում այլեւս Մոսկվան մենաշնորհ չունի: Եթե դիվանագիտությունը պասիվանա, ապա գործընթացների լուսանցքում կհայտնվի Ռուսաստանը: Բացի այդ, կա տեղում խաղաղապահ կոնտինգենտ, հարցեր՝ նրանց աշխատանքի հետ կապված, թե՛ Երեւանի կողմից, թե՛ Բաքվի. այս հարցով եւս կա անելիք: Ահա քննարկվելիք հարցերի շրջանակը, որը կուտակվել է աշխարհաքաղաքական ակտիվ գործընթացների հետեւանքով:

-Իսկ, ըստ Ձեզ, խաղաղության օրակարգը որքանո՞վ է հնարավոր, եւ ո՞րն է ՌԴ-ի դերակատարումը:

-Գործընթացը Երեւանի ու Բաքվի միջեւ բավականին փակ է ընթանում՝ չնայած նաեւ այն հանգամանքին, որ վաղուց նկատվում է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջեւ որոշակի համակարգում: Գործընթացից, հայտարարություններից երեւում է, որ փակ պրոցեսներ են ընթանում. դա ապացուցելը չափազանց բարդ է: Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մի քանի հանդիպում են ունեցել Բրյուսելում, ցանկանում են արագացնել գործընթացը, քանի որ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում, ամեն պահի աշխարհում, ռեգիոնում ինչ-որ բան է փոխվում, եւ կողմերն այս ամենում ունեն իրենց ավելի մեծ ու փոքր նպատակները: Երեւանն ու Բաքուն պետք է սահմանազատում իրականացնեն, ավտոմոբիլային ճանապարհի շուրջ կա համաձայնություն, իսկ Ղարաբաղյան հարցում ՀՀ-ն կարծես չկա, Ղարաբաղում ռուս խաղաղապահներն են կանգնած. դա է այսօր ԼՂ կարգավիճակը, եւ շատ բան կախված է հենց Ռուսաստանից:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՎՆԱՍ՝ ՏՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Վերջին 2 ամսում դոլարի գինն իջել է ավելի քան 15 տոկոսով։ Մարտի վերջի-ապրիլի սկզբի համեմատ՝ դոլարն էժանացել է մոտ 60 դրամով։ Ազգային արժույթի՝ դրամի նկատմամբ դոլարի արժեզրկման դեպքում նվազել է նաեւ դրամի գնողունակությունը։ Դրամի արժեւորման եւ դոլարի արժեզրկման հետեւանքով մեծ խնդիրների առաջ են կանգնած ՏՏ ոլորտի ընկերությունները: Այսօր Հայաստանում գործում է 1000-ից ավելի ՏՏ ընկերություն: Դրանցից մոտ 100-ն են խոշոր ընկերություններ, որոնք ինչ-որ կերպ կկարողանան դիմագրավել այս խնդիրներին:  Այսպես շարունակվելու դեպքում մի քանի հարյուր փոքր ընկերություններ պարզապես կփակվեն: ՏՏ ընկերությունների մեծ մասն աշխատում է արտաքին շուկաներում, արտահանում է ծառայություններ, որոնց դիմաց վճարվում է դոլարով ու եվրոյով։ Այդ ընկերությունները Հայաստանում իրենց աշխատակիցներին վճարում են դրամով, պետության նկատմամբ հարկային պարտավորությունները նույնպես կատարվում են ՀՀ դրամով:

 

 

 

ԿԼԱԱՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է

Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի ժամանակ։ «Հաճույքով կարդացի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հնչեցրած հայտարարությունը՝ «Եկել է խաղաղության եւ համագործակցության հաստատման» եւ Հայաստանի հետ դրական դինամիկայից հետո «գործնական իրականացմանն անցնելու ժամանակը»: Եվրամիությունը վճռականորեն աջակցում է դրան», – գրել է Կլաարը «Թվիթեր»-ում։ Անցած շաբաթ՝ Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացված համաժողովի ժամանակ, իր ելույթում Ալիեւը հայտարարել էր, մասնավորապես, որ «եթե երկու կողմերն էլ աշխատեն՝ բարի կամք դրսեւորելով, ապա մեկ տարվա ընթացքում մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել»: Միաժամանակ Ադրբեջանի նախագահը սպառնացել էր, որ եթե հայկական կողմը շարունակի բարձրացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա կարող է հանգեցնել նոր առճակատման՝ պնդելով, թե կարգավիճակի մասին չխոսելու «բանավոր պայմանավորվածություն կա»: «Հայաստանի կամ որեւէ այլ երկրի կողմից Մինսկի խմբի վերաբերյալ ցանկացած շահարկում նյարդայնացնում է Ադրբեջանին: Մենք լուծել ենք հակամարտությունը, Մինսկի խմբի մշակած Մադրիդյան սկզբունքները իրագործվել են: Հիմա մենք պետք է մտածենք, թե ինչպես կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եւ խաղաղության պայմանագիր ստորագրենք», – ասել էր Ալիեւը:

 

 

ԿԻՐԱՌԵԼ ԵՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ 

2021 թվականի հոկտեմբերի 5-ից ի վեր տեւական ժամանակ ՀՀ արտարժույթի շուկայում նկատվել են հակամրցակցային համաձայնության եւ գնային չարաշահման դրսեւորումներ։ Կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի շարք փոխանակման կետեր, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, կայացրել են հակամրցակցային համաձայնություն եւ սահմանել հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի, ՌԴ ռուբլու եւ եվրոյի մեծածախ առուվաճառքի միասնական փոխարժեքներ: Համաձայնեցված փոխարժեքները հրապարակվել են rate.am տեղեկատվական հարթակում, ինչն ազդել է այլ փոխանակման կետերի գնորոշման վարքագծի վրա՝ հանգեցնելով նշված արժույթների մասով ՀՀ դրամի նկատմամբ փոխարժեքի ոչ օրինաչափ շեղումների: Արձանագրված խախտումների առնչությամբ համապատասխան փոխանակման կետերի նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ՝ նախազգուշացման, տուգանքի եւ լիցենզիայի գործողության ժամանակավոր կասեցման տեսքով։

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ

2020 թվականի տնտեսական ճգնաժամից հետո ՀՀ կառավարությունը շարունակաբար ավելացնում է Հայաստանի պետական պարտքը՝ հասցնելով 9,5 մլրդ դոլարի։ Գործնական խնդիրը պարտքի մեջ չէ, այլ դրա ծախսման արդյունավետության մեջ, որը խիստ մտահոգիչ է։ Մասնավորապես՝ միայն 2021 թվականի ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 1,3 մլրդ դոլարով կամ 16 տոկոսով այն դեպքում, երբ Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է ընդամենը 5,7 տոկոսով։ Փաստացի գործող իշխանությունների կառավարման 4 տարիների ընթացքում (2018 թվականի ապրիլից հաշված) Հայաստանի պետական պարտքն ավելացել է 2,7 մլրդ դոլարով կամ 39,3 տոկոսով։

Հարկ է նշել նաեւ, որ միայն այս տարվա հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական պարտքը ավելացել է 354,7 մլն դոլարով կամ 3,5 տոկոսով, ընդ որում՝ պետական պարտքի ավելացումն իրականացվել է ներքին պարտքի աճի հաշվին։ Մասնավորապես՝ 2022 թվականի 5 ամիսների ընթացքում ներքին պարտքն ավելացել է 132,6 մլրդ դրամով կամ 10,7 տոկոսով, իսկ արտաքին պարտքը նվազել է 162,9 մլն դոլարով կամ 2,6 տոկոսով։ Տեղին է հիշեցնել, որ ներքին պարտքի սպասարկումը պետական բյուջեի համար ավել ծախսատար է, քան արտաքին, քանի որ պետական պարտատոմսերի համար վճարվող տոկոսադրույքները հիմնականում գերազանցում են 10 տոկոսը։ Արդյունքում ստացվում է, որ 2022 թվականին Հայաստանի արտաքին պարտքը նվազել է, իսկ ներքինը՝ աճել, ինչի հետեւանքով փոփոխվել են ՀՀ պետական պարտքի կազմն ու կառուցվածքը, մասնավորապես՝ 2022 թվականի մայիսին Հայաստանի պետական պարտքի 62,9 տոկոսը կազմել է արտաքին պարտքը, իսկ ներքին պարտքը՝ 37,1 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի պետական պարտքի 66,9 տոկոսը կազմել է արտաքին պարտքը, իսկ ներքին պարտքը՝ 33,1 տոկոսը։

 




Լրահոս