«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկայում կուսակցական խորհուրդ կձևավորի նաև Կապանում: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն Սյունիքի մարզկենտրոնում հուլիսի 10-ին կուսակցության խորհրդի անդամների ընտրություն կկազմակերպի, ինչից հետո արդեն խորհուրդը նախագահ կընտրի: Տեղեկացանք, որ ըստ կուսակցության կանոնադրության՝ կուսակցականները խորհրդի կազմ ձևավորելու համար նվազագույնը 7 անդամի պետք է ընտրեն, որ քվեաթերթիկը վավեր համարվի: Առավելագույն 7 ձայն ստացած կուսակցականներն այնուհետև խորհրդի նախագահ կընտրեն: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ի կապանյան խորհրդի նախագահ դառնալու հավակնություններ երեք հոգի ունեն՝ փոխմարզպետ Հայկ Հարությունյանը, Սյունիքի նախկին փոխմարզպետ, այժմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ Նարեկ Բաբայանն ու Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը:
Մեզ հետ զրույցում պատգամավոր Դանիելյանը նշեց, որ տարածքային խորհրդի ձևավորումը սովորական գործընթաց է, այդտեղ ինտրիգ փնտրելու կարիք չկա, բայց և չբացառեց, որ ցանկանում է խորհրդի կազմում ներառվել: «Այս խորհուրդը կզբաղվի կուսակցաշինությամբ, դրա համար եմ զարմանում, որ ինչ-ինչ շրջանակներ փորձում են ինտրիգ մտցնել: Սովորական կուսակցական գործընթաց է: Ինչ վերաբերում է խորհրդի անդամ ընտրվելուն, ապա, այո, պատրաստ եմ վերցնելու այդ պատասխանատվությունը»,- շեշտում է նա:
Մեր տեղեկություններով, սակայն, մոտ 4 ամիս Սյունիքի մարզպետ նշանակված Ռոբերտ Ղուկասյանն անում է հնարավորը, որպեսզի իր տեղակալը զբաղեցնի կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը: Նրա շահագրգռվածությունը շատերի համար է անհասկանալի, հատկապես երբ ոչ թե իր, այլ տեղակալի տեսքով է փորձում հանդես գալ: Իսկ տեղակալը, մեր աղբյուրների փոխանցմամբ, նաև Դանիելյանի հովանավորությամբ ու ուղղակի օժանդակությամբ է այդ պաշտոնին անցել, հիմա, փաստորեն, մոռացել է ամեն բան ու մարզպետի թելն է թելում:
Փոխմարզպետ Հարությունյանն, ի դեպ, Կապանի՝ նախորդ տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՔՊ ցուցակի 4-րդ համարն է եղել, իսկ ՔՊ-ի ցուցակը, հիշեցնենք, Դանիելյանն էր գլխավորում:
Ինչ վերաբերում է մարզպետի ու Դանիելյանի հարաբերություներին, ապա ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դրանք լարվել են այն բանից հետո, երբ Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանի երբեմնի ակտիվ քննադատ, լրագրող Նարե Ղազարյանին մարզպետի տեղակալ է նշանակել:
Թեմայի վերաբերյալ փորձեցինք կապ հաստատել նաև մարզպետ Ղուկասյանի հետ, նա, սակայն,մեր զանգերին ու հաղորդագրություններին անհաղորդ մնաց:
Սևակ Վարդումյան