ՏԵՍԱՆՅՈՒԹ. ««Վոթսափ»-ով ուղարկել եմ զորամասի տվյալները, որի դիմաց խոստացել էր ինձ 2 մլն դրամ»․ Պետական դավաճանության դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է ուսումնական կենտրոն հանդիսացող N զորամասի հրամանատարական կազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինծառայողների թվաքանակի, ինչպես նաև ՀՀ ՊՆ որոշ ստորաբաժանումների տեղակայման վայրերի վերաբերյալ:

Նկարագրված պայմաններում վերջինս «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո 2.000.000 ՀՀ դրամ վարձատրություն ստանալու խոստման դիմաց նկարելու և Վոթսափ հավելվածով ուղարկելու, ինչպես նաև նույն հավելվածով պարբերաբար տեսազանգեր կատարելու ու հաղորդագրություններ ուղարկելու միջոցով հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել իրենց զորամասի շենքերի և շինությունների, սպառազինության, ռազմական զրահատեխնիկաների, մարտական ու տրանսպորտային մեքենաների քանակի և տեսակների, ուսումնական կենտրոնում զորավարժություններ իրականացնող հետախուզական և այլ ստորաբաժանումների քանակի ու սպառազինության, անցկացվող պարապմունքների նպատակների վերաբերյալ տվյալներ, լուսանկարներ:

Պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քաղաքացին ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք, որից հետո քրեական գործով հավաքված բավարար ապացույցների համակցությամբ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Կրկին հորդորում ենք բնակչությանը՝ հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց, առավել ևս՝ նրանց հետ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումներով պետական դավաճանություն կատարելու համար նախատեսված է ընդհուպ ցմահ ազատազրկում։ Ծառայությունը կոչ է անում զերծ մնալ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը, այլ անձանց կյանքն ու առողջությունը վտանգող նման պարսավելի և հանրության համար խիստ վտանգավոր հակաօրինական արարքներ կատարելուց:




Լրահոս