Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալները հրաժարականների դիմումները պետք է ներկայացնեն վարչապետին. նոր կարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով նրանք սահմանում են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալի՝ հրաժարականների դիմումները վարչապետին ներկայացնելու կարգը:

Նախ նշենք, որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Վարչապետը»:

Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքերն են՝

(…)

7) հրաժարականի դիմում Կառավարություն ներկայացնելը եւ վերջինիս կողմից այն հաստատվելը:»:

Օրենքի 24-րդ հոդվածով սահմանվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալների լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքերը, սակայն տվյալ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետում նշվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ու նրա տեղակալը հրաժարական են ներկայացնում Կառավարություն: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից հրաժարականի դիմումը Կառավարություն ներկայացնելը չի համապատասխանում Օրենքի իրավակարգավորումներին, քանի որ Օրենքով վերոնշյալ սուբյեկտների նշանակման եւ ազատման լիազորությունը վերապահված է Վարչապետին:

Այլ կերպ՝ Օրենքում նախատեսված չէ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից հրաժարականի դիմումը Վարչապետին ներկայացնլու ընթացակարգ, այն պարագայում, երբ վերջիններիս պաշտոնից ազատելու լիազորությունը տրված է բացառապես Վարչապետին: Օրենքի դիտարկված դրույթը Օրենքի բովանդակությանը համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է հստակեցնել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալների հրաժարականի դիմումը իրավասու սուբյեկտներին ներկայացնելու ընթացակարգը:

Ուստի անհրաժեշտ է կատարել Օրենքի 24-րդ հոդվածում համապատասխան լրացում՝ ներառելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից պաշտոնից ազատվելու վերաբերյալ գրավոր դիմումը Վարչապետին ներկայացնելու եւ վերջինիս կողմից նրանց պաշտոնից ազատելու դեպքը, որով կբացառվի նրանց կողմից հրաժարականի դիմումը ՀՀ կառավարություն նեկայացնելու օրենսդրական ընթացակարգը:

Ն.Հ.




Լրահոս