ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման մեջ լրացում կկատարվի:
Այսինքն քաղաքացու դիմումի հիման վրա վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվելու է միայն վարորդից վերցված մեզի կամ արյան հետազոտության միջոցով: Եթե վարորդը խուսափում է ոստիկանության ծառայողի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց, ապա զննությունն իրականացվում է բուժհաստատության կողմից, իսկ բուժհաստատությունում մեկ եղանակով սթափության վիճակի զննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զննվողը կարող է պահանջել, որ իր սթափության վիճակը որոշվի նաև այլ եղանակով:
Այսինքն՝ մեկ եղանակով զննություն իրականացնելուց հետո վարորդի սթափության վիճակը կարող է որոշվել այլ եղանակով:
Եւ բժիշկը, տեղեկություն չունենալով ոստիկանության ծառայողի կողմից արդեն իսկ արտաշնչած օդի միջոցով զննություն իրակացված լինելու մասին, կրկին սթափության վիճակի զննություն է իրականացնում նույն եղանակով: Այդ իսկ պատճառով Հհ ոստիկանությունն առաջարկում է ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշումը լրացնել նոր կետով:
Ավելին, սթափության վիճակի որոշման համար վերցվող փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվելու են բուժհաստատությունում փորձանմուշների վերցման օրվանից 8 ամիս ժամկետով: Զննության արդյունքների և դրանց հիման վրա ընդունված ակտերի բողոքարկման դեպքում փորձանմուշները պահվելու են բուժհաստատությունում մինչև բողոքի հիման վրա վերջնական ակտի ընդունումը:
Նշենք նաեւ, որ բժիշկը հնարավորություն չի ունենա արձանագրելու իրականությանը չհամապատասխանող արդյունք՝ հաշվի առնելով, որ կասկածի դեպքում պահպանված փորձանմուշները կարող են ուղարկվել փորձաքննության՝ արյան կամ մեզի մեջ ալկոհոլի պարունակությունը պարզելու համար:
Ս.Հ.