ՓԱՌՈՒԽ ԳՅՈՒՂԻ ՄԱՍՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փառուխ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի ներխուժումից մոտ 3 ամիս անց էլ դեռ բանակցություններ են ընթանում՝ ադրբեջանցի զինվորականներին ելման դիրքեր վերադարձնելու համար։ Երեւանում հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

 

Պաշտոնյան, սակայն, չհստակեցրեց՝ բանակցություններն ում միջեւ են ընթանում՝ ռուսական խաղապահների ու Բաքվի, թե այլ ձեւաչափով, եւ արդյոք այս ընթացքում որոշակի արդյունքներ գրանցվել են։ Ավելի վաղ Ստեփանակերտից հայտնել էին՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ են ընթանում բանակցությունները։

«Բանակցություններն ընթանում են, մենք պետք է հասկանանք, որ, ի դեմս Ադրբեջանի, այո, մենք ունենք երկիր, որն ատում է հայերին, բայց նաեւ շատ բան ունենք սովորելու իրենցից: Առաջին հերթին՝ շատ համառ, շատ կազմակերպված ձեւով մոտենում են, եւ այդքան հեշտ չէ», – ընդգծեց Բաբայանը:

Անցած շաբաթավերջին Փառուխի միջադեպին Ռուսաստանում հայ համայնքի հետ հանդիպմանը նախագահ Վահագն Խաչատրյանն էր անդրադարձել։ Նա հայտարարել էր, թե ռուսական կողմն ընդունել է, որ թերացել է իր խաղաղապահ առաքելությունն իրականացնելիս։ Բաբայանը ճիշտ չի համարում մեղադրանքի սլաքները ռուսական կողմի վրա ուղղելը։ Արցախի արտգործնախարարը համոզված է՝ Փառուխի դեպքը հարված էր ոչ միայն Արցախին, այլեւ ռուս խաղաղապահներին։

«Փառուխի դեպքը եղել է ահաբեկչություն, հարված եւ՛ մեզ, եւ՛ խաղաղապահ առաքելությանը, եւ դա անպատասխան չի մնալու, կապ չունի՝ երբ, որտեղ, բայց ընդհանրապես ահաբեկչությունը չպետք է անպատասխան մնա», – ընդգծեց Արցախի ԱԳ նախարարը:

Դավիթ Բաբայանը, որը Երեւանում էր իր գրքի շնորհանդեսի համար, նաեւ անդրադարձավ Արցախի կարգավիճակի վերաբերյալ ընդդիմության ու իշխանության հայտարարություններին՝ վերստին հաստատելով՝ պաշտոնական Ստեփանակերտի համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակ։ Բաբայանը Ադրբեջանի կազմում արցախցիների իրավունքները համեմատեց համակենտրոնացման ճամաբարներում հրեաների իրավունքների հետ։

«Այնտեղ պահվող խեղճ ու կրակ մարդիկ ունեին եւ՛ իրավունքներ, եւ՛ ազատություններ, ունեին իրավունք քնելու մեկ ժամ, ունեին իրավունք քայլելու, ազատ էին իրենց բարաքներում մահճակալի մեջ պառկած աջ կամ ձախ կողմին պառկել: Սա էլ է իրավունք եւ ազատություն: Այ, Ադրբեջանում դրանից էլ վատ է լինելու», – ասաց Բաբայանը:

«Ղարաբաղյան հակամարության կարգավորումը պաշտոնական Ստեփանակերտը շարունակում է տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ասում է Բաբայանը։ Խումբը չի չեզոքացվել, սակայն սառեցման փուլում է. «Հասկանալով, որ հիմա կա խնդիր Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, հարաբերությունները լարված են, շիկացած, դրա համար, կարծես թե, միասնական չեն հանդիպում, բայց առանձին-առանձին էլի իրենց պարտականությունները իրականացնում են»:

Դրությունը Լեռնային Ղարաբաղում կրկին սրվել էր ամիսներ առաջ՝ մարտի վերջին, երբ ադրբեջանական զինուժը խախտել էր շփման գիծը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ, եւ հայկական կողմը զոհեր տվեց։ Մոսկվան եւ Բաքուն միմյանց էին մեղադրում, Ռուսաստանը ադրբեջանական կողմին կոչ էր անում հետ քաշել զորքերը, Ադրբեջանը հակադարձում էր` «ափսոսանք» հայտնելով, թե ռուսական զինվորական գերատեսչության հայտարարությունը «միակողմանի է» եւ «իրականությանը չի համապատասխանում»:

Օրեր անց Մոսկվան հաղորդեց, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը ստորաբաժանումները դուրս է բերել Փառուխի տարածքից, մինչդեռ, ըստ հայկական կողմի, Ադրբեջանի զինուժը պահպանում է Քարագլուխ լեռան հիմնական մասի վերահսկողությունը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրերս Երեւանում հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Փառուխի շուրջ իրավիճակի հանգուցալուծումը համարել էր ռուսական կողմի առաջնահերթություններից՝ միաժամանակ ընդգծելով, թե կա ընկալում, որ սահմանազատման արդեն մեկնարկող առարկայական աշխատանքների շրջանակում այդ հարցերը կքննարկվեն եւ անպայման կլուծվեն։ Բաքուն կոշտ էր արձագանքել, թե Փառուխը գտնվում է Խոջալուի շրջանում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, ուստի այս հարցը չի կարող կապ ունենալ հայ-ադրբեջանական սահմանազատման հետ։ Ավելի ուշ Ռուսաստանի արտգործնախարարությունը խմբագրեց Լավրովի խոսքերը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ոստիկանության տարեկան բյուջեն ավելացվել է ավելի քան 2 մլրդ դրամով։ Դրա հիմնական մասը` 1 մլրդ 980 մլն դրամը, ոստիկանության ծառայողների աշխատավարձերն ու հավելավճարներն են, 215 մլն 100 հազարը` սննդի ապահովման գումարը։ Որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման։ Փորձենք հասկանալ, թե արցախյան 44-օրյա պատերազմից հետո ինչ փոփոխության է ենթարկվել ոստիկանության եւ ՊՆ-ի բյուջեն: 2022 թվականի բյուջեով Պաշտպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 345 միլիարդ 420.8 մլն դրամ: Ի տարբերություն Պաշտպանության նախարարության՝ Ազգային անվտանգության ծառայության բյուջեն 2022 թվականին ավելացել է 22,85 %-ով՝ կազմելով 42 միլիարդ դրամ:  Հայաստանի ռազմական ծախսերը 2022-ի բյուջեով աճել են մոտ 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345,4 միլիարդ դրամ։ 2021-ին բյուջեի ծախսերից 312 միլիարդն էր հատկացվել պաշտպանությանը։ ՀՀ զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային եւ տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքա-քսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի եւ զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության եւ կենսապահովման պահանջների բավարարման համար հատկացվել է այս միջոցներից ավելի քան 340 միլիարդը։

 

 

 

 

ԹԵԿՆԱԾՈՒՆ

ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածու է առաջադրել Աննա Վարդապետյանին: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Սահմանադրության 177-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ եւ 145-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հունիսի 16-ի որոշմամբ` գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածու է առաջադրվել Աննա Վարդապետյանը»: Այս մասին հայտարարություն է տարածվել Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում։

 

 

 

ԿՈՒՂԵՎՈՐՎԵՆ ՍՏԱՄԲՈՒԼ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 15-ին կարգադրություն է ստորագրել, որում մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ Միջխորհրդարանական միության՝ միգրացիայի հարցերին նվիրված համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի հունիսի 19-22-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ եւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆԻՆ»:

 




Լրահոս