ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակեց խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի եւ խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանի հետ 2021թ. փետրվարի 20-ին իր ունեցած զրույցի ձայնագրությունը:

 

Նա նշեց, որ այն հրապարակելը իր կյանքում կայացրած ամենաբարդ որոշումներից մեկն է եղել, մինչեւ հիմա չի հրապարակել, որովհետեւ սպասել է, որ խորհուրդը ողջամիտ կգործի եւ ծայրահեղ քայլերի չի դիմի? «Այն ցինիզմը, որը տեղի ունեցավ խորհրդի նիստի ընթացքում, ինձ թույլ է տալիս այսօր հրապարակեմ ձայնագրությունը։ Ձայնագրությունը կատարվել է իմ խնդրանքով, ես շատ լավ իմացել եմ, որ գնում եմ հանդիպման, եւ խնդրել եմ՝ ձայնագրեն իմ եւ Ջհանգիրյանի խոսակցությունը»։

Նա նշեց, որ ձայնագրությունը եւ ձայնագրող սարքը Հայաստանում չեն, ու զգուշացրեց, որ ձայնագրությունում հայհոյանքներ են հնչում։ Ձայնագրության մեջ Ջհանգիրյանը ասում է, որ չի ուզում Ռոբերտ Քոչարյանի նման մեկը հետ գա. «Հազիվ էդ կլանից պրծել ենք, ու եթե ես իմանամ՝ Վանեցյանն ու Ղազինյան Արթուրն են գալու, կեթամ, կկանգնեմ կողքները, բայց ես գիտեմ, որ գալու ա դաշնակն ու էդ Ռոբերտ Քոչարյանը (այստեղ Ջհանգիրյանը հայհոյանք է հնչեցնում- խմբ.)։ Սերժն էլ չի գալու, լավ իմացի. Դոդը (Գագիկ Ծառուկյանը-խմբ.) բերելու ա Քոչարյան Ռոբերտին»։

Վարդազարյանը նշեց, որ ձայնագրությունը ընդհանուր մոտ 2 ժամ է տեւում, ինքը հրապարակել է դրա 14 րոպեն։

Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ հրապարակված զրույցում ոչ թե քննարկվում է Վարդազարյանի՝ հրաժարական տալու կամ չտալու հարցը, այլ այն, որ հրաժարական տալու հարցը արդեն որոշված է, դրա մասին հայտնել են Վարդազարյանին, բայց որ որոշակի ժամկետից հետո Ջհանգիրյանը այլեւս ոչինչ չի կարող անել քրգործ չհարուցելու համար:

Ապա Գագիկ Ջհանգիրյանն ասում է, որ որոշումն արդեն կայացած է:

«Էս մարդկանց որոշումը կայացված է: Ես քեզ էդ եմ ասում: Մի՛ թարսվի: Ընկերական: Հաշվի՝ դու ինձ տղա ես: Պրոբլեմ պետք չի սարքել հիմա: Պատճառ չկա, եկել ա քո դասախոսը, ուրիշ պատճառ դու մի ման արի»,- ասում է Գագիկ Ջհանգիրյանը՝ պնդելով՝ Վարդազարյանի դեմ գործընթացը կկանգնեցվի, հարուցված այլ գործեր չեն լինի. ինքը դա երաշխավորում է:

Ձայնագրությունում Ջհանգիրյանը խորհուրդ է տալիս նաեւ մտածել ապագայի մասին:

«Դու երեխեք ունես: Քանի սաղ ենք, ես ու Ստեփանը գարանտ ենք: Ժամանակն արդեն տվել ենք, անցնելուց հետո ես էլ բան չեմ կարա անեմ: Ես ինչ կարացել, արել եմ, որ դու քո դեմքը պահես… Քո ասած ժամկետից հետո իմ համար անհնար կլինի: Էլ ինձ չեն լսելու: Էդ ժամկետը որ դու ասել ես, էդ մարդը կտրուկ դեմ է եղել, ես եմ խնդրել, համաձայնեցրել: Որոշումը քոնն ա: Բայց ես չեմ ուզում մեզ մոտ սարքել ՍԴ-ի սիտուացիան: Ես չեմ վախացնում»,- ասում է Գագիկ Ջհանգիրյանը:

Ռուբեն Վարդազարյանն արձագանքում է՝ նման է սպառնալիքի:

«Է՜ դե լավ էլի..»,- պատասխանում է Ջհանգիրյանը՝ շեշտելով՝ ամեն ինչ Վարդազարյանից է սկսվել՝ հայտարարություններ անելով, ասուլիսներ տալով:

Ռուբեն Վարդազարյանի հարցին՝ Ջհանգիրյանի ինչին է պետք այս ամենը, վերջինս պատասխանում է՝ ինքը չի ուզում՝ Ռոբերտ Քոչարյանը հետ գա:

«Եթե ես իմանամ՝ Վանեցյանն ա գալու, Ղազինյանն ա գալու, գնամ կանգնեմ կողքները: Սերժն էլ չի գալու, դաշնակներն ու ինքն են գալու»,- եզրափակում է Գագիկ Ջհանգիրյանը:

Հիշեցնենք՝ Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Գործն այժմ դատարանում է։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԱՐԿԵՐԸ ՉԵՆ ՎՃԱՐԵԼ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ««Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան»-ի իրավասու անձինք օրենքով սահմանված հաշվետվություններում եւ հարկման համար հիմք հանդիսացող այլ հաշվարկային փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ են մտցրել նշված ԲՈՒՀ-ում սովորող օտարերկրացի ուսանողների տարեկան վարձավճարի չափի վերաբերյալ, ինչի արդյունքում 2018-2021թթ. ընթացքում խուսափել են շահութահարկի գծով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 99,453,992 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորությունները կատարելուց: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է՝ ըստ քննչական ենթակայության։

 

 

 

 

ՏՂԱՄԱՐԴԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական եւ դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան քաղաքում երկու անձի սպանության  դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրդապատճառը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի 32-ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու  ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել եւ կանգնեցրել այն, այնուհետեւ մոտեցել են վարորդին եւ մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին,  32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին եւ ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ: 32-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու եւ հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

 

 

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձին, քանի որ անվտանգության ապահովման բաժնի ծառայողը նկատել է, որ կարճատեւ տեսակցությունից դուրս գալուց հետո նրա հագին այլ կոշիկներ են: Այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայությունից: Խուզարկության արդյունքում կոշիկներում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 5 փաթեթ, որոնցից երեքում եղել են Մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 14,25 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, իսկ մյուս երկու փաթեթներում՝ շագանակագույն, փոշենման, 0,54 եւ սեւ, 3,40 գրամ քաշերով զանգվածներ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է ամուսնու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը: Երեւան քաղաքի 49-ամյա բնակչուհու՝ «աջ ենթաանրակային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 17-ին՝ ժամը 09:00-ին: Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական եւ դատավարական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը տուժած կնոջ նախկին ամուսինն է` Արարատի մարզի 50-ամյա բնակիչ: Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ հունիսի 17-ին՝ ժամը 08:15-ի սահմաններում, վերջինս Երեւան քաղաքի Բաբաջանյան փողոցում  գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մոտեցել է նախկին կնոջը, վիճաբանել կենցաղային հարցերի շուրջ, որի ընթացքում սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ նախապես իր հետ վերցրած դանակով հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով կտրած-ծակած թափանցող վերքերի ձեւով մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չի հասցրել՝ կնոջ ծանոթի միջամտության շնորհիվ, եւ հանցագործության գործիք հանդիսացող դանակը թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը եւ մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

 

 




Լրահոս