ՈՐՔԱ՞Ն ԿԼԻՆԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 

Նախագծով առաջարկվում է անցում կատարել ըստ դասարանների թվի ֆինանսավորման։ Առաջարկվում է հաստատել hաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետեւյալ գործակիցներն ու նորմատիվները.

ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափը՝ 108,8 հազ. դրամ,

դասղեկության համար նախատեսվող լրավճարը հավասար է՝

մինչեւ 18 աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10 տոկոսին,

18 եւ ավելի աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 20 տոկոսին,

մեթոդմիավորման ղեկավարին տրվող լրավճարը հավասար է ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10 տոկոսին:

Մեթոդմիավորման լրավճարը հաշվարկվում է ըստ դասարանների թվի. մինչեւ 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի, քան 4, 9-ից մինչեւ 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի, քան 6, 18-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի, քան 8 մեթոդմիավորների հաշվարկով։

Նախագծով ամրագրվել է ներառական կրթության նպատակով ֆինանսավորման պահանջը բոլոր դպրոցներում՝ երեք բաղադրիչով՝ մասնագիտական ծառայությունների, ֆիզիկական միջավայրի հարմարեցում եւ յուրաքանչյուր երեխայի համար անհատական հարմարեցումների ֆոնդ։

Հաշվարկվել է նաեւ ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը:

Նորմատիվային ֆինանսավորում է նախատեսվում դպրոցի պահպանման ծախսերի համար։ Բոլոր դպրոցներում ամրագրվելու է հոգեբանների առկայության պահանջը։

Ամրագրվել են լաբորանտների հաստիքները եւ լաբորատորիաների պահպանման ծախսերը։

Դպրոցի տնօրենի, տնօրենի տեղակալի եւ վարչական այլ աշխատողների աշխատավարձի չափը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափի հետ, որի նկատմամբ, ըստ պաշտոնների, սահմանվել են համապատասխան գործակիցներ։ Ղեկավար անձնակազմի վարձատրության հաշվարկման ժամանակ հաշվի կառնվի նաեւ ուսումնական հաստատությունում գործող դասարանների թիվը։

Նախագծի կարեւորագույն կետերից մեկն այն է, որ բարձրլեռնային բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարը, սննդի գումարը, դասագրքերի ներդրումային գումարները բացառապես պետք է օգտագործվեն այդ նպատակներով։ Համադպրոցական ծախսերում ներառված լաբորատորիաների սարքերի եւ նյութերի, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների, ինչպես նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար նախատեսված ծախսերը եւս չեն կարող օգտագործվել այլ նպատակի համար։

Սահմանվել է, որ մասնաճյուղեր ունեցող հաստատությունների մասնաճյուղերի համար հաշվարկը կատարվում է որպես առանձին հաստատություն։ Այդ դեպքում հաստատության հաշվապահական հաշվառման եւ ֆինանսատնտեսական գործունեության համար հաստիքներ չեն նախատեսվում։

Ընդունվելու դեպքում նոր կարգն ուժի մեջ կմտնի 2022 թվականի սեպտեմբերի 1-ից։

Դպրոցների ֆինանսավորման կարգի նոր նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչեւ սույն թվականի հունիսի 28-ը: Քաղաքացիները եւ շահառու խմբերն այդ ընթացքում կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

Ս. Հ.

 

 

 

ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԲՈՒԺԶՆՆՈՒՄ ԿԱՆՑՆԵՆ

«Երեւանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները պետք է պարբերաբար պարտադիր բուժզննում անցնեն:

 

Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, կարեւորելով ուղեւորների անվտանգությունը, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է առողջապահական ապահովագրության շրջանակում ապահովել գործընթացը: Հարկ է նշել, որ համայնքային ընկերությունում աշխատող վարորդներն այս տարվանից առողջապահական ապահովագրության հնարավորություն են ստացել:

Երեւանյան բոլոր շենքերն էլ կունենան հասցեագրման միանման ցուցանակներ: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է արագացնել գործընթացը:

Ամբողջությամբ ավարտվել է Մարտիրոս Սարյանի անվան պուրակի կանաչապատման ծրագիրը: Վերականգնվել ու թարմացվել է կանաչ գոտին, ճիմապատվել է շուրջ 3 000 քմ տարածք, ծաղկաթմբերի համար 40 խմ հատուկ հողախառնուրդ է բերվել, արդիականացվել է 1700 գծմ ոռոգման համակարգը, տնկվել է շուրջ 4 000 ծաղիկ ու 3 850 ծաղկող, մշտադալար թփեր:

Անհրաժեշտ ջրաքանակ ապահովելու եւ կանաչ տարածքները լիարժեքորեն ոռոգելու նպատակով ընթացքի մեջ են Դալմայի ջրագծի որոշ հատվածների փոխարինման աշխատանքները: Անցկացվում է 630 մմ-անոց 344 գծմ երկարությամբ նոր խողովակաշար. այն հնարավորություն կտա ամբողջությամբ լուծել Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ոռոգման խնդիրը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. շատրվանային համալիր կկառուցվի: Տարածքը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում: Նախագծման մրցույթն արդեն կայացել է: Հանձնարարվել է գործընթացը կազմակերպել այնպես, որ տարածքին համահունչ միջավայր ձեւավորվի:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

ՉԵՆ ԼԻՑՔԱՎՈՐՎԻ

 

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են՝ օգոստոսի 1-ից ձեր տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից:

Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչեւ օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։ Երեւանում եւ մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն:

 

 

 

 

ԶԻՆԱՄԹԵՐՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Հունիսի 20-ին՝ ժամը 09։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ  խմբերը:

 

 

 

 

56 ԱՂՋԻԿ

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հունիսի 13-19-ը ծնվել է 56 երեխա, 25-ը տղա է, 31-ը՝ աղջիկ։ Նրանցից 1-ը զույգ է. հայտնում են Շիրակի մարզպետարանից:

 




Լրահոս