Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանն օրերս հրավիրված ասուլիսին հրապարակել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, ինչի ժամանակ մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։ Հասարակությունն ու մասնագիտական համայնքը հիմնականում սեւեռված է ձայնագրության մեջ հնչող հայհոյանքների ու գաղտնի ձայնագրելու փաստի վրա ու երկու կողմերի ճիշտն ու սխալն է քննարկում, այնինչ կարեւորագույն հարցերը կարծես տողատակերում են մնում։ Անցած տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ եւ խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։ «Չգիտեմ։ Իրանց հրահանգն արդեն ուրիշ տեղից ա գալիս։ Էդ մարդը չի տալու, իրան էլ են հրահանգ տալու, ես չեմ կարա։ Ես քո առաջ եմ գառանտ։ Ինչ կարացել, արել եմ, որ քո ասած ժամկետը, դեմքը պահես»,- ձայնագրության մեջ ասում է Ջհանգիրյանը, ինչն էլ մի շարք հարցեր է առաջ բերում։ Ո՞վ եւ ի՞նչ հրահանգ պետք է տա, եւ ո՞վ կատարի։ Ո՞ւմ նկատի ունի ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարողը։ Եթե անգամ հրահանգ կա, ապա դա ի՞նչ հիմունքներով է իրականացվում, գրավո՞ր, թե՞ բանավոր է այն լինելու, ու, վերջապես, օրինական ուժ ունենալո՞ւ է այն։ Սրանք բոլորը հարցեր են, որ իրենց պատասխանները պետք է պարտադիր իրավական հարթությունում ստանան։ Նորից, սակայն, հարց է՝ քաղաքական իշխանությունն ու պատկան բոլոր օղակները բավարար կամք կունենան արդյոք արդարամտորեն եւ հետեւողական քննելու ու ստանալու բոլոր հարցերի պատասխանները։
Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանը 2020թ. սեպտեմբերի 29-ին՝ 44-օրյա պատերազմի երրորդ օրը, հպարտորեն հայտարարում էր, որ պատերազմն ավարտվելու է ադրբեջանական զորքի ուղղակի ջախջախմամբ: Ավելին՝ այժմ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյանը վստահեցնում էր, թե իր այդ հայտարարությունը քարոզչական բնույթ կամ բովանդակություն չունի: «Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ, եւ վերականգնվելու համար այդ երկրին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու։ Եվ սա քարոզչական ու ոգեւորիչ նշանակության գրառում չէ»,- Facebook-ի իր էջում գրել էր նա: Միրզոյանն իշխանության ներկայացուցիչներից միակը չէր, որ 44 օր շարունակ հանրությանը սնում էր այն հռետորաբանությամբ, թե ադրբեջանական կողմը օր օրի ուժասպառ է լինում, մենք էլ հաղթում ենք: Ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչները հասարակության մարտական ոգին տեղը պահելու կամ, իրենց բառերով ասած, «ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներին «դուխ տալու համար» այնպիսի հայտարարություններ էին անում, որ թվում էր՝ ուր որ է հայկական զինուժը Բաքու կմտնի: Հանրությանը ոգեւորել, այո, պետք էր, բայց հուսադրելն ու սուտ խոսելը տարբեր բաներ են: 44 օր շարունակ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները ոչ թե «դուխ» են տվել, այլ խաբել են մեզ բոլորիս, իսկ Միրզոյանը վերոնշյալ հայտարարությունից հետո առնվազն բոլորիցս ներողություն պետք է խնդրեր:
Հունիսի 19-ին Ապարանում հնչած կրակոցները իրավապահ համակարգում լուրջ անհանգստության տեղիք են տվել: Մասնավորապես, իրավապահ համակարգը խիստ հսկողություն է սահմանել Ապարան քաղաքում, ինչպես նաեւ մարզում՝ նպատակ ունենալով իրավիճակը վերահսկողության տակ պահել: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ որոշում է կայացվել ինչպես կրակոցի արդյունքում սպանված, այնպես էլ միջդեպի մյուս մասնակիցների բնակարանների մոտ ոստիկանական հսկողություն սահմանել հնարավոր վրեժխնդրության դեպքերից խուսափելու համար: Ասել է թե՝ իրավապահները մտավախություն ունեն հնարավոր վենդետայի մասով եւ իրավիճակը կարգավորելու համար կոնկրետ քայլերի են գնացել: Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 19-ին Ապարան քաղաքում կրակոցներ հնչեցին, ինչի հետեւանքով սպանվեց երկու անձ, որի համար մեկ քաղաքացի գտնվում է կալանքի տակ: Ըստ մամուլի հրապարակումների՝ պատճառը եղել է ՀՀ վարչապետին հայհոյելը, մինչդեռ իրավապահ համակարգը պնդում է, թե պատճառը կենցաղային է: Ավելին՝ Armlur.am-ը գրել էր, որ մինչ ՀՀ ոստիկանությունը եւ ՀՀ քննչական կոմիտեն պնդում են, թե մեկ անձ է կրակոց արձակել, ինչի հետեւանքով կա երկու զոհ, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 32-ամյա երիտասարդը միակ կրակողը չի եղել: Վերոնշյալ օրը տարբեր զենքերից են կրակոցներ արձակվել, եւ այս պահին ձերբակալված 32-ամյա տղամարդը միակը չէ, որ կրակել է վիճաբանության մասնակիցների ուղղությամբ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կրակող անձանցից մեկը ՔՊ աջակից է, որին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ամեն ինչ անում են քրեական գործից մաքրելու համար: Տեղեկության մասով դիմեցինք նախաքննական մարմին, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է, եւ դեպքի մասին կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածել է:
2022 թվականի ապրիլի 22-ից մինչեւ հունիսի 17-ը ակցիայի մասնակիցների կողմից տարաբնույթ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու առթիվ հարուցվել է ընդհանուր 30 քրեական գործ, որպես մեղադրյալ է ներգրավվել 53 անձ, որոնցից 28-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ մեկ կամ երկու ամիս ժամկետով, իսկ մեկ անձի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում: Այս մասին պարզ է դառնում ՀՀ գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին տված պարզաբանումից: 3 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Նույն ժամանակահատվածում՝ նույն իրադարձությունների ընթացքում ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցների՝ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների փաստերով ստացված հաղորդումներից 46-ով հարուցվել են քրեական գործեր, 30-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3 քրեական գործի վարույթ կարճվել է, իսկ 20 հաղորդումների հիման վրա դեռեւս նախապատրաստվում են նյութեր: Նշյալ քրեական գործերով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք նախաքննության ներկա փուլում դեռեւս չկան։