«ԿՈՒՆԵՆԱՆՔ ՍՈՒՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի հետ:

 

-Ազգային Ժողովի 3-րդ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ մանդատից հրաժարվում է, մինչեւ այդ էլ տեսնում էինք, որ Երեւանում ծավալված «Դիմադրություն» շարժման տեմպը գնալով նվազում  է, վրանները Ֆրանսիայի  հրապարակից հավաքեցին: Քաղաքական դաշտում Ձեր գնահատականը ո՞րն է:

-Մայիսյան ակտիվացումներից, որոնց  մեկնարկի եւ ընթացքի մի մասը անակնկալ էր, ինչ-որ առումով տրամաբանական անկում նկատվեց: Փողոցային պայքարի ակտիվացումը բավականին լուրջ էր Հայաստանի համար, որովհետեւ 2018 թվականից հետո թերեւս այս ծավալի քաղաքական պրոցեսների մենք ականատես չէինք եղել: Ազգային Ժողովում ներկայացված կուսակցությունները որոշակի գործությունեություն իրականացնելուց հետո ԱԺ-ում ըմբռնեցին, որ փոքրածավալ ուժերով եւ իշխանությունների այն գործիքակազմը որդեգրած, որը ցուցադրվում էր Աժ-ում, որեւէ արդյունքի չեն հասնելու: Նրանք որոշեցին քաղաքական օրակարգը փողոց հանել, բայց պետք էր ֆիքսել, որ փողոցը քաղաքական պայքարի առումով ենթադրում է կամ-կամ ֆորմատը: Կա՛մ դու հաղթում ես, կա՛մ քաղաքականապես ստիպված ես լինելու տրանսֆորմացվել: Տարբեր ուժեր, տարբեր մոտեցումներ, տարբեր կարգախոսներ որդեգրեցին, բայց նույն նպատակին հասնելու՝ առանց Նիկոլ Հայաստան գաղափարական պլատֆորմի ներքո դրսեւորվելու մասով: Վանեցյանը, որ 3-րդ խմբակցության ղեկավարն էր, երբեք չէր թաքցրել, որ անարդյունավետ գործունեության արդյունքում ինքը այլեւս իրեն չի տեսնում ԱԺ-ում եւ այդ մասին հայտարարեց անգամ Ազատության հրապարակի իր քաղաքական պայքարի մեկնարկին: Ընդհանուր առմամբ, քաղաքական դաշտում վերաֆորմատավորում չի լինում: Կարծում եմ՝ տարբեր բեւեռներ կփոխեն իրենց մարտավարությունները, որոշների մրցակցային ֆորմատը փոխվեց:

Վանեցյանը հայտարարեց, որ ԱԺ-ն այլեւս այն հարթակն ու ֆորմատը չէ, որտեղ պետք է քաղաքական պայքար իրականացնի նա, փողոցային պայքարը շարունակեց. թե ինչպես, ինչ ձեւով, ում հետ, առաջիկայում մենք կտեսնենք: Բայց կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ, երկրում քաղաքական  տրանսֆորմացիաներ են ընթանալու, եւ դրանց հասունացման համար հստակ օր կա այս պահի դրությամբ:

-Այսինքն՝ պարապ չի՞ մնա դաշտը:

-Անկասկած չի մնա: Ես կարծում եմ, որ մենք կունենանք որոշակի սրացումներ քաղաքական մեր կյանքում: Դրանք կարող են լինել ինչպես անակնկալ ինչ -որ ուժերի կողմից, այնպես էլ ոչ այդքան հայտնի շրջանակների կողմից: Ես կարծում եմ, որ մենք ունենալու ենք քաղաքական լուրջ տրանսֆորմացիաներ, որովհետեւ այն ճանապարհով, որով ընդդիմությունն իր պայքարում գնացել է, իշխանությունը փորձում էր հակաքայլեր գտնել, այլեւս անցյալում պետք է մնա, որովհետեւ օբյեկտիվ գնահատականի արդյունքում հասկանում ենք, որ խնդիրներն շատ ավելի խորն են, քան զուտ պայքարը: Մենք ունենք հասարակություն, որն անհրաժեշտ չափով դուրս չի գալիս, չի կանգնում այս կամ այն քաղաքական ուժի կողմը, եւ այս պասիվության արդյունքում հասարակությունը կարող է հայտնվել ոչ նախանձելի իրավիճակում: Քաղաքական միավորները պետք է արագ եւ հիմնավոր կերպով սրբագրեն իրենց քաղաքական ծրագրերը: Կարծում եմ, որ նոր դաշինքներ կձեւավորվեն, այդ թվում՝ նաեւ փոքր միավորների ներգրավվածությամբ: Չեմ բացառում, որ աշնանը կունենանք սուր քաղաքական օրակարգ:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իր հաղորդման առթիվ նախապատրաստված, ինչպես նաեւ կցված նյութերով հարուցվել է քրեական գործ:

 

«Մայիսի 30-ին ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների, պատգամավորների եւ անչափահասների նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրման, ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդեւանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, Աշոտ Սիմոնյանին հարվածելու, քաղաքացիներին բերման ենթարկելիս անհամաչափ ուժի կիրառման ենթադրյալ դեպքերի կապակցությամբ կից հղումներով հաղորդում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Գրությամբ անդրադարձել էի նաեւ «yerkir.am» կայքի խմբագիր Վահե Սարգսյանին ծեծելու եւ բերման ենթարկելու փորձի վերաբերյալ ենթադրյալ դեպքին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ պատասխան, համաձայն որի՝ իմ հաղորդման առթիվ նախապատրաստվող նյութերին են կցվել նաեւ այլ հաղորդումներ, եւ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություններ են ստացվել մայիսի 30-ին Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ քաղաքացիների կողմից իրականացված բողոքի ակցիայի ընթացքում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Գեղամ Մանուկյանի, Աշոտ Սիմոնյանի, Աղվան Վարդանյանի եւ ինքնությունները դեռեւս չպարզված մի շարք քաղաքացիների նկատմամբ ենթադրաբար ոչ իրավաչափ ֆիզիկական ուժ գործադրելու՝ նրանց հարվածելու եւ մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ։

ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատարը ծանուցում է, որ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են ՀՀ ոստիկանությունում պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները բռնությամբ զուգորդված անցնելու, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու օրինական առիթ եւ բավարար հիմքեր, որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու, այն վարույթ ընդունելու եւ նախաքննության իրականացմանը ձեռնամուխ լինելու մասին։ Հետեւողական եմ լինելու քրեական գործերի ընթացքին եւ ոստիկանության կողմից շարունակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասով:

Հ.Գ. Հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

ԱՆԿՈՒՄ՝ ՄՍԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Հայաստանի մսամթերքի ոլորտում լուրջ անկում է արձանագրվել: Այս մասին ահազանգում են ոչ միայն մասնագետները, այլեւ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվար- ապրիլ ամիսներին մսամթերքի ոլորտում արձանագրվել է 12.5 տոկոսի անկում: Միայն խոզի մսի արտադրության ծավալները պակասել են 14.3 տոկոսով: Թռչնամսի ոլորտը տեւական ժամանակ չի կարգավորվում. այս ոլորտում ՀՀ վիճակագրական կոմիտեն արձանագրել է 16.5 տոկոս անկում, ինչը, ըստ մասնագետների, խիստ մտահոգիչ է: Նշենք, որ թռչնամսի ոլորտում խնդիրները ծագել են դեռեւս 2020 թվականից, երբ արցախյան պատերազմով պայմանավորված՝ Վրաստանից հնարավոր չի եղել կազմակերպել ճտերի ներկրման գործընթացը, ինչն էլ ազդել է թռչնամսի արտադրության ծավալների վրա: Սրան հաջորդեց ռուս-ուկրաինական պատերազմը, որը հետք է թողել թռչնամսի ոլորտի վրա: Չէ՞ որ Ուկրաինայից ամենաշատ ներմուծվող առաջին 10 ապրանքների կազմում պարենային մթերքից թռչնամիսն է: Բացի այս, պակասել են նաեւ խոշոր եղջերավոր կենդանու մսի արտադրության ծավալները 10, ոչխարինը՝ 8.3 տոկոսով:

 

 

 

 

ՏՈՒԳԱՆՎԵԼ Է

Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը վերջերս բավականին կլորիկ գումարով տուգանվել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նալբանդյանին պատկանող ընկերությունը հասարակությանը մոլորեցրել է՝ դրսեւորելով անբարեխիղճ մրցակցություն, ինչի համար էլ տուգանվել է: Մեզ հայտնի դարձավ, որ Նարեկ Նալբանդյանի «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ»  ընկերության՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի կողմից 10-հատանոց ECO եւ 30-հատանոց ecoDemonstrator մակնշումներով տուփերով հավկիթների իրացումը այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, որակվել են որպես հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն: Այս խախտման համար մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ընկերության նկատմամբ նշանակել է տուգանք՝ 3 մլն 44 հազար 534 դրամի չափով: Հիշեցնենք՝ այս տարեսկզբին «Շիրակ»  թռչնաֆաբրիկան մեծ անհանգստություն պատճառեց հավկիթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին. ընկերությունը ինքնարժեքից էժան ձու էր հանել վաճառքի: Այս ընկերությունը ձվի շուկայում գնային տատանումներ էր անում: Նշենք, որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Նալբանդյանի ընկերության նկատմամբ դեռ փետրվարի 8-ին է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների վերաբերյալ վարույթ  հարուցել:

 

 




Լրահոս