ԼՈԳԻՍՏԻԿ ՆՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին, այնուհետեւ տեղի է ունեցել տեսալուսանկարահանման արարողությունը: Ելույթով հանդես է եկել Նիկոլ Փաշինյանը:

 

«Եվրասիական տնտեսական միությունն աստիճանաբար ավարտում է կայացման փուլը եւ անցնում է իր ինտեգրացիոն ներուժի բացահայտման փուլ՝ ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման, մեր պետությունների կայուն տնտեսական աճի, մրցունակության ամրապնդման եւ միջազգային ասպարեզում իր տնտեսական շահերի արդյունավետ առաջմղման։ Հաշվի առնելով նոր իրողությունները՝ ավելանում է մեր գործողությունների սերտ համակարգումը մեծացնելու անհրաժեշտությունը՝ որպես անդամ պետությունների՝ համաշխարհային տնտեսության ժամանակակից պայմաններին հարմարվելու հիմք», – նշել է նա:

Փաշինյանի խոսքով՝ ժամանակակից տնտեսական մարտահրավերների համատեքստում կարեւորագույն խնդիրներից մեկը մնում է մեր երկրների պարենային անվտանգության ապահովումը։ «Ներկայումս օբյեկտիվ պատճառներով գյուղատնտեսական ընդհանուր շուկայում որոշակի տեսակների գյուղատնտեսական ապրանքների մատակարարման սահմանափակումներ են առաջանում, ինչը կարող է բացասաբար ազդել մեր երկրներում գյուղատնտեսության կայուն գործունեության եւ, ընդհանրապես, Միության պարենային ապահովության վրա։ Այս առումով, կարծում եմ, որ Միության անդամ երկրները պետք է առաջին հերթին կոլեկտիվ հիմունքներով հակազդեն ռիսկերին՝ օգտագործելով համախմբված եւ փոխընդունելի լուծումներ մշակելու ներուժը՝ նվազագույնի հասցնելով պարենային ապրանքների պակասուրդի հավանականությունը», – հավելել է նա:

Իր ելույթում Միության շրջանակներում համագործակցությունն առաջնահերթ ուղղություն է համարել Փաշինյանը եւ նշել, որ այն թույլ է տալիս ուժեղացնել ավանդական համագործակցությունը եւ ստեղծել նոր գործընկերային հարաբերություններ՝ միավորման տնտեսական ներուժն իրացնելու նպատակով։

«Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ բիզնեսի առջեւ ծառացած խոչընդոտների զգալի մասը ծագում է գործունեության միասնական, կոորդինացված, համաձայնեցված կանոնների բացակայության պատճառով։ Միայն կառուցողական երկխոսության, բաց լինելու եւ թափանցիկության պատրաստակամությունը կարող է օգնել այս հարցում դրական դինամիկայի պահպանմանը։ Կարեւոր եմ համարում նաեւ ալկոհոլային խմիչքների շուկայի հարցի կարգավորումը։ Միասնական նպատակների եւ սկզբունքների, ընդհանուր կարգավորող միջոցառումների հաստատումը կարող է նպաստել ընդհանուր շուկայի ստեղծմանը` առանց փոխադարձ առեւտրում խտրական սահմանափակումների եւ բացառումների: Հայաստանի համար սա առաջնահերթ ուղղություն է եւ ունի արտահանման լայն հնարավորություններ»- մանրամասնեց նա։

Փաշինյանը նաեւ կարծում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը, գործընթացների թվայնացումը կխնայի Հայաստանի ժամանակն ու նյութական ռեսուրսները։

«Լոգիստիկան թվային լուծումներ պահանջող եւս մեկ ոլորտ է: Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել անդամ պետությունների՝ տրանսպորտային ենթակառուցվածքների, բազմամոդուլ լոգիստիկ կենտրոնների եւ եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծման եւ զարգացման վերաբերյալ համակարգման եւ փոխգործակցության համաձայնեցված առաջարկների մշակման կարեւորությունը: Հայկական կողմը մեծապես կարեւորում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկխոսության եւ համագործակցության զարգացումը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության իրականացման գործում»- նշեց նա:

Նիստից հետո կառավարությունների ղեկավարներն այցելել են Մինսկի Հաղթանակի հրապարակ, ծաղկեպսակներ դրել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշարձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով բոլոր զոհերի հիշատակին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵԿՆՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 16-հոգանոց պատվիրակությամբ է մեկնել Բելառուս։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նրա խորհրդականը, էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարների տեղակալներն ու ՊԵԿ փոխնախագահը։ Պաշտոնական պատվիրակությունը Բելառուս է մեկնել երեկ, այսօր վերադառնալու է։ Նշենք որ վարչապետը Մինսկ է մեկնել` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, երեկ նաեւ հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին։

 

 

 

 

ՊՆ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

 

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ

Երեկ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղկավար Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ խորհրդարանի նախագահությանը դիմումը ներկայացնելուց հետո՝ 7 օրվա ընթացքում, եթե պատգամավորը այն հետ չի վերցնում, ապա զրկվում է պատգամավորական մանդատից: «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ՝ 8-րդ համարը Մարտուն Գրիգորյանն էր, որ Վանեցյանի՝ լիազորությունները դադարեցվելուց հետո կարող է մանդատ ստանալ: Գրիգորյանը, հիշեցնենք, նախկինում նույնպես պատգամավոր է եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Լիազորությունների կատարման ընթացքում, սակայն, դուրս է եկել խմբակցությունից ու կուսակցությունից: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար կնշանակվի Հայկ Մամիջանյանը:

 

 

 

ՈՉ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սոցցանցի իր էջում գրել է. «Ադրբեջանի կազմում ոչ մի կարգավիճակ չի կարող ապահովել Արցախի իրավունքները, ազատությունն ու ապագան. որպես համեմատություն կարելի է բերել նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարները, որտեղ բանտարկյալները նույնպես իրավունքներ ու ազատություններ ունեին։ Օրինակ՝ նրանք կարող էին օրական 2 րոպե քնել, երազներ տեսնել, բայց արդյոք դա երաշխավորո՞ւմ էր նրանց ապահով ապագան։ Դա երաշխավորում էր նրանց մահապատժը, գազախցիկները, հյուծվածությունը։ Ահա թե ինչ է մեզ սպասում: Այսինքն՝ մեր անվտանգության ու ազատությունների հարցերն ու շրջանակները գործնականում չեն տարբերվելու անվտանգության ու ազատությունների այն շրջանակներից, որոնք ունեին Օսվենցիմի եւ Բուխենվալդի բանտարկյալները»,- գրել է նա։

 

 

 

ՄՐՑԱՆԱԿ ԿՍԱՀՄԱՆՎԻ

Հայստանում «Հանրապետություն» մրցանակ կսահմանվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգեւատրման նպատակով կսահմանվի «Հանրապետություն» մրցանակ, եւ այն կշնորհվի յուրաքանչյուր տարի՝ սկսած 2023 թվականից: Իսկ նոր մրցանակը առաջարկել է սահմանել «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամը: Մրցանակի մաս կազմող դրամական պարգեւները, ինչպես նաեւ կրծքանշանի եւ համապատասխան վկայագրերի պատրաստման գումարները հատկացվելու են «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի կողմից:

Ըստ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ նմանատիպ մրցանակներ սահմանվել եւ շնորհվել են 2004-2018 թվականներին՝ ՀՀ նախագահի համպատասխան հրամանագրի համաձայն: Նշենք, որ «Պողոսյան» հիմնադրամը ստեղծվել է Բեյրութում: Սկզբում այն կոչվել է «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ»: Հիմնադրամը ղեկավարում են Ժան (Բելգիա) եւ Ալբերտ (Շվեյցարիա) Պողոսյանները: 2001 թվականին «Պողոսյան» հիմնադրամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ, հիմնել է Հանրապետության նախագահի մրցանակը:

 

 

 

 

ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՎԻԵՆՆԱ

Ազգային ժողովի նախագահը, պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչներ Վիեննա են գործուղվում: ArmLur.am-ը Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հունիսի 20-ին ստորագրած կարգադրության՝ Ավստրիայի մայրաքաղաք կմեկնեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Լուսինե Բադալյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը, Ազգային ժողովի նախագահի օգնական Աշխեն Հայրապետյանը, Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր Դավիթ Հակոբյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Էդուարդ Կարապետյանը, Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը: Ըստ նույն որոշման՝ Վիեննա մեկնելու ծախսերի մեծ մասը ՀՀ պետբյուջեից է հատկացվելու: Հրավիրող կողմը հոգում է մեկնողների միայն գիշերավարձի ծախսը:

Հավելենք, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ավստրիա կմեկնեի հունիսի 23-26-ը:

 

 




Լրահոս