ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա, ուսումանսիրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 3 հասցեում գտնվող նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքի օտարման եւ դրանում իրականացված կառուցապատման օրինականությունը: Փաստաթղթեր են պահանջվել եւ ստացվել նաեւ ՀՀ կադաստրի կոմիտեից, Գավառի համայնքապետարանից, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ից: Պարզվել է, որ 2011թ. եւ 2015թ. մանկատան 0.05 հա եւ 0.007հա տարածքները պայմանագրերով մեկ տարի ժամկետով վարձակալության են տրամադրվել քաղաքացի Լ. Հ.-ին մանկական սրճարան կառուցելու համար:
Այդ նպատակով Գավառ քաղաքի համայնքապետի կողմից 09.07.2011թ. վարձակալին տրամադրվել է նոր կառուցվող օբյեկտի ճարտարապետահատակագծային առաջադրանք եւ շինթույլտվություն: 19.07.2013թ. Լ. Հ.-ին տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որով որպես անշարժ գույքեր գրանցվել են 45.08 ք.մ. սրճարան, 10.41 ք.մ. եւ 4.87 ք.մ. պահեստներ, 61.66 ք.մ. եւ 40.8 ք.մ. ծածկեր՝ սեփականության իրավունքով, մինչդեռ ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կառուցապատման իրավունքով կառուցված շինությունները չէին կարող հանդիսանալ Լ. Հ.-ի սեփականությունը:
Պարզվել է նաեւ, որ Գավառի համայնքապետի կողմից նույն վարձակալին 12.08.2019թ. տրվել է «Այգի» սրճարան-ռեստորան օբյեկտի վերահատակագծման, գոյություն ունեցող ծածկի ապակեպատման եւ նոր դահլիճի, խոհանոցի ու հովհարածածկի կառուցման շինթույլտվությունը՝ շինարարական աշխատանքները 168 օրում իրականացնելու պայմանով:
Լ. Հ.-ն 2020թ. ապրիլին դիմել է Գավառ համայնքի ղեկավարին՝ խնդրելով երկարաձգել 2019թ. տրված շինթույլտվության ժամկետը ավարտական աշխատանքների ձեւակերպման եւ նախագծային փոփոխությունների համաձայնեցման համար: Պարզվել է, սակայն, որ դիմումը ներկայացնելու ժամանակ արդեն իսկ անցած է եղել շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարական աշխատանքների կատարման 168-օրյա ժամկետը, մինչդեռ Գավառի համայնքապետը, անտեսելով նշված փաստը, խախտելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջները, 30.04.2020թ. տրամադրել է նոր շինթույլտվություն՝ աշխատանքների իրականացման ժամկետ սահմանելով 60 օր:
Ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ Լ. Հ.-ին 10.07.2020թ. տրվել է շահագործման թույլտվություն, ավարտական ակտ, սակայն 04.08.2020թ.-ին ՀՀ կադաստրի կողմից որոշում է կայացվել նշված հասցեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին, քանի որ շինության բնութագրում բոլոր շինությունների կառուցման տարեթիվը գրառված է 2013թ., մինչդեռ ավարտական ակտը տրվել է 2020թ.-ին: Առկա են առերեւույթ տվյալներ, որ 2013թ. կատարված շինարարական աշխատանքները ներկայացվել են որպես 2020թ. կատարված եւ այդ պայմաններում տրամադրվել է շահագործման թույլտվություն, ավարտական ակտ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել առերեւույթ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դրանով պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու հանցավոր արարքի հատկանիշների առերեւույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե:
ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾԸ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի դեմ հարուցված քրեական գործերից մեկով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը դատարանում է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի ապրիլի 24-ին Երեւան քաղաքի Վրացյան 90 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի դիմաց Ռոման Վալերիի Բաղդասարյանի եւ այլ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է հնչեցրել եւ բռնություն գործադրելը հրապարակայնորեն արդարացրել: Նշենք, որ վերջինիս մասով այլ քրեական գործեր կան, որոնք դատարանում են, իսկ մյուս մասերով նախաքննությունը շարունակվում է: Ի դեպ, Ախոյանի գործը քննելու է Արտուշ Գաբրիելյանը:
ՆՈՐ ՊԵՏ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ապարանում հնչած կրակոցներից հետո պաշտոնից ազատվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանը։ Փաստորեն, քավության առաջին նոխազը դարձավ Ապարանի ոստիկանապետը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ իրավապահ համակարգում երեկվանից ակտիվորեն քննարկվում է Ապարանի կրակոցների հարցը: Մասնավորապես, կոնկրետ բարձրացվել է իրավապահների անգործության կամ իրավիճակին չտիրապետելու հարցը: Բանն այն է, որ, պաշտոնական տեղեկությունների համաձայն, Ապարանում միջադեպի մասնակիցները մի քանի օր շարունակ խնդիրներ են ունեցել միմյանց հետ, տարբեր տեղերում հանդիպել, հաշիվներ են պարզել, եւ վերջնարդյունքում տեղի է ունեցել մարդասպանություն: Ակտիվորեն քննարկվում է, թե որ մարմնի որ ղեկավարի անգործության պատճառով տեղի ունեցան կրակոցներ, ինչու իրավապահ համակարգի ներկայացուցիչներին չի հաջողվել մի քանի օր շարունակ ընթացող բախումները վերահսկել, որ իրավիճակն այդպիսի հանգուցալուծում չունենար:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ոստիկանության Ապարանի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության մայոր Ռաֆայել Պողոսյանը: Հիշեցնենք, որ հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ. նրանից մեկի վիճակը եւս ծանր է: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 32-ամյա տղամարդն է իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ:
ԿԱՆՉԵԼ ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ
Պետական ողջ համակարգը՝ ի դեմս քննչական մարմնի, լծվել է 44-օրյա պատերազմի հերոսների ծնողներին լռեցնելու գործընթացին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ «Դրա համար օգտագործվում են թույլատրելի եւ ոչ թույլատրելի բոլոր միջոցները։ 2022թ. հունիսի 16-ին ծնողները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի կողմից առերեւույթ հանցագործություն կատարելու դեպքի առթիվ։ Այդ հիմքով միջնորդություն է ներկայացվել նաեւ քննչական կոմիտեում քննվող քրեական գործն ըստ քննչական ենթակայության ԱԱԾ քննչական դեպարտամենտ ուղարկելու վերաբերյալ։ Դրան հաջորդում է Քննչական կոմիտեի պատասխանը՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ԱԱԾ ուղարկելու փոխարեն, Գալեյանների վերաբերյալ քրեական գործն էլ վերցվում է ԶՔԳՎ վարույթից եւ տեղափոխվում Քննչական կոմիտե։ Այսօր Գալեյանը կանչվել է քննչական գործողությունների։ Պատկերացնում ե՞ք, Գալեյանների վերաբերյալ քրեական գործը քննելու է մի կառույց, որի ղեկավարի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Գալեյանների կողմից»,- գրել է նա։
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ առերեւույթ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, որոնք Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Այգեշատ բնակավայրի՝ 1966 եւ 1967թթ. ծնված բնակիչներ են: Վերջիններս, 2022թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Երեւան քաղաքում իրականացվող հավաքներին լայն շրջանակներ ներգրավելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու նպատակով գործով դեռեւս չպարզված անձանցից գումարներ են ստացել ու բաժանել, ինչի կապակցությամբ միմյանց հետ կատարել են բազմաթիվ քննարկումներ, որոնցից մեկի վերաբերյալ ձայնագրությունը եւ հրապարակումը տարածվել էր համացանցում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` Այգեշատի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մյուսին՝ 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: