ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 35

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020-ի հունվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «100 փաստ՝ նոր Հայաստանի մասին» հայտարարությունների շրջանակներում խոսում էր զինծառայողների կենցաղային հարցերը բարելավելու ու բանակում իրականացվող փոփոխությունների մասին: Լրատվամիջոցների համար Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցնում էր, թե զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերների կողմից իրականացվել է ավելի քան 40 զորամասի պարենավորում: «Մարտական դիրքերի սննդակարգի բարելավման նպատակով հատկացվել է մեղր, ճարպ, սխտոր եւ սեւ պղպեղ: Շարունակվում են համազգեստի եւ ճտքավոր կոշիկների որակի բարելավման եւ հարմարավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս ծրագրի արդյունքում բարելավվում է ոչ միայն զինծառայողների սնունդը, այլեւ նրանց ծնողների սոցիալական վիճակը, քանի որ ծնողները ստիպված չեն լինում գումարներ ծախսել իրենց զավակների զինվորական ծառայության բերումով: Զորամասերի հրամանատարությանը տրամադրվում է ամենամսյա, ընթացիկ, չկանխատեսված ծախսերի գումար, որն ուղղվելու է զորամասերի առօրեական մանր ծախսերը հոգալուն, ինչը մինչ այժմ նախատեսված չի եղել»,- հպարտորեն ասում էր նա: 44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո, սակայն, պարզ դարձավ, որ Փաշինյանի հայտարարությունները որեւէ կապ չունեն իրականության հետ, քանզի մարտադաշտում կռվող զինվորականների ոչ միայն սնունդը, այլեւ տարատեսակ այլ իրերը՝ ընդհուպ վիրակապերն ու չոր սնունդը, նրանց ծնողներն էին ապահովում: Ավելին՝ ռազմարվեստի մասնագետները վստահեցնում էին, որ ռիսկային է բանակի սննդամատակարարումը մասնավոր ընկերությունների հանձնել ու հրաժարվել, օրինակ, դաշտային խոհանոցից: Եվ, իսկապես, պատերազմի օրերին տեսանք, որ զինվորականները, բացի չոր սննդից, ուրիշ ոչնչով չէին սնվում, որովհետեւ մասնավորին հանձնված ճաշարանները ռազմաճակատ սնունդ հասցնել չէին կարողանում: Իրականությանը չէր համապատասխանում նաեւ Փաշինյանի այն համոզմունքը, թե զինվորականների ծնողների հոգսը թեթեւացել է, քանի որ նրանք իրենց զինվոր երեխաների ծառության վրա գումար չեն ծախսում. զինվորների ծնողներն են մինչեւ օրս հոգում զավակների ներքնաշորերի, քաղցրեղենի, ծխախոտի, երբեմն նաեւ համազգեստի, կոշիկների հարցը: Դրա ապացույցը ժամկետային ծառայության մեջ գտնվող զինվորի ծնողների հավաստիացումներն են ու ամեն ամիս զինվորին ուղարկվող գումարը, հետեւաբար Փաշինյանի պնդումը, թե զինվորների կենցաղային հարցերը բանակն է կարգավորում, հերթական սուտն է եղել:

 

 

 

 

Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չցանկացավ խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, սակայն նշեց, թե շարունակում է կանգնած մնալ հայ ժողովրդի կողքին եւ աջակցել ի պաշտոնե: Հավելենք, որ ապրիլին Եվրախորհրդարանի պատգամավորներ Լուկաս Ֆուրլասի եւ Ֆրանսուա-Քսավյե Բելամիի նախաձեռնությամբ 43 եվրապատգամավոր՝ բոլոր գլխավոր քաղաքական խմբակցություններից, նամակ են հղել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին եւ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության բարձր ներկայացուցիչ Ժոզեփ Բորրելլին՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ։ Նրանք ԵՄ գործադիր ղեկավարներին կոչ են անում օգտագործել Եվրամիության տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը վերջ տա Արցախում իր ագրեսիվ քաղաքականությանը: Դիմումից ամիսներ անց եվրոպացի խորհրդարանականի տեսակետը չի փոխվել, եւ նա մեզ հետ զրույցում նորից կրկնեց, թե Եվրոպան պետք է  աջակից լինի հայ ազգին եւ փորձի կարգավորել այն խնդիրները, որոնց նա հանդիպում է: «ԻբրեւՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար՝ ես պայքարում եմ օրենքի գերակայության համար: Մեր պայքարն ընդհանուր է, սակայն ես չեմ ցանկանում խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, քանի որ դա առնչվում է երկրի քաղաքացիներին: Սակայն ես աջակցում եմ հայ ազգին, եւ նրանց պայքարն արդար է՝ կապված տարածք ներխուժման հետ (ադրբեջանական զորքերի-խմբ.)», – հավելեց նա:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկությունների  համաձայն՝ ՀՀ  քննչական  կոմիտեն  ծանուցում է ուղարկել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին, որ նա   ներկայանա կոմիտե  եւ  բացատրություն տա իր  կողմից հրապարակված աղմակահարույց  ձայնագրության  մասով։ Մեզ  հայտնի  դարձավ,  որ Ռուբեն  Վարդազարյանը այսօր առավոտյան  կներկայանա  Քննչական  կոմիտե: Հիշեցնենք, որ  հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին հրապարակվել  էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, ինչի ժամանակ մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։ Անցած տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ եւ խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։ Ո՞վ եւ ի՞նչ հրահանգ պետք է տա, եւ ո՞վ կատարի։ Ո՞ւմ նկատի ունի ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարողը։ Եթե անգամ հրահանգ կա, ապա դա ինչ հիմունքներով է իրականացվում, գրավոր, թե բանավոր է այն լինելու, ու, վերջապես, օրինական ուժ ունենալու է այն արդյոք։ Սրանք հարցեր են, որ իրենց պատասխանները պետք է պարտադիր իրավական հարթությունում ստանան։ Նորից, սակայն, հարց է՝ քաղաքական իշխանությունն ու պատկան բոլոր օղակները բավարար կամք կունենան արդյոք արդարամտորեն եւ հետեւողական քննելու ու ստանալու բոլոր հարցերի պատասխանները։ Հուսանք՝ այս  հարցերի  պատասխանը  կտան  իրավապահները:

 

 

 

Երեկ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին` Արմեն Մհերյանին: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան Մհերյանի մասին: Պարզվում է՝ Մհերյանը մինչ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար նշանակվելը Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ է զբաղեցրել. վերջերս նա զբաղեցրել է ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալի պաշտոնը: Ավելին՝ Արմեն Մհերյանը, պարզվում է, սեր ունի ավտոմեքենա գնելու եւ վաճառելու հետ, համենայնդեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվում նրա՝ 2021 թվականի ունեցվածքի ու գույքի տարեկան հայտարարագրից: Մհերյանը նախորդ տարի միայն 3 ավտոմեքենա է վաճառել: Ըստ պաշտոնյայի ներկայացրած հայտարարագրի՝ Մհերյանը վաճառել է 2017 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա 14 հազար դոլարով: Բացի այս, նա 1 մլն 950 հազար դրամով վաճառել է 2014 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա եւ 14 հազար 500 դոլարով՝ 2012 թվականի արտադրության Ford: Սրան զուգահեռ նկատենք, որ Մհերյանն անցյալ տարի գնել է 2018 թվականի արտադրության Ford 3 մլն դրամով, Vaz` 50 հազար դրամով, Tօyota` 100 հազար դրամով: Թե ինչպես է պաշտոնյան հաջողեցրել 100 հազար դրամով կամ 50 հազար դրամով ավտոմեքենա գնել, հայտնի չէ: Բայց սա դեռ ամենը չէ. Մհերյանը 2019 թվականին Արաբկիր վարչական շրջանում մեկ բնակարան եւ մեկ ավտոտնակ է գնել, նաեւ մեկ ավտոտնակ Մհերյանն ունի Նոր Նորքում: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 2013 դոլար, իսկ կանխիկ գումար ունեցել է 2 մլն դրամի եւ 32 հազար դոլարի չափով:

 

 




Լրահոս