Դեռեւս ապրիլից մեկնարկած «Դիմադրություն» շարժումը երբ հայտարարեց, որ Երեւանի Ֆրանսիայի հրապարակից հավաքում է վրաններն ու անցնում պայքարի այլ մարտավարության, շարժման համակիրներն ասես տհաճ անակնկալի բախվեցին: Թեեւ ընդդիմադիրները վստահեցնում են, որ, հանուն հայկական երկու հանրապետությունների՝ Հայաստանի ու Արցախի անկախության ու պետականության պահպանման, շարունակելու են պայքարել ամենատարբեր ձեւաչափերով ու գործիքակազմերով, այնուամենայնիվ մարդիկ հստակ ու կոնկրետ պատասխան են ուզում լսել՝ ինչ նոր մարտավարության մասին է խոսքը: Քաղաքագետներից ոմանք էլ այն տեսակետին են, թե ընդդիմադիրները տապալեցին մեծ թափ ստացած շարժումն ու հաղթաթուղթ տվեցին քաղաքական իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագրի» եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը, ավելին՝ ամրապնդեցին նրա իշխանությունը: «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը, որ մշտապես Ֆրանսիայի հրապարակում էր ու մոտիկից էր զգում շարժման շունչն ու շփվում թե՛ քաղաքացիների, թե՛ գործընկեր քաղաքական գործիչների հետ, վստահեցնում է՝ շարժումը ոչ թե մարել, այլ կարճ դադար է վերցրել:
-«Դիմադրություն» շարժումը հայտարարեց, որ Ֆրանսիայի հրապարակից հավաքում է վրանները. կարծես շարժումը թափը կոտրել է կամ նահանջի տրամադրության մեջ է: Դուք միշտ Ֆրանսիայի հրապարակում էիք, շոշափում էիք այնտեղի տրամադրությունները: Ի՞նչ կատարվեց, ի՞նչ գնահատական կտաք:
-Ես չեմ կիսում նահանջելու տրամադրությունը: Գուցե մի փոքր վերագնահատելու կամ դադար տալու վիճակ լինի, նոր հանգամանքներ վերհանելու տրամադրություն լինի, բայց նահանջի տեղ չկա, որովհետեւ նահանջը նշանակում է համաձայն լինել այն կործանարար քաղաքականությանը, որն անում է Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում: Ինտենսիվության որոշակի թուլացումը վերականգնվելու է ու ավելի ու ավելի է ծավալվելու:
-Դադարը չի՞ կարող պատճառ հանդիսանալ, որ մարդիկ ետ քաշվեն: Մի կողմից՝ շարժման անդամները հայտարարում էին, որ ժամանակ չկա կորցնելու, պահն օրհասական է, մյուս կողմից՝ Դուք ասում եք, որ այս ամենը կարող է դադարի նման լինել: Չի՞ կարող դադարը կոտրել:
-Չեմ կարծում, որովհետեւ ովքեր գալիս էին Ֆրանսիայի հրապարակ, բոլորն էլ գիտակից մարդիկ էին: Նրանք տրամադրության, հավեսի, «դրայվի» համար չէին գալիս, նրանք մտահոգված էին: Նախօրեին այն շտապ հավաքը, որ տեղի ունեցավ, բավականին շատ մարդ հավաքեց: Այն, ինչ Դուք եք ասում, այդպես չէ: Գուցե մարդիկ կլինեն, որոնք իսկապես հիասթափվել են, բայց այսպիսին է ընթացքը: Վերագնահատելուց, վերակազմակերպելուց հետո պետք է կարողանալ այնպես անել, որ ակցիաներին մեծ թվով մարդիկ մասնակցեն:
-Դուք ինչպե՞ս եք պատկերացնում հետագան:
-Պատկերացնում եմ, որ ավելի շատ կազմակերպչական աշխատանքների արդյունքում անհնազանդության ակցիաներին շատ ավելի մեծ թվով մարդիկ ներգրավվեն: Թույլ տված սխալներն ուղղելու հմարավորություն լինի, վրիպումների ուղղում լինի: Ուղերձներն ավելի հղկվեն, ավելի ներառական լինեն, ավելի հստակություն, որոշակիություն պարունակեն: Սա ենթադրում է նաեւ որոշակի մասնագիտական աշխատանք: Իսկ, ընդհանուր առմամբ, երբ նայում ենք, թե որքան մարդ էր մասնակցել Ֆրանսիայի հրապարակում մեկուկես ամիս տեւած ցույցերին, մենք տեսնում ենք, որ համահավաք շատ-շատ մարդիկ են մասնակցել: Հետեւաբար պետք է կարողանալ ճիշտ ախտորոշել եւ կազմակերպել այնպես, որ այդ համահավաքի արդյունքը, որն եղավ ժամանակային լայն ընդգրկման մեջ, հնարավոր լինի բերել ժամանակային նեղ ընդգրկման մեջ: Այսինքն՝ մեկուկես ամսվա ընթացքում շատ մարդ հավաքվեց, պետք այդ շատ մարդկանց կարողանալ տեղավորել ավելի քիչ օրերի ընթացքում: Սա դժվար բան է. ես չեմ կարող ասել՝ քայլերի հաջորդականությունը որն է, որովհետեւ քաղաքականության մեջ եմ, սակայն քաղտեխնոլոգ չեմ, որպեսզի կարողանամ ասել: Նման գնահատականներ տալը մասնագիտական լուրջ աշխատանք է:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ԱՀԱԶԱՆԳ Է ՍՏԱՑԵԼ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական համձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Երկու նախարար փոխվեց, երրորդը պաշտոնավարում է, սակայն Սեւանի ափամերձ համայնքների բնակիչների կարեւոր խնդիրը չի լուծվում: Գեղարքունիքից ստացված նոր ահազանգի հետքերով.. Դեռ 2019 թվականի սեպտեմբերին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ներկայացրել էի Սեւանի ափամերձ համայնքների բնակիչներին պատկանող եւ նրանց կողմից տարիներ շարունակ օգտագործվող հողերի սեփականության վկայականների ձեռքբերման խնդիրների վերաբերյալ կարեւոր հարցը, մասնավորապես՝ Կարճաղբյուր, Ծովակ եւ Նորակերտ համայնքների բնակիչների՝ սեփականության վկայագրերի ձեռքբերման մասին։ Ի պատասխան՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ուսումնասիրություն է իրականացվել, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով աշխատանքները չեն ավարտվել։ Այնուհետեւ նախարարը բանավոր զրույցի ժամանակ հավաստիացրեց, որ խնդիրն առաջիկայում կկարգավորվի։
Նախարարի խոստումից մոտ 1 տարի անցավ, սակայն, ցավոք, չունեցանք սպասված լուծումը։
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից Էրիկ Գրիգորյանի ազատումից հետո շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Վահե Ջիլավյանին ուղղեցի հերթական գրությունը։ Արդեն նախարար նշանակված Ռոմանոս Պետրոսյանից ստացա պատասխան, համաձայն որի՝ համապատասխան նախագիծը հանվել է շրջանառությունից։ Միաժամանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ համապատասխան ֆինանսական միջոցների առկայության եւ համայնքի կողմից սեփական միջոցների հաշվին անհրաժեշտ չափագրման աշխատանքներ իրականացնելու դեպքում նախարարության կողմից հարցը սահմանված կարգով կներկայացվի կառավարության քննարկմանը։ Անցավ եւս մոտ 2 տարի, սակայն Գեղարքունիքի բնակիչների բարձրացրած խնդիրը կրկին չլուծվեց։
Գեղարքունիքի մարզից հերթական ահազանգից տեղեկացա, որ մարդիկ վրդովված են, պահանջում են կառավարությունից հրատապ լուծում։ Եվ օրերս կրկին պաշտոնական գրությամբ դիմեցի ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Ներկայացնելով այս ողջ գործընթացը՝ համապատասխան հարցեր ուղղեցի նախարարին խնդրի լուծման ընթացքի վերաբերյալ։ Միաժամանակ առաջարկեցի դիտարկել համապատասխան նախագիծը կառավարության քննարկմանը ներկայացնելու հարցը, որի լուծմանը տարիներ շարունակ սպասում են Գեղարքունիքի մարզի շահագրգիռ քաղաքացիները։
Ի պատասխան՝ նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացնում է, որ «Սեւան» ազգային պարկի եւ համայնքների միջեւ առկա սահմանային անճշտություններն ու խնդրահարույց հարցերը բազմաթիվ են եւ դրանց համապարփակ լուծում տալու նպատակով «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում մեկնարկել են «Սեւան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման աշխատանքները: Ներկայումս կազմվել է կառավարման պլանի տեխնիկական առաջադրանքը, աշխատանքներն ընթացքի մեջ են: Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ծովակ եւ Նորակերտ համայնքների սահմանների ճշգրտման հարցը եւս նախատեսվում է դիտարկել կառավարման պլանի մշակման շրջանակներում:
Ստացվում է՝ նշված ժամանակահատվածում շրջակա միջավայրի երկու նախարարներ փոխվեցին, այժմ էլ պաշտոնավարում է նախարար Հակոբ Սիմիդյանը, սակայն գոնե այս ողջ՝ շուրջ 3 տարիների ընթացքում կառավարությունը չի լուծում մարդկանց համար այս կարեւոր հարցը։
Շարունակելու եմ հետեւողական լինել եւ իրականացնել իմ լիազորություններից բխող բոլոր անհրաժեշտ քայլերը»։
ԹԱՆԿԱՐԺԵՔ ԺԱՄԱՆՈՒՄՆԵՐ
Այս տարվա մայիսի 26-27-ը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը: ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Չեռնոգորիայի նախագահն ու նրա գլխավորած պատվիրակությունը գիշերել են «Երեւան» հյուրանոցում: Տեղեկացանք նաեւ, որ գիշերելն արժեցել է մոտ 1.5 մլն դրամ: Նշենք, որ, պաշտոնական հաղորդագրության համաձայն, Հայաստան այցի ընթացքում Չեռնոգորիայի նախագահը հանդիպել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քննարկել են ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները: Մայիսի 19-ից 20 էլ Հայաստանում էր գտնվում Լիտվայի նախագահը: Պաշտոնական այցի շրջանակում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդիենը հանդիպումներ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գիտանաս Նաուսեդային հյուլընկալեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Լիտվայի նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակությունը Հայաստանում գիշերել են «Ալեքսանդր» հյուրանոցում: Մեկ գիշերվա համար բյուջեից վճարվել է 3 մլն դրամ:
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում վարորդին տրանսպորտային միջոցի շահագործումն արգելելու դեպքում ժամանակավոր հաշվառման փաստաթուղթը կտրամադրի պարեկային ծառայողը: Բանն այն է, որ կառավարության որոշմամբ հաստատված փաստաթղթի ձեւի մեջ որպես այդ փաստաթուղթը տրամադրող մարմին է նշված միայն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը: Տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելվում է, եթե այն օրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն, կամ սահմանված կարգով փակցված չէ տվյալ տարվա տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը: Ավելին՝ տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելվում է, եթե այն անօրինական վերասարքավորված է: Նշենք, որ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր փաստաթուղթ` տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը փակցնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու համար: Իսկ տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: