Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին՝ 2021 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, իր ամփոփիչ ելույթում անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունից Արցախին տրվող օգնությանը: Իր սովորության համաձայն՝ նա արեց մի քանի մանիպուլյատիվ հայտարարություններ:
Փաշինյանը, մասնավորապես, հայտարարեց, որ Արցախի բյուջեն երբեք ավելի մեծ չի եղել, քան այժմ է, եւ դա՝ շնորհիվ Հայաստանի կառավարության աջակցության։ Ըստ Փաշինյանի՝ 2021թ. Հայաստանի կառավարության բյուջետային աջակցությունը Արցախին աննախադեպ է իր մեծությամբ. «Որպեսզի պատկերը պարզ լինի, ասեմ, որ 2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117.9 մլրդ դրամ, որն ամենաբարձրն է եղել մինչպատերազմական ողջ շրջանում, այսինքն՝ 90-ականներից սկսած։ […] 2021 թվականին արդեն Արցախի բյուջեի եկամտային մասը կազմել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը ՀՀ վճարած գումարն է։ […] Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, եւ Հայաստանի Հանրապետությունը երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել»։
Փաշինյանը հավելեց նաեւ, որ 2021 թվականին Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ կառավարությունը, եւ որ 2021-ին Հայաստանի կառավարության աջակցությունն ավելին է եղել, քան 2019 թվականի Արցախի ամբողջ բյուջեն:
Նախ՝ հարկ է նշել, որ յուրաքանչյուր տարի Հայաստանից Արցախին տրամադրվող աջակցությունը, ըստ էության, ոչ թե աջակցություն է, այլ բյուջետային վարկ, պարզապես՝ շատ ցածր (0.01%) տոկոսադրույքով։
Վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը երբեք այսքան մեծ աջակցություն չի ցուցաբերել Արցախին, բացարձակ իմաստով ճիշտ է, սակայն տրամադրվող աջակցության ծավալների մեծացումը 2020-ի պատերազմից հետո նպատակ ունի մեղմել Արցախում պատերազմից հետո սկսված ծանր սոցիալական պայմանները, այլ կերպ ասած՝ պատերազմի հետեւանքները։
Ըստ Արցախի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության՝ 2019 թվականին, առանց Հայաստանի աջակցության, Արցախի բյուջեի եկամուտները կազմում էին մոտ 54,7 մլրդ դրամ, իսկ արդեն 2021 թվականին՝ 19,5 մլրդ դրամ։
2020 թվականին Հայաստանը Արցախից գնել էր 223 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, փոխարենը վաճառել ընդամենը 36,6 մլն կվտ/ժ, ապա արդեն 2021-ին Արցախից Հայաստան էր հոսել ընդամենը 16.5 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ հակառակ ուղղությամբ՝ արդեն 142.6 մլն կվտ/ժ։
Հետաքրքիր են նաեւ ոչ միայն բացարձակ թվերը, այլեւ Արցախի բյուջեի եւ Հայաստանի աջակցության հարաբերակցության մասին Փաշինյանի համեմատությունը։ «2021 թվականին Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ կառավարությունը, եւ 2021թ. Հայաստանի կառավարության աջակցությունն ավելին է եղել, քան 2019 թվականի Արցախի ամբողջ բյուջեն»։
Սա եւս ճիշտ է, սակայն կրկին Փաշինյանը չի նշում, թե ինչի հետեւանք է դա, եւ ինչպիսին էր այս հարաբերակցությունը մինչեւ պատերազմը։
2018 թվականին Արցախի բյուջեն կազմում էր 96.4 մլրդ դրամ, որից Հայաստանից տրամադրվող աջակցությունը կազմում էր 51.4 մլրդ դրամ կամ 53.3 տոկոսը։
2019 թվականին Արցախի բյուջեն կազմում էր 112.5 մլրդ դրամ, որից 57.8 մլրդ դրամը Հայաստանից տրամադրվող աջակցությունն էր կամ 51.4 տոկոսը։
2020 թվականին Արցախի բյուջեն կազմել էր արդեն 120.9 մլրդ դրամ, որից Հայաստանից տրամադրվող գումարը կազմում էր մոտ 65 մլրդ դրամ կամ 53.7 տոկոսը։
Այսինքն՝ մինչ պատերազմը Արցախի բյուջեի մոտ կեսն էր տրամադրվում Հայաստանի կողմից, եւ ինչպես վերեւում նշեցինք, նախորդ տարի հատկացված գումարների մի մասը ոչ թե բյուջետային վարկի շրջանակներում են տրվել, այլ տարբեր սոցիալական ծրագրերի միջոցով։ Սա եւս ապացուցում է, որ պատերազմից հետո Հայաստանից տրամադրվող գումարների նման աճը կապված է բացառապես պատերազմի հետեւանքների վերացման հետ։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՎԻՐԱՎՈՐԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գարիկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Գառնիկի Մելքոնյանին, նրա հանրային գործունեությամբ պայմանավորված, հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելու եղանակով հրապարակային հասցրել է ծանր վիրավորանք՝ հայհոյելով վերջինիս:
ԼՍՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավորներ՝ Վահագն Հովակիմյանը, Արփի Դավոյանը, Հակոբ Ասլանյանն ու Արմեն Խաչատրյանը, ներկայացրել են «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ: Այն արդեն ներկայացվել է խորհրդարանին, ընդգրկվել է նախագծերի թվում, եւ ավելին՝ այսօր էլ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ հենց այդ նախագծի թեմայով: Նկատենք, որ փոփոխությունների փաթեթում ներառված է նաեւ մեկ այլ նախագիծ՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Հետաքրքիր է, որ այս փոփոխություններով ավագանուն օրենքով ինքնալուծարվելու հնարավորություն են տալիս: Նշենք, որ սա եւս մեկ հնարավորություն է ավագանին ժամկետից շուտ լուծարելու համար: Ինչպես հայտնի է, Հրաչյա Սարգսյանը Երեւանի քաղաքապետ է ընտրվել ավագանու նախորդ տարվա դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ, երբ անվստահություն էր հայտնվել նախորդ քաղաքապետ Հայկ Մարությանին:
ՆՈՐ ՆՈՐՔԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
ArmLur.am-ի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նոր Նորքի վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին: Մենք տեղեկացանք, որ նոր ղեկավար է նշանակվել Արմեն Մհերյանը: Այս նշանակումն ուշագրավ է այնքանով, որ վերջին շրջանում քաղաքային իշխանությունում որոշումներ կայացնողը նախկին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, որը համարվում է ՔՊ-ի քաղաքապետի ապագա թեկնածուն: Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել է որ, որ ՔՊ-ի ներսում որոշում կա Նոր Նորքի բնակիչ Գուրգենին նշանակել այդ պաշտոնում, սակայն բոլորի համար անակնկալ կերպով երեկ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին, որը եւս նախկինում պաշտոններ է զբաղեցրել, սակայն ընդհանուր առմամբ անծանոթ է:
ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին կայացել է Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպում։ Մինչեւ այժմ էլ՝ հունիսի 4-ին էր տեղի ունեցել հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հանդիպումը՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանի տարածքով Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային կապն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի անցման հնարավոր երթուղիների շուրջ։
ԱՆԱՐԴՅՈՒՆՔ «ՎՈՅԱԺՆԵՐԸ»
Վերջին շրջանում իշխանության տարբեր ներկայացուցիչներ հպարտորեն խոսում են Եվրոպա այցերի, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին եւ ասում, թե եվրոպացի գործընկերների հետ հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են: Բացի տարատեսակ հայտարարություններից, իշխանությունները նաեւ խոսում են եվրոպական կողմի հետ տարբեր պայմանագրեր կնքելու եւ համաձայնություններ ձեռք բերելու մասին: Փաստն այն է, սակայն, որ ռազմավարական բնույթի փաստաթուղթ Հայաստանն ունի միայն ՌԴ-ի հետ, եւ եվրոպական տարբեր երկրների հետ ունեցած պայմանագրերը միայն տնտեսական, կրթական, մշակութային համագործակցության մասին են եղել:
Խոսենք միայն ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի վերջին այցերի մասին: Օրինակ՝ հունիսի 14-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվում էր Բուլղարիայում: Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նիկոլա Մինչեւի հետ հանդիպման պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մայիսի 20-ին Արարատ Միրզոյանը Թուրին էր մեկնել եւ այնտեղ եւս բազմաթիվ հանդիպումներ ունեցել տարբեր երկրների արտաքին գործերի նախարարների հետ, սակայն այդ հանդիպումները եւս ավարտվել են միայն հարաբերություններ զարգացնելու վերաբերյալ հայտարարություններով եւ առանց կոնկրետ արդյունքների: Եվս մեկ անգամ ընդգծենք, որ ռազմավարական բնույթի փաստաթուղթ Հայաստանն ունի միայն ՌԴ-ի հետ. Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազգային ժողովում վաղը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների թեմայով լսումներ են հրավիրված: Նախաձեռնողը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն է: ArmLur.am-ը խորհրդարանաի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ փոփոխությունների նախաձեռնողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն են, որոնք առաջարկում են իջեցնել խորհրդարանական ընտրությունների համար սահմանված անցողիկ շեմը՝ կուսակցությունների համար սահմանելով 4, դաշինքների համար՝ 8 տոկոս՝ նախկին 5 եւ 10 տոկոսների փոխարեն:
«Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջեւ, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի՝ կուսակցության դեպքում՝ 4 տոկոս, մինչեւ երեք կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 8 տոկոս, իսկ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ»,- ասվում է փոփոխության մեջ: