ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վտարում ու ցեղասպանություն. ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանն Արցախը փորձի մեկուսացնել ՀՀ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչև հայաստանյան քաղաքական ու հասարակական դաշտը շարունակում է զարմանալ ու զայրանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ Բերձորի ու Աղավնոյի մասին հայատրարությամբ, Ադրբեջանը լայն թափով շարունակում է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցումը:
Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, կսկսվի Գորիսի Կոռնիձոր գյուղից, կանցնի արցախյան Հին շեն և Մեծ շեն գյուղերով, ապա կմիանա Եղցահող ու Լիսագոր ավտոճանապարհին: 32 կմ երկարությամբ ճանապարհն, ըստ երևույթին, ռուս խաղաղապահները կհսկեն:

Այն, որ պաշտոնական Բաքուն շտապում է կյանքի կոչել նոյմեբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, ինչն էլ հենց ենթադրում է նոր ճանապարհի կառուցումը, «ժողովուրդ» օրաթերթը քանիցս է գրել: Լաչինի միջանցքի փոխարեն կառուցվող այլընտրանքային ճանապարհի մասին լրագրողների բարձրաձայնումներին ադրբեջանագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ծանոթ է, բայց և շեշտում է, որ հանրային տրամադրութունների առումով դժվար է հարմարվել իրականացվող հերթական զիջումների հետ:
Բերձորի ճանապարհի կենսական լինելը քննարկման առարկա լինել չի կարող, ու եթե հանկարծ Ադրբեջանը փորձի կամ կարողանա Արցախն իզոլացնել Հայաստանից, ապա մեր հայրենակիցները, ահազանգում է Հայրապետյանը, վտարման կամ ցեղասպանության վտանգի առաջ կհայտնվեն:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա մեր զրուցակցի համոզմամբ՝ ակնհայտ է՝ համանախագահող երկրները տարբեր հարցերի շուրջ տարակարծություն ունեն, բայց Հայաստանի համար Մինսկի խմբի ձևաչափը նախևառաջ կարևոր է ինքնորոշման իրավունքի կենսական դրույթով: Պատերազմից հետո, հիշեցնում է Հայրապետյանը, Միսնկի խմբից համանախագահ երկրների կողմից համատեղ երկու հայտարարություն եղել է, բայց դրանից հետո խմբի հետ աշխատանքը չի շարունակվել:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելուն, ապա նախկին պատգամավորի տեսակետով՝ հայաստանյան հասարակությունը դրան չի հավատում, իսկ Փաշինյանի վերջին՝ խաղաղության պայմանագրի մասին հայտարարությունը, ըստ Հայրապետյանի, խոստովանություն էր:
Ակնհայտ է՝ «խաղաղության պայմանագրի» ներքո՝ Ադրբեջանն ինչ է հասկանում, այն է ՝ Հայաստանն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել, բայց հարց է, թե դրա մասով ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Երևանը: Ըստ մեր զրուցակցի՝ օրվա իշխանությունը հստակ օրակարգ ներկայացնելու փոխարեն շարունակում է պայքար մղել անցյալի դեմ:

Սևակ Վարդումյան




Լրահոս