«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կկատարվի: Ավելին՝ ArmLur.am-ը տեղեկացավ, որ զորահավաքային ամրագրման պահանջները խախտելու համար տուգանք կնշանակվի:
Նշենք, որ խաղաղ ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով անցկացվում են եռամսյա վարժական հավաքներ: Վարժական հավաքներին շատ հաճախ ընդգրկվում են աշխատող պահեստազորայիններ, որոնք կարեւոր եւ առանցքային դեր ունեն կազմակերպությունների համար, եւ դա խոչընդոտում է կազմակերպությունների գործունեությունը: Բացի այդ, բարձր որակավորում ունեցող եւ մասնագիտական հմտություններ ունեցող աշխատակիցները կամ ղեկավար աշխատակիցներն ապահովում են կազմակերպությունների ընդհանուր ղեկավարումը, ստանում են բարձր աշխատավարձեր, եւ գործատուն ստիպված է լինում պահպանել վերջիններիս վարձատրությունը՝ ըստ այդմ կրելով ֆինանսական մեծ կորուստներ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կազմակերպությունների մոտ լուրջ մտահոգություններ են առաջացել. որոշ ընկերություններ անգամ իրենց գործունեությունը արտերկիր տեղափոխելու վերաբերյալ դիրքորոշումներ են հայտնել:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում, այսինքն՝ հնարավոր կլինի նաեւ վարժական հավաքներից ազատվել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ կառավարության կողմից սահմանված կարգով վարժական հավաքներից կարող են ազատվել կազմակերպությունում (բացառությամբ զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների) աշխատող, համապատասխան մասնագիտություն ունեցող կամ պաշտոն զբաղեցնող այն քաղաքացիները, որոնց մասնակցությունը վարժական հավաքներին կխաթարի կազմակերպության բնականոն գործունեությունը:
Բացի այս, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից ՀՀ կառավարության կողմից սահմանված զորահավաքային ամրագրման կարգերի պահանջները խախտելու համար կնշանակվի տուգանք՝ 100 հազար դրամի չափով:
Այս խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի, առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200.000 դրամի չափով:
Իսկ պահեստազորայինների վերաբերյալ տվյալները օրենսդրությամբ սահմանված կարգով չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50.000 դրամի չափով: Նույն խախտումը երկրորդ անգամ կատարելու դեպքում անձը կտուգանվի 100 հազար դրամի չափով: Վարժական հավաքներից ազատման պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50 հազար դրամի չափով: Երկրորդ անգամ նույն արարքը կատարելը կառաջացվի տուգանքի նշանակում՝ 100 հազար դրամի չափով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՈՒՂԵՎՈՐԱՀՈՍՔԸ ՆՎԱԶԵԼ Է
Մինչեւ կորոնավիրուսի համավարակը, 2020 թվականի աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմը Երեւանից դեպի Տավուշի մարզի Դիլիջան եւ Իջեւան քաղաքներ եւ հակառակ ուղղությամբ ամեն ժամ միկրոավտոբուս էր գործում։ Ներկայումս առավոտյան ժամը 9-ից Իջեւանից եւ Դիլիջանից դեպի Երեւան, ժամը 10-ից՝ Երեւանից դեպի Դիլիջան եւ Իջեւան «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ են մեկնում, հաջորդ ուղերթները լինում են երկուական ժամ անց։ Տեխնիկապես մաշված «Գազել»-ները ճանապարհին՝ Սեւանի ԱԳԼՃԿ-ներում գազով լիցքավորվում են, ինչը մոտ 15 րոպեով երկարացնում է ուղերթի տեւողությունը։ Ողեւորահոսքի նվազման պատճառը միայն սեփական ավտոմեքենաների եւ նշված ուղղություններով գործող տաքսիների առկայությունը չէ, այլ նաեւ Տավուշի մարզում տնտեսական ակտիվության նվազումը։ Տեւական ժամանակ է, ինչ չի գործում Նոյեմբերյան-Իջեւան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղին։ Պատճառը այդ երթուղում ուղեւորների պակասն է։
Ոսկան Սարգսյան
Տավուշ
ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված են լռությունը խախտելու համար նախատեսված տուգանքները`
- գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչեւ 7.00-ն, բացառությամբ նշված հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաեւ այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը, առաջացնում են նախազգուշացում:
- Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով:
- Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 40.000 դրամի չափով:
- Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 200.000 դրամի չափով:
- Առեւտրի եւ ծառայությունների բնագավառում, այդ թվում՝ հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաեւ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ տվյալ առեւտրի եւ ծառայությունների օբյեկտի գտնվելու վայրի, համայնքի ավագանու կողմից սահմանված ժամերին (22.00-ից մինչեւ 7.00-ն, 23.00-ից մինչեւ 7.00-ն եւ 24.00-ից մինչեւ 7.00-ն) լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200.000-300.000 դրամի չափով:
- Սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 1.000.000 դրամի չափով։
ՔԱՂԱՔԱՑԻՆ՝ ԸՆԴԴԵՄ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ»-Ի
ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել քաղաքացի Անդրանիկ Բաղդասարյանը, ում պնդմամբ՝ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել վնասված մեքենայի գնահատման գումարը: ArmLur.am-ը քաղաքացու ահազանգի հետքերով դիմել է նաեւ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերություն՝ պարզելու համար, թե ինչն է խնդիրը:
«Անդրանիկ Բաղդասարյանի դեպքով հայտնում ենք, որ համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող հայտային գործի գծով ավտոմեքենայի վնասները գնահատվել են պատահարի լուսանկարների եւ ավտոմեքենայի վնասվածքների զննման հիման վրա։ Գնահատումից հետո հաճախորդը լրացրել է վերանայման դիմում, որում նշել է մեր փորձագետի կողմից կազմված եզրակացությունում չներառված այլ մասեր, որոնք, իր պնդմամբ, վնասվել են տվյալ պատահարում եւ ենթակա են վերանորոգման։ Սակայն ընկերության համապատասխան արտոնագիր ստացած փորձագետի եզրակացությամբ տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում նշված մասերը չէին կարող եւ չեն վնասվել։ Նման դեպքերում, երբ ապահովագրված անձը համաձայն չէ փորձագետի եզրակացության հետ, ԱՊՊԱ համակարգում նախատեսված են սեփական շահերը պաշտպանելու նպատակով որոշումը բողոքարկելու եւ կրկնակի փորձաքննություն նշանակելու հնարավորություններ։ Կրկնակի փորձաքննության դիմելու համար նախատեսված է 5 աշխատանքային օր ժամկետ, սակայն այդ իրավունքից տվյալ հաճախորդը չի օգտվել։ Հատուցման որոշումը մտել է ուժի մեջ, եւ կարգավորման սահմանված գործընթացը հնարավորություն չի ընձեռում ապահովագրական ընկերությանը այլընտրանքային փորձաքննություն իրականացնել եւ վերանայել վնասի չափը: Այս փուլում այլընտրանքային փորձաքննություն եւ վնասի չափի վերանայում կարող է նախաձեռնել միայն հաճախորդը` դիմելով ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ կամ դատարան։ Նշված երկու ատյանների կողմից կարող են նշանակվել փորձաքննություններ, որոնց հաստատված որոշումները պարտադիր են ապահովագրական ընկերության համար»,- նշված է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության պարզաբանման մեջ։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋՏԵՂՈՒՄ
«Մենք գտնվում ենք մի ճգնաժամի միջնամասում, որը մեզ հետ չէր պատահել առնվազն վերջին 40-50 տարիների ընթացքում, ուստի գիտենք, որ կա գնաճ կոչվող մի երեւույթ, եւ նույնիսկ ԱՄՆ-ի նման երկրներում արձանագրվել է այնպիսի գնաճ, որը հավանաբար վերջին անգամ նրանց հետ պատահել է 1980-ականներին»,- նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Կենտրոնական բանկի մանդատն է ընդհանուր առմամբ տնտեսության համար ապահովել գների կայունություն եւ կանխատեսելի գների հետագիծ, եւ մենք օգտագործում ենք փոխարժեքը որպես գործիք։ Ես չեմ ուզում որպես հաճոյախոսություն ընդունել այն, որ մեր դրամը ամուր է. դա էկզոգեն գործոն է, որը տեղի է ունենում մեզ հետ՝ կապված Հայաստան օտարերկրյա այցելուների հետ: Դա պայմանավորված է նաեւ Հայաստանից արտահանման աճով»,-ասել է նա: