ՏԱՐԵԿԱՆ 53 ՀԱԶԱՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում տարեկան իրականացվում են 53 հազար բժշկասոցիալական փորձաքննություններ, դրանցից 12-15 հազարը առաջնակի փորձաքննվողներն են։ Այս մասին հայտնել է միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության եւ աջակցող միջոցներով ապահովման վարչության պետ Ռիմա Եգանյանը։

 

Նրա ներկայացմամբ՝ 2021 թվականի ընթացքում փորձաքննվել են մոտ 2 հազար անձինք, որոնք պատերազմի հետեւանքով վնասվածք կամ վիրավորում են ձեռք բերել, նրանցից 1498-ի դեպքում տարբեր խմբերի հաշմանդամություն է սահմանվել, 112-ին՝ առաջին խումբ՝ երկու տարի ժամկետով, 396-ին՝ 2-րդ խումբ՝ մեկ տարի ժամկետով, մոտ 980-ին՝ 3 խումբ, 102-ին՝ անժամկետ, քանի որ վերականգնման հեռանկարի բացակայություն է դիտվել։

Ըստ նրա՝ վիրավորում կամ վնասվածք ստացածները 2022 ի փետրվար-մարտից սկսեցին ներկայացնել պատճառային կապի վերաբերյալ փաստաթղթերը. «Փետրվարի 1-ից մինչ օրս պատերազմի ընթացքում վիրավորում եւ վնասվածք ստացած 440 անձի մոտ բժշկասոցիալական փորձաքննություն է իրականացվել, այս թիվը փոփոխական է։ 440-ից 183-ին տրվել է 3-րդ խումբ, 60-ին՝ 2-րդ խումբ, մնացածի դեպքում հաշմանդամությունը 2-րդ խմբից իջեցվել է 3-րդի, կամ չի սահմանվել հաշմանդամություն։ 120 անձի դեպքում չի սահմանվել հաշմանդամություն, իսկ 80-ի դեպքում ժամկետը լրացել է, բայց նրանք դեռ չեն դիմել»,-ասել է նա:

Պատերազմում վերջույթները կորցրած զինծառայողների հարազատները դժգոհում են, որ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող խումբը հաշմանդամության կարգը փոփոխում է։ Հարազատները տարակուսած են՝ ինչու է փոփոխվում հաշմանդամության կարգը, եթե տվյալ անձը, ասենք, ոտքը կամ ձեռքն է կորցրել, եւ մեկ տարի հետո նույն վիճակում է՝ առանց ձեռքի կամ ոտքի։

Այս առնչությամբ, մասնագետի խոսքով, հաշմանդամության կարգը սահմանվում է կառավարության որոշմամբ հաստատված չափորոշիչներով։ «Մի՛ մոռացեք նաեւ այն հանգամանքը՝ երբ անձը կորցնում է իր վերջույթը, դեռ ժամանակ ունի հարմարվելու վերջույթի կորցնելու մտքին, հենաշարժական ֆունկցիան կարգավորելու հարցում էլ խնդիր ունի, ինքը չի կարողանում հավասարակշռությունը պահպանել։ Այն ժամանակ նրանք շարժվում էին քայլակներով, հենակներով կամ սայլակներով։ Եվ 2-րդ խումբ սահմանվեց մեծամասամբ այն բանի համար, որպեսզի մեկ տարվա ընթացքում, օգտվելով վերականգնողական բժշկական օգնությունից, պրոթեզավորումից, վերականգնվեն եւ հասնեն մի վիճակի, որը կհամատասխանի իրենց հիմնական հաշմանդամության խմբին, այսինքն՝ ստորին վերջույթների ամպուտացիաները մինչեւ ազդրի միջին մակարդակը, որ հնարավոր է պրոթեզավորում անել։ Դա, ըստ չափորոշիչի, համարվում է հենաշարժական ֆունկցիայի չափավոր խանգարում, ինչը նշանակում է օժանդակ պարագայով շարժվելու կարողություն, դժվարությամբ տեղաշարժվելու կարողություն։ Փորձաքննության առաջին տարում տղաները ունեին ոչ միայն օժանդակ պարագայի կարիք, այլ նաեւ այլ անձանց մասնակի օգնության կարիք։ Պրոթեզավորումից հետո իրավիճակը փոխվել է, եւ հենաշարժական ֆունկցիայի չափավոր խանգարում է եւ անժամկետ 3-րդ խմբին է համապատասխանում»։

Եգանյանի պատմելով՝ հաճախ զինվորական հաշմանդամություն ունեցող անձը երբ բողոքարկում է, տարածքային կենտրոններում տվյալ անձի շրջապատից ինչ-որ անձ է ներկայանում եւ դժգոհություն արտահայտում:

ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 




Լրահոս