ՎԻԳԵՆ ԱՎԵՏԻՍԸ՝ ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում կտեղադրվի հայ անվանի դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին. հունիսի 21-ի բուռն քննարկումից հետո նման որոշում կայացվեց Երեւանի ավագանու կողմից:

 

Նշենք, որ Օհան Դուրյանի կիսանդրու պատրաստումը վստահված է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանին:

Նախագծին կողմ է քվեարկել ավագանու 45, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 5 անդամ:

Որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դիմումը։ Այնտեղ նշվում է, որ վարչապետի որոշմամբ ձեւավորվել է դիրիժորի 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողով։ Միջոցառումների ծրագրում ներառված է նաեւ կիսանդրու տեղադրումը։

ArmLur.am-ը արձանի քննադատությունների վերաբերյալ զրուցել է անվանի քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ. «Գետիկ Բաղդասարյանը շատ փորձառու քանդակագործ է: Կարծում եմ, որ պետք է վստահել հեղինակին, եւ չեմ կարծում, որ նա այն հեղինակն է, ում կերտած աշխատանքը կարող ենք հարցականի տակ դնել: Միգուցե մանրակերտում չի ընկալվում. երբ մեծանա, այն ավելի արտահայտիչ կլինի: Եթե ընտրել են Գետիկին, ապա նա պետք է  պատասխանատվությունը վերցնի: Արվեստում արվեստագետը հաստատ չի անի ավելի վատ, քան կուզեր, որ լիներ, պետք է վսահել արվեստագետին. դուրէ դ ա գալիս, թե ոչ, դա այլ է: Ես չեմ ցանկանում՝ հասարակությունն այդպես նեգատիվ տրամադրվի եւ թիրախավորի: Նա մեզանից շատ ավելի լավ է պատկերացնում, թե ինչ պատասխանատվություն է վերցրել իր վրա: Ես ուզում եմ՝ մենք մի քիչ վստահենք հեղինակին, պրոֆեսիոնալներին: Ես հարյուր տոկոսով վստահում եմ Գետիկ Բաղդասարյանին»,-նշեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Օհան Դուրյանը ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 8-ին Երուսաղեմում։ Նա խմբավարություն է ուսանել եւ ունեցել է ֆենոմենալ հիշողություն, խորը ու զգայուն երաժշտականություն, ինչը համերգների ժամանակ շատերին է զարմացրել։ Մինչեւ 1950-ականները ղեկավարել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Հետագայում մեկնել է Եվրոպա։ Աշխատել է աշխարհի 110 նվագախմբի հետ։

1998-2001 թթ. եղել է Հայաստանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։ Այդ պաշտոնից նրան հեռացրել է մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը։ Դուրյանը հենց այդ ժամանակ Հայաստանից մեկնել է Մոսկվա, սակայն ավելի ուշ Հայաստանում միացել է 2008 թվականին ստեղծված քաղաքական ընդդիմադիր շարժմանը։

Մահացել է 2011 թվականի հունվարի 6-ին Երեւանում։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ZAZ-Ի՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ

«ՀԱՅԱ» փառատոնը ներկայացնում է ֆրանսիացի հայտնի եւ սիրված փոփ երգչուհի ZAZ-ի առաջին մենահամերգը Հայաստանում։ Երկար սպասված մենահամերգը տեղի կունենա հունիսի 25-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում:

 

ArmLur.am-ը «ՀԱՅԱ» փառատոնի մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ  համերգային երեկոյի բացումը կանեն «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը եւ երիտասարդ տաղանդաշատ հայ երաժիշտ Պարգը։

Համերգի հրավիրյալ կատարողն է հայ սիրված դուդուկահար Կամո Սեյրանյանը, որը հայկական դուդուկի կախարդական հնչողությունը կփոխանցի հանդիսատեսին ZAZ-ի հետ համատեղ կատարմամբ:

Համերգային հարթակ դարձած մարզադաշտը իր նորացված տեսքով կզարմացնի ոչ միայն տեղացի հանդիսատեսին, այլ նաեւ Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին։

Փառատոնի անվանի հյուրն է աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը, ում համերգը G-Unit բենդի հետ տեղի կունենա հուլիսի 1-ին:

Led Zeppelin Symphonic բացառիկ նախագիծը տեղի կունենա հուլիսի 9-ին: Լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, որոնք ներկա են եղել ծրագրի ցնցող հաջողությամբ կայացած պրեմիերային Լոնդոնում:

«ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձեւաչափ եւ ստանդարտներ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար: Ողջ տարածաշրջանում «ՀԱՅԱ» փառատոնը տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայր է: Այն նոր էջ է բացում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար եւ ստեղծում տնտեսական զարգացման նոր խթաններ: Փառատոնի համերգները վայելելու է 30-50 հազար հանդիսատես:

 

 

 

ԼՈՂԻ ՄՐՑԱՇԱՐ

Բուդապեշտում անցկացվող ջրային մարզաձեւերի աշխարհի 19-րդ առաջնությունում Հայաստանը լողի մրցաշարում ունի երկու մասնակից։ Արթուր Բարսեղյանը ազատ ոճով 100 մետրի որակավորման փուլում  99 մասնակիցների պայքարում գրավել է 50-րդ տեղը՝ ցույց տալով 50.43 վայրկյան արդյունք: Կիսաեզրափակիչ են դուրս եկել 1-16-րդ տեղեր գրավածները: Արթուր Բարսեղյանի  երկրորդ մեկնարկը կտրվի այսօր՝ հունիսի 23-ին. կմասնակցի ազատ ոճով  50 մետր լողատարածությունում։  Վարսենիկ Մանուչարյանը հանդես կգա 50 մետր բատերֆլայում: Հունիսի 26-ին կմասնակցեն 10 մետր աշտարակացատկի մրցմանը:

 

 

 

ՑԱՎԱԼԻ ՄԱՀ

46 տարեկանում մահացել է ռուսական երգարվեստի ներկայացուցիչ Պիեռ Նարցիսը: ArmLur.am-ը այս մասին տեղեկացավ նրա կնոջ՝ Վալերյա Կալաչեւայի սոցիալական կայքէջից: Կինը չի հայտնել, թե ինչն է եղել ամուսնու մահվան պատճառը: Նշենք, որ Նարցիսը ռուսական Առաջին ալիքի ՂՈոՐՌՍՈ ջՉպջՊ հաղորդաշարի մասնակիցներից էր: Նրան լայն ճանաչում էր բերել ՄՏՍՏսՈՊվօռ ջՈÿՓ երգը, որ հետագայում հիթ էր դարձել: Հավելենք, որ նա ծագումով կամերունցի էր:

Ցուցադրական մենամարտ

Գեղասահքի կանանց մենասահքի 2018թ. օլիմպիական չեմպիոնուհի, ռուսաստանցի Ալինա Զագիտովան կանցկացնի բռնցքամարտի ցուցադրական մենամարտ։ Նրա մրցակիցը կլինի բռնցքամարտի 57 կգ քաշային կարգում հանդես եկող, 2020թ. օլիմպիական չեմպիոն ռուսաստանցի Ալբերտ Բատիրգազիեւը։ Մենամարտը տեղի կունենա հունիսի 25-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզապալատում։

 

 

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՐՑԸ

Իսպանիան հրաժարվել է 2030 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտից: Իսպանիայի ԱՕԿ-ը հրաժարվել է խաղերն ընդունելու մտքից երկրի ղեկավարության հետ համաձայնության չգալու պատճառով: Անհամաձայնության հիմնական պատճառը եղել է այն, որ ԱՕԿ-ը եւ ղեկավարությունը չեն կարողացել կողմնորոշվել ըստ մարզերի մրցաձեւերի բաշխման հարցում: Իսպանիայի ԱՕԿ-ը, սակայն, հույս է հայտնել հաջորդիվ կրկին փորձ կատարել Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար: 2030 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման վայրը կորոշվի 2023 թվականին` Միջազգային օլիմպիական կոմիտեի հերթական համաժողովի ընթացքում:

 

 




Լրահոս