Լուսանկարն արվել է Լոռու մարզում
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ford Transit մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում, կողաշրջվել է: Վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով են իրականացվում ամուսնալուծությունը եւ դրա պետական գրանցումը:
Իսկուհի Հարությունյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցման հիմքերն են՝
- ամուսինների համատեղ դիմումը՝ փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության պետական գրանցում կատարելու համար,
- ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսին դատարանը ճանաչել է անհայտ բացակայող կամ անգործունակ, կամ մյուսը դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման,
- ամուսիններից մեկի դիմումը եւ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:
Ամուսնալուծության պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝
1) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում,
2) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցել է օտարերկրյա պետությունը, եւ Հայաստանի Հանրապետությունն իրավասու է լուծելու այդ ամուսնությունը՝ երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո: Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է վեց ամսվա ընթացքում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում է կարող գործատուն իր նախաձեռնությամբ լուծել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:
Սուսաննա Միքայելյան (54 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ գործատուն իր նախաձեռնությամբ կարող է լուծել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝
1) կազմակերպության լուծարման դեպքում,
2) արտադրության ծավալների եւ տնտեսական եւ տեխնոլոգիական եւ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման եւ, արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված, աշխատողների քանակի եւ հաստիքների կրճատման դեպքում,
3) աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում,
4) աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում,
5) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում,
6) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում,
7) աշխատողի երկարատեւ անաշխատունակության հետեւանքով,
8) աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում,
9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում,
10) պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում,
11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով,
12) օտարերկրացու կացության կարգավիճակն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու դեպքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կազմակերպության լուծարման հետեւանքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս չեն կիրառվում 114-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները: