ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի համար 2021 թվականը բավականին եկամտաբեր տարի է եղել: ArmLur.am-ը ուսումնասիրել է ՔՊ-ական Թորոսյանի 2018, 2019, 2020 եւ 2021 թվականների տարեկան հայտարարագրերը:
Այսպես, 2018 թվականի սկզբին Թորոսյանն ունեցել է երկու BMW մակնիշի ավտոմեքենա, որոնք տարեվերջին վաճառել է, մեկը՝ 4 մլն 200 հազար դրամով, մյուսը՝ 8 մլն 700 հազար դրամով: Տարեվերջին պատգամավորի փոխառությունը կազմել է 20 հազար 331 դոլար: Թորոսյանի դրամական միջոցները 2018-ին կազմել են մոտ 2 մլն դրամ, 22 հազար եվրո, 1400 դոլար: Թորոսյանը 2018 թվականին որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որն ընդհանուր կազմել է 12 մլն 220 հազար դրամ: Բացի այս, վարձակալության դիմաց ստացել է 1 մլն 125 հազար դրամ գումար:
Իհարկե, մեկ տարի անց՝ 2019 թվականին, Թորոսյանի աշխատավարձը զգալի բարձրացել է. նրա աշխատավարձը կազմել է ընդհանուր 18 մլն 183 հազար դրամ, այսինքն՝ Թորոսյանը՝ որպես առողջապահության նախարար, 2019-ին ամսական ստացել է 1 մլն 515 հազար դրամ աշխատավարձ: Նույն տարում Թորոսյանի հայտարարագրած անշարժ գույքը 2011 թվականին գնած անհատական բնակելի տունն է, որը գտնվում է Նոր Նորքում: 2019-ի վերջին բանկում ունեցած ավանդը կազմել է 32 հազար դոլար: Նրա բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 114 հազար դրամ, 15 դոլար եւ 31 հազար եվրո: Բացի այս, Թորոսյանը 2019 թվականի վերջին տրված փոխառության դիմաց ստացել է 573 դոլարի չափով տոկոս:
ՔՊ-ական Թորոսյանի ֆինանսական վիճակը գնալով է՛լ ավելի է բարելավվում. 2020 թվականի սեպտեմբերի 18-ին նա Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում հողամաս է գնել 13 մլն 692 հազար դրամով: Արսեն Թորոսյանը 2020-ի հունվարին Bank Austria-ում «այլ արժեթղթի» տեսքով ներդրում է կատարել, որը կազմել է 20 հազար 550 եվրո: Բացի այս, 2020 թվականի վերջին Թորոսյանի բանկային հաշվին առկա գումարը կազմել է 2 մլն 855 հազար դրամ, 10 հազար դոլար, 10 հազար եվրո:
Նշենք, որ Թորոսյանը 2020 թվականին առողջապահության նախարար եղած ժամանակ ամսական ստացել է 1 մլն 551 հազար դրամ աշխատավարձ: Ավելին՝ Թորոսյանը Bank Austria-ում կատարած իր ներդրումից եկամուտ է ստացել 428 եվրոյի չափով: Նա 2020 թվականի վերջին տրված փոխառության դիմաց ստացել է 1116 դոլարի չափով գումար:
Թորոսյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրում հետաքրքիր գույքային փոփոխություններ են տեղի ունեցել. նա նախորդ տարի թվով 4 հողամաս է գնել, որից երկուսը՝ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում, իսկ մյուս երկուսը՝ Կոտայքի մարզի Քարաշամբում:
ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթից տեղեկացավ, որ Թորոսյանը մեկ հողամասը գնել է 1 մլն 300 հազար դրամով, մյուսը՝ 3 մլն 700 հազար դրամով, երրորդը՝ 12 մլն 300 հազար դրամով, իսկ չորրորդը՝ 2 մլն 700 հազար դրամով: Բացի այս, տեղեկացանք նաեւ, որ ՔՊ-ական պատգամավորը նախորդ տարվա հունիսին 17 մլն 750 հազար դրամով գնել է 2017 թվականի արտադրության (այդ ժամանակահատվածում՝ ավելի քան 35 հազար դոլարով) ավտոմեքենա, բայց նույն ավտոմեքենան պաշտոնյան վաճառել է նոյեմբերին 16 մլն 400 հազար դրամով կամ 34 հազար 526 դոլարով: Նկատենք, որ այս առուվաճառքի մեջ Թորոսյանը բավականին տուժել է: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 12 մլն 463 հազար դրամ, 20 հազար դոլար եւ 30 հազար 995 եվրո: Թորոսյանի համար 2021 թվականը ոչ միայն ձեռքբերումների, այլեւ եկամտաբեր տարի է եղել: Նա չորս վայրից աշխատավարձ է ստացել՝ Առողջապահության նախարարությունից, վարչապետի աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովից, ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտից, ընդհանուր 18 մլն 120 հազար դրամի չափով:
ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ Թորոսյանը 9 մլն 520 հազար դրամի չափով նվեր է ստացել Գեւորգ Թորոսյանից: Բացի այս, նա ԴԱՀԿ-ից ստացել է 779 հազար դրամի չափով եկամուտ, իսկ Bank Austria-ից՝ 20 հազար 737 եվրո:
Ի դեպ, Թորոսյանը ներկայացրել է նաեւ ծախսերի հայտարարագիր, որտեղ նշված է, թե որքան գումար է ծախսել հանգստի համար: Օրինակ՝ Թորոսյանը 341 հազար 581 ռուսական ռուբլիի եւ 1094 եվրոյի չափ ծախս կատարել է հանգստի ճանապարհածախսի վրա:
Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թեւանյանը, 2018 եւ 2019 թվականներին Mercedes-Benz եւ BMW մակնիշի ավտոմեքենա է գնել, որոնցից BMW-ն նախորդ տարվա մայիսին 7 մլն դրամով վաճառել է: Նախորդ տարվա վերջին ունեցած փոխառությունը կազմել է 19 մլն 380 հազար դրամ, իսկ հանձնած ավանդը՝ 51 հազար 558 դոլար: Բանկային հաշիվներին պաշտոնյայի կինն ունեցել է 8 մլն 195 հազար դրամ գումար, 98 դոլար, կանխիկ գումարը՝ 1.5 մլն դրամ:
Ուսումնասիրելով կնոջ եկամուտը՝ պարզ է դառնում, որ նա ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան Թորոսյանը: Օրինակ՝ 2021 թվականին կնոջ աշխատավարձն ընդհանուր կազմել է 30 մլն 526 հազար դրամ, այսինքն՝ ամսական ստացել է 2 մլն 543 հազար դրամ «Միբս» ընկերությունից: Բացի այս, «Միբս»-ից նա վարձակալության տված դիմաց լրացուցիչ գումար է ստացել 4 մլն 320 հազար դրամի չափով: Ծախսերի հայտարարագրում նշված է, որ Թորոսյանի կինը 3 մլն 165 հազար դրամ ծախսել է ուսման կամ այլ դասընթացներին մասնակցելու համար:
Սյունէ Համբարձումյան