ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ դատական նիստ է նշանակել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Աննա Մնացականյանը։
«Հենց նոր դատավոր Մնացական Մարտիրոսյանի կազմից տեղեկացանք, որ 30.06.2022թ., ժամը 12։00-ին հրատապ դատական նիստ է նշանակվել Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար»,- գրել է նա։
Ավելի վաղ Աղվան Հովսեփյանի փաստաբանները հայտարարություն էին տարածել այն մասին, որ նա գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։
Նշվածը հիմք ընդունելով, պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ եւ կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։
«Քանզի ստեղծված իրավիճակի պայմաններում Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլեւ իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»,- նշվում է փաստաբանները հայտարարության մեջ։