Պետության ուղղակի պարտականությունը պետք է լինի օր առաջ վերադարձնել մեր գերիներին. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է:  Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

«Ցավով պետք է նշել, որ Արցախյան առաջին պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց ցուցակը համալրեցին նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտության ճակատագրին արժանացած զինծառայողներ, նրանց թվում՝ գերեվարվածներ, որոնց վերադարձն ապահովելու հարցում Ադրբեջանը շարունակում է ցուցաբերել ոչ կառուցողական մոտեցում՝ խախտելով միջազգային պարտավորությունները։ Այս առումով միջազգային իրավակարգի կողմից ուշացած գնահատականը կամ դրա բացակայությունը արժենում են անդառնալի հետեւանքներ՝ մարդկային կյանքեր ու խեղված ճակատագրեր, ինչպես նաեւ պարունակում են նման հանցանքները նորմալիզացնելու լրջագույն ռիսկ։

Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ մշտապես օգտագործում եմ իմ բոլոր լծակները՝ բարձրաձայնելով եւ խթանելով մարդասիրական կառույցների և մարդու իրավունքների միջազգային կառույցների խողովակներով անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման եւ գերիների վերադարձման հարցերը։

Իսկ պետության ուղղակի պարտականությունը պետք է լինի օր առաջ վերադարձնել մեր գերիներին՝ կեղծ օրակարգեր շրջանառելու փոխարեն, ինչպես նաեւ մշտապես սատար լինել բոլոր այն զինծառայողների ընտանիքներին, ում ճակատագրերն անհայտ են, սակայն հայտնի է հայրենիքն անմնացորդ նվիրումով պաշտպանելու նրանց սխրանքը»։




Լրահոս