«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020 թվականի մայիսի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել էր իր 100 փաստը, որում անդրադարձ էր կատարել նաեւ հանրային կյանքի տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության հարցին: Փաշինյանը, մասնավորապես, նշել էր. «Ի կատարումն կառավարության որդեգրած՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանանց ներգրավվածությունը մեծացնելու քաղաքականության՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ոստիկանության բաժնի եւ բաժանմունքի պետերի պաշտոններում կանայք են նշանակվել»:
Ոստիկանության բաժնում կանանց պաշտոնների նշանակելը որպես ձեռքբերում ներկայացնող Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում, սակայն, կանանց ներգրավվածությունն այնքան էլ մեծ չէ, ավելին՝ նախկին իշխանությունների օրոք կանայք ավելի մեծ ներգրավվածություն են ունեցել հանրային կյանքի տարբեր ոլորտներում: Խոսենք փաստերով. կառավարության կազմում ընդգրկված 12 նախարարներից միայն մեկն է կին՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, 10 մարզպետներից եւս մեկն է կին՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը: Երեկ կին ընտրվեց գլխավոր դատախազի պաշտոնում՝ Աննա Վարդապետյանը:
Խորհրդարանում իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ, Ընտրական օրենսգրքի համաձայն, կուսակցությունների նախընտրական ցուցակներում յուրաքանչյուր երրորդ անձը պետք է լինի իգական սեռի ներկայացուցիչ, սակայն այս կարգավորումը գործել է դեռ նախկին իշխանությունների օրոք եւ սա ամենեւին էլ Փաշինյանի իշխանության ձեռքբերումը չէ: Փորձենք համեմատել այս թվերը նախորդ կառավարությունների հետ: Կարեն Կարապետյանի կառավարությունն ունեցել է 18 նախարար, որոնցից կրկին մեկը կամ 5,6 տոկոսն էր կին։ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը նույնպես ուներ 18 նախարար, որոնցից կին էին 3-ը կամ 16,7 տոկոսը։ Այսպիսով, փաստացի Նիկոլ Փաշինյանն իր այս հայտարարությամբ հերթական անգամ մանիպուլացրել է հասարակությանը:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում