Արցախի Հանրապետությունում բնական գազի մատակարարման բացակայության պատճառով քաղաքացիները կենցաղում օգտագործում են մետաղական գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից բավականին վտանգավոր են: Հրդեհի առաջացման պատճառ կարող է դառնալ գազի բալոնի պայթյունը կամ դրա անսարքությունը:
Ավելորդ անգամ կյանքի ու առողջության համար վտանգավոր իրավիճակներ չստեղծելու համար անհրաժեշտ է պահպանել գազի բալոնների օգտագործման համար սահմանված նորմերն ու պահանջները՝ նախքան դրանց օգտագործումը համապատասխան մասնագետների օգնությամբ ստուգել սարքինությունը:
Լիցքավորման կետերում գազը լիցքավորելուց առաջ անհրաժեշտ է պահանջել ճնշմակայանի աշխատակիցներին ստուգել գազաբալոնային համակարգի վրա տեղադրված խցուկը (сальник), մաշվածության դեպքում այն փոխարինեք նորով:
ՆԳ նախարարությունը հորդորում է քաղաքացիներին անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով բնակարաններում և հանգստյան գոտիներում խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: