«Ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, Լաչինի միջանցքով երեք տարվա ընթացքում պետք է նախագծվեր այլընտրանքային ճանապարհի պլանը՝ համաձայնեցնելով կողմերի հետ: Ներկայումս մեզ հրամցնում են մի ճանապարհ, որը Լաչինի միջանցքի երկայնքով է եւ դուրս է 5 կիլոմետր լայնությունից, որի պատճառով էլ ի հայտ է եկել Բերձոր, Աղավնո եւ Սուս համայնքների հայաթափման հարցը: Արդյոք այս նոր կառուցվող ճանապարհը կապ ունի՞ 6-րդ կետում նկարագրված ճանապարհի հետ, թե՞ սա այլ ճանապարհ է, միգուցեեւ բարձրակարգ: Ձեր կողմից տրվե՞լ է համաձայնություն, ե՞րբ եւ համաձայնություն տալուց առաջ նկատի ունեցե՞լ եք նշված բնակավայրերի հայաթափման հարցը»,- այսօր Արցախի խորհրդարանում՝ դիմելով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին՝ հարցրեց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Կապված երթուղու հետ, մենք ունեցել ենք մի քանի առաջարկություն՝ եւ Ադրբեջանի կողմից, եւ ՌԴ-ի կողմից. բոլոր առաջարկությունները մերժվել են: Գործող մայրուղին, ավելի ճիշտ առաջարկվողը, քննարկվել է մի քանի անգամ՝ Անվտանգության խորհրդում, որին մասնակցել են ԱԺ-ում ներկա բոլոր քաղաքական ուժերը: Մենք ընտրել ենք, ըստ մեզ, լավագույն տարբերակը: Կան գաղտնիքներ, որոնք ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում