Չենք լռելու- ն սկսում է Բանակի առողջացման երիտասարդական շարժում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չենք լռելու երիտասարդական նախաձեռնությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ խորհրդի անդամները նախօրեին չնախատեսված հանդիպում են ունեցել պաշտպանության փոխնախարար Վ. Գասպարյանի հետ:Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ:Նախաձեռնության անդամները բարձրացրել են նախազորակոչային շրջանի և բանակում տիրող վիճակի հետ կապված իրենց մտահոգությունները, մասնավորապես, համակարգում առկա ահռելի չափերի հասնեղ կոռուպցիայի, թալանի, բազմաթիվ հրամանատարների կողմից զինվորի կյանքի, նրա ճակատագրի հանդեպ սրտացավ, հոգատար վերաբերմունքի բացակայության, բոլոր օղակներում հանդիպող աղաղակող խտրականության, հանցավոր սովորույթների դեմ պայքարի պակասի և բժշկական հանձնաժողովների աշխատանքի հետ կապված խնդիրները: Համատեղ որոշում է ընդունվել սկսել բանակի արատավոր երևույթների դեմ պայքարի աննախադեպ միջոցառումների շարք`հասարակական լայն շերտերի օգնությամբ:Այդ գործընթացը նախաձեռնությունը որոշել է անվանել Բանակի առողջացման երիտասարդական շարժում: Չենք լռելու-ի կազմում արդեն ստեղծվել է բանակում առկա խնդիրների ի հայտ բերման խումբ, որը ցանկացած ժամի ցանկացած զորամաս այցելեու հնարավորություն է ունենալու: Խմբի գլխավոր սկզբունքը, ըստ նախաձեռնության անդամների, լինելու է ստացված ահազանգերի հիման վրա զորամասերում առկա համակարգային խնդիրները վեր հանելը և ՊՆ-ին դրանց լուծման պահանջ ներկայացնելը:Չենք լռելու-ն վերահսկողություն է սահմանելու իր կողմից բարձրացված հարցերի լուծման վրա և իրազեկելու է հասարակությանը դրա ընթացքի վերաբերյալ:Այսօրվանից նախաձեռնությունում գործելու է թեժ գիծ` զինված ուժերում ապօրինությունների և արատավոր երևույթների մասին ահազանգներ ստանալու համար:Ցանկացած ահազանգի հետքերով Չենք լռելու-ի` Բանակում առկա խնդիրների ի հայտ բերման խումբը անհապաղ այցելելու է ցանկացած զորամաս, զինկոմիսարիատ կամ բուժհիմնարկ և, հայտնելով ՊՆ-ին առկա խնդրի մասին, վերահսկելու է դրա լուծման ընթացքը: Խումբը, կետայիններից բացի, ի հայտ է բերելու նաև առկա համակարգային խնդիրները: Համաձայն Վ. Գասպարյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության` սպասվող զորակոչի ընթացքում խումբը պարբերաբար այցելելու է կենտրոնական հավաքակայան և վերահսկելու զինվորների` ըստ զորամասերի բաշխման պրոցեսը (ի դեպ, հիշեցնենք, որ այդ պրոցեսի վերահսկումն օրեր առաջ անհնար էր համարել մեկ այլ փոխնախարար` Դ. Տոնոյանը):Չենք լռելու-ն հայտնել է Վ. Գասպարյանին, որ հավաքման փուլում են փաստեր` կապված բանակի մի շարք բարձրաստիճան զինվորականների խայտառակ վարքուբարքի, ինչպես նաև կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու հետ, որոնք շուտով հրապարակելու է:Վ. Գասպարյանը հավաստիացրել է, որ ոչ մի բացահայտում անարձագանք չի մնալու:Չենք լռելու երիտասարդական նախաձեռնությանը կոչ է անում զանգահարել (055) 211-529 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով և հայտնել զինված ուժերի համակարգում իրենց հայտնի կոնկրետ ապօրինությունների դեպքերի մասին:Այս գործում Չենք լռելու-ն կարևորում է նոր զորացրվածների մասնակցությունը:Նախաձեռնությունը վստահեցնում է, որ պահպանելու է իրենց դիմած անձի գաղտնիությունը:




Լրահոս