Ով է Վճռաբեկ դատարանի նորընտիր դատավոր Սերգեյ Չիչոյանը. ինչ կապ ունի նա Վարդազարյանի լիազորությունների կասեցման հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ Սերգեյ Չիչոյանի բոլոր հարազատները ցանկություն ունեն դատավոր դառնալ կամ աշխատել դատական համակարգում, ինչը ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն իրականացնում է՝ այդկերպ շնորհակալություն հայտնելով Չիչոյանին իր կատարարծ համարձակ քայլի համար:

Իսկ ի՞նչ արեց նա: Ինչպես հայտնի է, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցման համար անհրաժեշտ էր 6 ձայն: 5 ձայն ապահովել էին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցման համար իշխող քաղաքական մեծամասնության կողմից ընտված իրավաբան-գիտնականները, իսկ մյուս մեկ ձայնը տվել է դատավոր Սերգեյ Չիչոյանը: Ստացվում է՝ Չիչոյանի շնորհիվ Գագիկ Ջհանգիրյանը կարողացավ ազատվել Ռուբեն Վարդազարյանից եւ նշանակվել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

Եվ, ահա, դատական համակարգը վճարում է Չիչոյանի կատարած քայլի գինը: Խոսենք փաստերով. ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԲԴԽ անդամ դատավոր Սերգեյ Չիչոյանի փեսային՝ Անուշավան Մուշեղյանին, որոշում է կայացվել նշանակել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Որոշումը ուղարկվել է նախագահին, որ նա ստորագրի:

Ինչպես հայտնի է, Գոռ Թորոսյանը վերջերս նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, նրա տեղը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում թափուր է մնացել։ Մի շարք դատավորներ են դիմել նշանակման համար, ընդ որում՝ նրանց մեջ բավականին արժանավոր անուններ կան։

Օրինակ՝ Երեւան տեղափոխվելու համար դիմել է դատավոր Սամվել Մատինյանը, ում մայրը՝ Գոհար Մատինյանը, ժամանակին Վերաքննիչ դատարանում է աշխատել։ Դիմել է նաեւ Շիրակից դատավոր Հովհաննես Ղազարյանը, որը եւս դատավորի զավակ է, նրա մայրը Նոյեմ Հովսեփյանն է, սակայն դատական համակարգը նախընտրել ու առաջ է բրդել Չիչոյանի փեսային:

Նկատենք, որ Չիչոյանի փեսան միակ անձը չէ, որ դատական համակարգում տեղավորվել է: Պարզվում է, որ Չիչոյանի երկու դուստրերը դատական համակարգում են աշխատում: Մասնավորապես՝ դուստրը՝ Լիլիա Չիչոյանը, դատական դեպարտամենտում դատավորների ընդունելության վարչությունում աշխատում է որպես գլխավոր մասնագետ: Չիչոյանը անգամ հարսին՝ Սոնա Խաչատրյանին է լավ տեղով ապահովել. վերջինս ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի օգնականն է, սակայն ներկայումս ֆիզարձակուրդում է: Իսկ, ահա, Չիչոյանի եղբոր տղան՝ Ժորա Չիչոյանը, ցանկանում է դառնալ քրեական դատարանի դատավոր: Պարզվում է՝ Ժորա Չիչոյանը քննությունից կտրվել է, սակայն արդյունքները բողոքարկել է եւ երջանիկ պատահականությամբ կամ դատավոր հորեղբոր թեթեւ ձեռքով կարողացել է բողոքարկման արդյունքում համապատասխան ցուցանիշը ապահովել եւ ներկայումս բանավոր քննության է պատրաստվում:

Ստացվում է, որ ԲԴԽ անդամ Չիչոյանի ողջ ազգուտակը այլ մասնագիտություն կամ այլ համակարգի տեղ չգիտի, ու բոլորը իրենց գտնում են դատական համակարգում՝ լուրջ պաշտոններ զբաղեցնելով:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց ՍԵգեյ ՉԻչոյանին՝ 67 կողմ ձայնով։

Ք․ Մ․




Լրահոս