Սուրճի գործածությունը նվազեցնում է երիկամների հիվանդությունների հավանականությունը․ հետազոտություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրճի գործածությունը կարող է կապված լինել երիկամների առողջության բարելավման հետ։ Այս մասին գրում է UPI-ն՝ հղում անելով Ջոնս Հոփքինսի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականների նոր հետազոտությանը։

Հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են 14 հազար ամերիկացու տվյալները, որոնք դեռ ավելի քան 30 տարի առաջ կանոնավոր մասնագետներին հայտնում էին իրենց երիկամների առողջական վիճակի մասին։

Գիտնականները պարզել են, որ ամեն օր ցանկացած քանակությամբ սուրճ խմող մարդկանց մոտ երիկամների վնասվածքների հավանականությունը նվազում է 15 տոկոսով, մինչդեռ օրական 2-3 բաժակ սուրճ խմողների մոտ այդ վտանգը ցածր է լինում 22-23 տոկոսով։

«Մենք կասկածում ենք, որ սուրճի նմանատիպ ազդեցությունը երիկամների սուր վնասում (AKI, acute kidney injury) ստանալու հավանականության վրա կարող է պայմանավորված լինել այն բանով, որ կամ կոֆեինը, կամ դրա համադրությունը կենսաբանական ակտիվ միացությունների հետ բարելավում է երիկամներում թթվածնի գործածությունն ու պերֆուզիան», – ենթադրել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Շիրագ Պարիխը։

Նրա խոսքով՝ սուրճի դրական ազդեցությունը քրոնիկ ու դեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների ու լյարդի հիվանդությունների զարգացման կանխարգելման հարցում վաղուց էր հայտնի, իսկ այժմ այդ հիվանդությունների շարքին կարող է դասվել նաև երիկամների սուր վնասումը։




Լրահոս