Թուրքիայում կապիկի ծաղկի առաջին դեպքն է արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում կապիկի ծաղիկ հիվանդությամբ մարդու վարակման առաջին դեպքն է գրանցվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային։

Նախարարի խոսքով՝ վարակիչ հիվանդությունն ախտորոշվել է 37-ամյա տղամարդու մոտ։ Նշվում է, որ հիվանդի իմունային համակարգը թուլացած է, այժմ նա կարանտինի մեջ է։ Նրա հետ շփում ունեցած բոլոր անձինք բուժզննում են անցել, որևէ մեկի մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել։

Ֆահրեթթին Քոջան նաև հավելել է, որ հիվանդությունը փոխանցվում է միայն սերտ ֆիզիկական շփման միռոցով։ Օդակաթիլային ճանապարհով այն չի փոխանցվում։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային ցանցը (ԱՀՑ) օրեր առաջ կապիկի ծաղիկ հիվանդությունը համավարակ է հայտարարել։

Այս հիվանդության զարգացման առաջնային ախտանշաններն են՝ ջերմություն, ուժեղ գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող, հյուծվածություն: Առաջին ախտանշանների ի հայտ գալուց մի քանի օր անց վարակված մարդու մոտ դեմքի և մարմնի վրա ցան է սկսվում:

Հիվանդությունը սովորաբար տևում է երկու-չորս շաբաթ: Մասնագետները նշում են, որ կապիկի ծաղիկը մահացու է լինում դեպքերի 10 տոկոսում: Ուստի մասնագետները հորդորում են չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ անհապաղ դիմել բժշկի։

Մասնագետները հիշեցրել են նաև, որ հիվանդությունը փոխանցվում է կենդանուց մարդուն կամ մարդուց մարդուն։ Վիրուսն օրգանիզմ կարող է ներթափանցել վնասված մաշկի, շնչառական ուղիների կամ լորձաթաղանթների միջոցով՝ աչքերի, քթի, բերանի:




Լրահոս