ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, ՀՀ աշխատանքի եւ սոցաիալական հարցերի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա, իրականացվել է ուսումնասիրություն մանկական խնամակալական կազմակերպությունների անձանց բնակարաններով ապահովման գործընթացում օրենսդրության պահանջների պահպանման ոլորտում:  Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

 

ՀՀ կառավարության 2020թ. օգոստոսի 13-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատվել է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարաններում անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա հաշվառված՝ բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների անձանց ցուցակը: Որոշմամբ նախատեսվել է մինչեւ 2022թ. սեպտեմբերի 1-ը ցուցակում ընդգրկված 163 շահառուներին նվիրաբերել անհատույց օգտագործման պայմանագրով նրանց տրամադրված բնակարանները։

2003-2010թթ. ընթացքում շահառուների եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջեւ կնքված բնակարանների անհատույց օգտագործման պայմանագրերով շահառուները պարտավորվել են մշտական բնակության նպատակով այլ բնակավայր տեղափոխվելու կամ մինչեւ 6 ամիս ժամկետով այլ բնակավայր մեկնելու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել նախարարությանը: Ընդ որում, շահառուի կողմից 6 ամսից ավելի բնակարանում չբնակվելու դեպքում պայմանագրի գործողությունը դադարում է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս ծառայում է զինված ուժերում, գտնվում է ազատազրկման վայրերում կամ բացակայում է բնակության վայրից բուժման կամ կրթական նպատակներով: Մինչդեռ պարզվել է, որ ցուցակում ներառված շահառուններից 1-ը մահացել է դեռեւս 2018թ.՝ որոշումն ընդունելուց շուրջ 1 տարի 8 ամիս առաջ: 27 շահառու 2019թ.-ից սկսած 1 տարվա կտրվածքով 6 ամսից ավել գտնվել են ՀՀ-ից դուրս, ընդ որում՝ նրանցից 15-ը՝ առնվազն վերջին 2 տարին անընդմեջ: Իսկ 47 շահառու վերջին 10 տարվա կտրվածքով 1 տարվա ընթացում առնվազն 6 ամիս չի օգտագործել էլեկտրաէներգիա: Ընդ որում՝ 27 շահառու նախորդ 3 տարվա ընթացում անընդմեջ անշարժ գույքի գտնվելու հասցեով էլեկտրաէներգիա չի ծախսել, որոնցից 3-ը ՀՀ-ում չի բնակվել, 6 շահառու ունեն սեփականության իրավունքով գրանցված գույք:

Սոցիալապես անապահով եւ հատուկ խնդիրներին դասված անձանց կացարանի խնդրի լուծման պետական ծրագրերի մշակումը, իրականացումն ու համակարգումը, ինչպես նաեւ դրանց իրականացման ընթացիկ մոնիթորինգը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության գործառույթներից է:

Այսինքն՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում տեւական ժամանակ 2015թ. ՀՀ-ից բացակայելու, բնակտարածքը չօգտագործելու, անշարժ գույքի առկայության, անգամ մահվան դեպքերում շահառուների հետ կնքված բնակարանների անհատույց օգտագործման պայմանագրերը չեն լուծվել: Փոխարենը 2020թ. օգոստոսին այդ անձինք ներառվել են համապատասխան ցուցակում, որի արդյունքում նորմատիվ իրավական ակտի ուժով նրանց տրվել է բնակարանները սեփականաշնորհելու հնարավորություն, ինչի իրավունք վերջիններս չունեին:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

 

 

 

 

 

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ

Ազգային ժողովում առաջիկայում մի քանի ընտրություն է սպասվում: Բանն այն է, որ խորհրդարանը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատավոր եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատավոր:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի վարչական պալատում առկա է դատավորի երեք թափուր հաստիք, որի համար կպայքարեն երեքական թեկնածու:

Մի տեղի համար կպայքարեն Հրաչ Այվազյանը, Արտակ Զեյնալյանը եւ Լիանա Հակոբյանը, մյուս տեղի համար՝ Արթուր Առաքելյանը, Արա Բաբայանը եւ Արծրուն Միրզոյանը, իսկ երրորդ թափուր տեղի համար կպայքարեն Հակոբ Գրիգորյանը, Քրիստինե Մկոյանը եւ Արթուր Պողոսյանը: Վճռաբեկ դատարանում նոր պալատներ կստեղծվեն, եւ այստեղ եւս կան թափուր տեղեր, որոնք պետք է համալրվեն:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի մեկ թափուր տեղի համար կպայքարեն Ռուբիկ Մխիթարյանը, Արսեն Նիկողոսյանը եւ Արթուր Սարգսյանը: Մյուս տեղի համար առաջադրվել են Լուսինե Աբգարյանի, Կարեն Բատիկյանի եւ Սերգեյ Չիչոյանի թեկնածությունները, իսկ երրորդ տեղի համար՝ Հովհաննես Ավագյանի, Կարեն Բիշարյանի եւ Նելլի Հարությունյանի թեկնածությունները, չորրորդ տեղի համար՝ Լիլիթ Գրիգորյանի, Արտակ Կրկյաշարյանի եւ Մուշեղ Հարությունյանի թեկնածությունները:

Այլ տեղերում եւս թափուր հաստիքներ կան. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար կպայքարեն Լիզա Գրիգորյանը, Կարեն Թումանյանը եւ Լիպարիտ Մելիքջանյանը, մյուս տեղի համար՝ Արթուր Դավթյանը, Նաիրա Հովսեփյանը եւ Աղասի Մկոյանը, երրորդ տեղի համար էլ առաջադրվել է Լուսինե Ավագյանի, Գեւորգ Գյոզալյանի եւ Վահե Ռաֆայելյանի թեկնածությունները:

Ն.Հ.

 

 

 

 

ԱՀԱԶԱՆԳ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժին ահազանգ է ստացվել ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Խաչաձոր» տեղամասում հայտնաբերված բեզոարյան այծի արգասիքների մասին։ Տեսուչները, անմիջապես մեկնելով դեպքի վայր, հայտնաբերել են անհայտ պայմաններում անկած մոտ 2 տարեկան արու այծի արգասիքներ՝ գլուխ, կաշի եւ ոտքեր։ Տեսչական մարմնից հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն։

 

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՃՈ ՏԵՍՈՒՉ

Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված եւ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերեւույթ կաշառք պահանջելու եւ ստանալու վերաբերյալ: Կոմիտեից մանրամասնում են, որ ըստ քրեական գործի նյութերի` 2021թ. մարտին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Մ. Ս.-ն, Վանաձոր քաղաքում վարորդ Ա. Ղ.-ի փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզելով, որ վերջինս ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի եւ ԱՊՊԱ պայմանագրի, վարորդին վարչական պատասխանատվության չենթարկելու եւ մեքենան տուգանային հրապարակ չտեղափոխելու ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից պահանջել եւ ստացել է 20.000 ՀՀ դրամ կաշառք: 22.06.2022 թ.-ին Մ. Ս.-ն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Կատարվում է նախաքննություն:

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախօրեի երեկոյան Երեւանում կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է ու ձերբակալվել: Հիշեցնենք, որ կրակոցներ են հնչել Երեւանում, ահազանգ է ստացվել «Մասիս» բժշկական կենտրոնից, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ձերբակալված 32-ամյա տղամարդը գողություն է արել իր աշխատանքի վայրից, որին ականատեսներ են եղել: Ականատեսները փորձել են կանխել նրա գործողությունները եւ վերադարձնել գողացված ապրանքը, ինչի արդյունքում ենթադրյալ գողություն կատարող 32-ամյա տղամարդը սկսել է կրակել նրանց ուղղությամբ: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական եւ դատաքիմիական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ:

 

 




Լրահոս