ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստում որոշում է կայացվել, որով նախատեսվում է, մասնավորապես, կանոկարգել ՀՀ քաղաքացիություն ստանալու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, այդ թվում՝ երեխաների ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու, քննարկելու ընթացակարգերը, քաղաքացիության հարցերով լիազոր մարմինների կողմից իրականացվող գործողությունների եւ ժամկետների հետ կապված հարաբերությունները:

 

Արդյունքում կհստակեցվեն նաեւ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար պահանջվող փաստաթղթերը, կպարզեցվի հիշյալ հարաբերություններում իրականացվող վարչարարությունը, եւ կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը։ Մասնավորապես, սահմանվել է, որ երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար ծնողը դիմում է անձամբ, լրացնում դիմում-հարցաթերթ, որի ձեւը, ինչպես նաեւ պահանջվող փաստաթղթերի ցանկը եւս հաստատվում են սույն նախագծով։ Բացի այդ, փոփոխության են ենթարկվել նաեւ պետական մարմինների կողմից իրականացվող գործողությունների համար սահմանված ժամկետները. հաշվի առնելով, որ օրենքով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները քննարկելու համար նախատեսվել է 90 աշխատանքային օր, ուստի քաղաքացիության գործերով վարույթում ներգրավված մարմիններին վերապահված գործառույթների իրականացման ժամկետները սահմանվել են այնպես, որպեսզի 90 աշխատանքային օրում հնարավոր լինի ապահովել գործերի ամբողջական ուսումնասիրություն, ՀՀ նախագահին համապատասխան առաջարկություն ներկայացնելը եւ վերջինիս կողմից հրամանագրի ստորագրումը։ Պարզեցվել է նաեւ ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար անձանց կողմից լրացվող հարցաթերթիկների ձեւերը, քանի որ փորձը ցույց է տվել, որ դրանցով պահանջվող տեղեկատվության մեծ մասի անհրաժեշտությունը բացակայում է եւ պրակտիկայում որեւէ կերպ չի ազդում գործի ելքի վրա, մինչդեռ, հարցաթերթը լրացնելը ավելորդ ժամանակ եւ խնդիրներ է առաջացնում քաղաքացիների համար։

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը օրենքի պահանջներին համապատասխան սահմանելու նպատակով: Ըստ այդմ՝ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների համար կսահմանվի երդման արարողությունը կազմակերպելու եւ իրականացնելու հնարավորություն եւ ընթացակարգ։

Գործադիրը փոփոխություններ եւ լրացում է կատարել «Հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը եւ ձեւերը սահմանելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի եւ վճարների մեծությունների ցանկում չեն ներառվում ՀՀ պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկները, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել հարկային տարվա ընթացքում գործունեությունը կասեցված հարկ վճարողների ցանկի ձեւը։ Արդյունքում կհստակեցվի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերում ներառման ենթակա հարկ վճարողների շրջանակը:

Ն. Պ.

 

 

 

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՑ ԿԱԶԱՏՎԵՆ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով սահմանվելու է վարժական հավաքներից ազատման կազմակերպման եւ իրականացման կարգը։ Նախագծի ընդունմամբ կապահովվի խաղաղ ժամանակ անցկացվող վարժական հավաքների ժամանակ ընկերությունների գործունեության անընդհատությունը, միեւնույն ժամանակ զորավարժություններին եւ զինվորական վարժանքներին՝ ազատման իրավունք ստացած պահեստազորայինների մասնակցության ապահովում:

Վարչական պատասխանատվության մեխանիզմների կիրարկման արդյունքում կբարձրացվի կազմակերպությունների կողմից զորահավաքային նախապատրաստության ոլորտի պարտականությունների կատարման պատասխանատվությունը, որի արդյունքում նաեւ զորահավաքային նախապատրաստության միջոցառումների արդյունավետությունը: Հիմնավորման մեջ նշվում է, որ վարժական հավաքներին շատ հաճախ ընդգրկվում են աշխատող պահեստազորայիններ, որոնք կարեւոր եւ առանցքային դեր ունեն կազմակերպությունների համար, եւ դա խաթարում է կազմակերպությունների ընթացիկ եւ բնականոն գործունեությունը: «Բացի այդ, բարձր որակավորում ունեցող եւ մասնագիտական հմտություններ ունեցող աշխատակիցները կամ ղեկավար աշխատակիցները, որոնք ապահովում են կազմակերպությունների ընդհանուր ղեկավարումը, ստանում են բարձր աշխատավարձեր, եւ գործատուն ստիպված է լինում պահպանել վերջիններիս վարձատրությունը՝ ըստ այդմ կրելով ֆինանսական մեծ կորուստներ:

2021 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սկսած՝ ոլորտային տարբեր կազմակերպություններից ամրագրման ենթակա պաշտոնների վերաբերյալ ներկայացված որոշ դիմումներում առանցքային մասնագետների ամրագրման անհրաժեշտությունը եւ պատճառը եռամսյա վարժական հավաքներն են եղել»,-նշվում է հիմնավորման մեջ:

 

 

 

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ 

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է. «Հանրային քննարկման ենք ներկայացրել դպրոցի աշխատանքների կազմակերպման համար ամենաառանցքային փաստաթղթերից մեկի նախագիծը՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների եւ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մանկավարժական եւ վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը եւ դրանց նկարագրերը։ Փորձել ենք արտացոլել մի շարք կարեւոր գործառույթներ, որոնք պետք է իրականացվեն հենց տեղերում՝ առաջնային տեղ տալով ներդպրոցական վերահսկողության եւ որակի ապահովման բաղադրիչներին, ամրագրել ներառականության եւ թվայնացման գործընթացները աշխատակիցների գործառույթների նկարագրերում»,- գրել է նա։

 

 




Լրահոս