Վերջերս Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում բեմ բարձրացավ նոր ներկայացում: Ռեժիսոր Սամվել Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ» պիեսի մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցել է դերասանուհի Արաքսյա Մելիքյանի հետ, որը մարմնավորում է մարմնավաճառի կերպարը:
Ըստ պիեսի՝ տարբեր մասնագիտություններ ունեցող այս 6 մարդիկ 40 օր միասին ապրում են քավարանում, բացահայտվում, իսկ վերջում լույս է իջնում, եւ որոշվում՝ նրանցից ով ինչ դատաստանի է արժանանալու:
Ըստ մեր զրուցակցի՝ անակնկալի է եկել, երբ ամուսինը, որը նույնպես խաղում է տրագիկոմեդիայում, հայտնել է, որ հենց նա է մարմնավորելու մարմնավաճառի կերպարը:
«Ամուսինս զանգեց եւ ասաց, որ որոշել են՝ մարմնավաճառ Վենոյի կերպարը ես խաղամ: Սկզբում թվաց՝ կատակ են անում: Միշտ ինքն է դեմ լինում նման կերպարներին, եւ շատ անգամ նման կերպարներից հրաժարվել եմ: Կերպարը ծանր հոգեբանական եւ ողբերգական կերպար է. դու պետք է այնպես անես, որ հանդիսատեսը զգա, հասկանա կերպարի խորությունը, եւ ողբերգականի հետ մեկտեղ կոմեդիա կա, եւ հենց այդ էր պատճառը, որ լացն ու ծիծաղը մեկտեղ պիտի կատարվեր»,-նշեց նա:
Դերասանուհու խոսքով՝ եթե վերերկրյա կյանքում մարդիկ փորձում են թաքցնել իրենց բացասական կողմերը, քավարանում դա անհնար է:
«Առաջին օրերին, երբ կարդում էինք պիեսը, նույնիսկ այդ բառը չէի կարողանում ասել, թե ով եմ մասնագիտությամբ, բայց բեմի վրա հանգիստ ստացվում է: Բացարձակ իրական, մարդկային ճակատագրեր են, որոնք հանդիսատեսին կհուշեն, թե մենք ինչի կարող ենք հանգել, եթե այդպես ենք ապրում: Ներկայացումը բարոյախրատական չէ, բայց քո ամեն ապրածի համար մտածելու առիթ է տալիս. թե հիմա անունը կդնենք քավարան, խիղճ, թե Աստված, դա արդեն թողնում ենք հանդիսատեսին»,-ընդգծեց դերասանուհին:
Նշենք, որ ներկայացման պրոդյուսերը Հարություն Բոգարյանն է, ռեժիսուրան եւ երաժշտական ձեւավորումն արել է Արթուր Սարիբեկյանը, բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է: Դերասանական կազմում են Վարդան Հովսեփյանը, Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Զաքարյանը, Ռոբերտ Հակոբյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, Գրիգոր Բաղդասարյանը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳԻ ՄԱՍԻՆ
Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը, համագործակցելով ջազ երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի հետ, տոն նվիրեց Շառլ Ազնավուրի երաժշտության երկրպագուներին՝ «Ջազնավուր» համերգի շրջանակում հնչեցնելով շանսոնյեի լավագույն երգերը՝ ջազային մեկնաբանությամբ:
Համերգային երեկոն տեղի ունեցավ հունիսի 21-ին Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:
Հայկ Պետրոսյանը, որը բազմիցս կատարել է Ազնավուրի ստեղծագործությունները եւ մի քանի անգամ ներկա է եղել նրա համերգներին, հիշեցրեց, որ Ազնավուրը ծնվել է մայիսի 22-ին, սակայն ինչ-ինչ պատճառներով հեղինակի 98-ամյակին նվիրված համերգը կյանքի են կոչում հունիսի 21-ին:
Համերգին Պետրոսյանը պատմեց, որ մի առիթով լրագրողն Ազնավուրին ասել է, որ աշխարհի հանրահայտ երգիչները՝ Սթինգը, Ռեյ Չարլզը, Էլթոն Ջոնը, Ֆրանսիայում մեծ ճանաչում ունեցող բազմաթիվ երգիչներ, կատարել են Ազնավուրի երգերը, եւ հարցրել է, թե ում կատարումն է շանսոնյեն ամենաշատը հավանում: Ազնավուրը պատասխանել է, որ իրեն շատ է դուր եկել, երբ հանճարեղ ջազ-երաժիշտ Ռեյ Չարլզը կատարել է իր «Լա մամա» (La Mamma) երգի անգլերեն տարբերակը:
Պատմությունը ներկայացնելուց հետո Հայկ Պետրոսյանը սեփական մեկնաբանությամբ երգեց «Լա մամա» ստեղծագործությունը:
Երեկոյին, Հայկ Պետրոսյանից եւ Վահագն Հայրապետյանից բացի, բեմում էին Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Դանիել Մելքոնյանը (շեփոր) եւ Դեյվ Գյոդակյանը (կոնտրաբաս):
Ազնավուրի հրապարակը լեփ-լեցուն էր: Պետրոսյանի կատարումները վայելում էին եւ՛ հայ, եւ՛ օտարազգի երաժշտասերները:
ՀԱՄԱԼՐՈՒՄ՝ «ԱԼԱՇԿԵՐՏՈՒՄ»
Երեւանի «Ալաշկերտի» կազմում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել, որի մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմի կազմում իրենց ելույթները չեն շարունակի Ժոզե Էմբալոն, Եվգենի Յատչենկոն, Ալեքսեյ Ռոդիոնովը, Արտյոմ Պոտապովը, Դմիտրի Գուզը, Ալբերտ Մնացականյանը, Դեու Դոսան, Աղվան Պապիկյանը, Մարկո Միլինկովիչը, Մանվել Ահարոնյանը, Վիտինյոն, Կոջո Ալֆոնսը եւ Նիկիտա Տանկովը։ Փոխարենը «Ալաշկերտի» կազմն արդեն համալրել են մի քանի ֆուտբոլիստներ, կենտրոնական կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը (Մալթայի «Ֆլորիանա» ակումբից), բրազիլացի փլեյմեյքեր Տիագո Գալվաոն (Երեւանի «Փյունիկից»), հենակետային կիսապաշտպան Սարգիս Շահինյանը («Նոայից»), գանացի պաշտպան Աննան Մենսահը (Երեւանի «Ուրարտուից») hարձակվող Սարգիս Մեթոյանը (ռումինական «Չիկշերեդա» ակումբից), կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը (Չարենցավանի «Վանից»)։ Վնասվածքից ապաքինվել եւ մարզումները վերսկսել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԵՏԱՁԳՈՒՄ
«Ռոմայից» հեռացող Հենրիխ Մխիթարյանը հաջողությամբ բուժզննում է անցել «Ինտերում», սակայն տեղափոխության մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել, ինչն ունի պատճառ: Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի կնքման մասին հայտարարություն «Ինտերը» կանի հաջորդ շաբաթ, քանի որ մինչեւ հունիսի 30-ը հայ ֆուտբոլիստը համարվելու է «Ռոմայի» խաղացող։ «Ինտերը» Մխիթարյանի հետ բանակցությունների մասին պաշտոնապես տեղյակ չէր պահել «Ռոմային», որը ցանկանում էր երկարաձգել պայմանագիրը 33-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ինտերը» Մխիթարյանի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 3,5 միլիոն եվրո։
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈՒՅՍՈՎ
Ռուսաստանցի թեթեւքաշային Արման Ծառուկյանը վստահ է, որ հաղթանակ կտանի լեհ Լատեուշ Գամրոտի նկատմամբ։ Նրանք մենամարտելու են խառը մենամարտերի UFC Fight Night 208 մրցաշարում։ «Հրաշալի եմ ինձ զգում եւ շատ ոգեւորված եմ։ Առաջիկա մենամարտը կլինի իմ առաջին գլխավոր իրադարձությունը երեկոյի ընթացքում։ Այս մենամարտից հետո ինձ համար ամեն ինչ պետք է փոխվի։ Բոլորը կխոսեն իմ մասին։ Այս մենամարտից հետո ես կդառնամ տիտղոսի հավակնորդ։ Հույս ունեմ, որ լավ մենամարտ կանցկացնեմ եւ կհաղթեմ Գամրոտին»,- ասուլիսում նշել է Արման Ծառուկյանը։ Նշենք, որ UFC Figh Night 208-ը տեղի կունենա հունիսի 25-ին Լաս Վեգասում։