«ԱԺ ԱՄԲԻՈՆԻՑ ԽՈՍՈՒՄ ԷՐ ԱԼԻԵՎԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցով նշաձողն իջեցնելու մասին հայտարարությունը, ինչը նպատակ ուներ վախի կամ նահանջի տրամադրություններ փոխանցել արցախցուն, ոչ միայն չընկճեց արցախահայությանը, այլ, հակառակը, է՛լ ավելի ամրապնդեց պայքարի ոգին։ Տեսակետն Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանինն է, որը, որպես իր ասածի ապացույց, հիշեցնում է Արցախի խորհրդարանի 5 խմբակցությունների կողմից ստորագրված հուշագիրը, որ հստակ սահմանում էր՝ նշաձողի իջեցում չի կարող լինել, որովհետեւ դա Արցախի հանձնում է նշանակում։ Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան հարցի մասին Ազգային ժողովի ամբիոնից ունեցած վերջին հայտարարություններին, որտեղ անուղղակի կերպով ՀՀ նախկին նախագահներին է մեղադրում, այսպես ասած, Արցախը հանձնելու համար, ապա Հակոբյանը նկատում է` այդ օրն ԱԺ ամբիոնից ասես Ադրբեջանի ղեկավարութունն էր խոսում:

 

-Հայաստանում, ապրիլից սկսած, այնուհետ թափ առած «Դիմադրություն» շարժումն ասես գնալով մարում է: Այն, գիտենք, հիմնական ու առաջնային մեկ նպատակ ուներ՝ պահպանել Արցախի մնացած հատվածն ու Արցախի հայկականությունը: Ի՞նչ տրամադրություն է այժմ Արցախում, երբ շարժումը նախկին թափը չունի:

-Համաձայն չեմ, որ Հայաստանում «Դիմադրություն» շարժումը մարում է, ես կասեի՝ վերաձեւակերպվում է, որովհետեւ  մարտահրավերներն են փոխվում, խնդիրներն են փոխվում, եւ, հակառակը, ըստ իս, այն ավելի մեծ թափ է առնում: Ի սկզբանե, այո, բոլորը դուրս եկան փողոց, «Դիմադրություն» շարժումը սկսեց զուտ Արցախը փրկելու համար, սակայն հիմա այն դարձել է մեծ, ազգային-գաղափարական շարժում, որտեղ պայքարը ազգային արժեքների պահպանումն է, ընդհանրապես, հայոց պետականության պահպանումն է: Այդ մեծ  խնդրի մեջ  Արցախը եւս մասնիկ է: Ըստ էության, մարդիկ դուրս են եկել պայքարելու աշխարհին  մոլորեցնող փայլուն հաճույքների դեմ, դուրս են եկել պայքարելու նյութական արժեքների դեմ, որոնք, այս իշխանությունների շնորհիվ, դարձան ավելի գերակա արժեք, քան սերը հայրենիքի,  ազգի, կրթության հանդեպ:  Կարծում եմ, որ այն դեռեւս շատ մեծ թափով ցույց  է տալու եւ հասնելու է այն խնդրի լուծմանը, ինչի համար սկիզբ է առել:

-ՀՀ ԱԺ քառօրյա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանի ամբիոնից խոսելով Արցախի հիմնախնդրի մասին, հերթական անգամ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ «Դաշնակցություն»-ը ժամանակին բանակցային փաթեթով Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Ի՞նչ բնութագրում կտաք այս հայտարարությանը:

-Ես ասել եմ, նորից կրկնեմ՝ դա խոսում էր Ալիեւը, որովհետեւ ամբողջ բանակցային գործընթացը խեղաթյուրված էր: Ասվում է այն տեսանկյունից, որտեղից հարմար էր Ադրբեջանին, այսինքն՝ ամբողջովին պաշտպանում է Ադրբեջանի շահերը: Ամեն բան կասկածի տակ էր դնում. դրանցից մեկը Արցախի ինքնորոշման միջազգային իրավունքի հանրաքվեն էր, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արցախում ծանրագույն պայմաններում: Այսինքն՝ ցավալի է, բայց փաստ. ինքը համարում է, որ հասարակությունը չունի բավարար գիտելիքներ, որպեսզի կարողանա գոնե նորագույն պատմության վերաբերյալ իր հետեւություններն անել, եւ հասարակության ինքնագիտակցության մակարդակն այնքան է ցածր, որ հավատում են թշնամու շահերից բխող խոսքին: Սա կործանարար է: Սա արվեց Ազգային Ժողովի բարձրադիր ամբիոնից: Նորից ասեմ, որ սա կարող էր ասել միայն Ալիեւը. որեւէ հայ չէր կարող նման բան մտածել:

-Ապրիլի 14-ին Արցախի խորհրդարանը հայտարարություն ընդունեց, որ Արցախի կարգավիճակի մասով «կարմիր գծեր կան»: Հիմա եթե, Աստված մի արասցե, ինչ-որ կերպ հատվեն այդ «կարմիր գծերը», կամ դրա փորձը արվի, ո՞րն է լինելու արցախցու անելիքը:

-Այո, ապրիլի 14-ին արված ԱԺ-ի հայտարարությունը Արցախում արթնություն բերեց, եւ մենք միասնական մեր տեսակետը հայտնեցինք, որովհետեւ, անկախ բոլոր տեսակի տարաձայնություններից, եթե կարող են այլ հարթակներում լինել, այս հարթակում ընդդիմության ու իշխանության «կարմիր գծերը» նույնն են: Այսինքն՝ Արցախը չի կարող եւ չի լինելու Ադրբեջանի կազմում, ինչին ձգտում են այսօրվա հայաստանյան իշխանությունները, չնայած վերջերս Նիկոլ Փաշինյանի «հատուկ հաձնարարություններով» դեսպանը եկել էր Արցախ, որպեսզի այստեղից ցույց տար Հայաստանի մեր հայրենակիցներին, որ Արցախում բոլորը չեն, որ նույն կարծիքն ունեն: Ես ասեմ, որ ինքը ստում է. այստեղ յուրաքանչյուրը՝ նորածնից սկսած մինչեւ ամենատարեց մարդը, մտածում է նույն կերպ՝ Արցախը չի կարող լինել Արդբեջանի կազմում:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՆԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկայում կուսակցական խորհուրդ կձեւավորի նաեւ Կապանում:

 

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն Սյունիքի մարզկենտրոնում  հուլիսի 10-ին կուսակցության խորհրդի անդամների ընտրություն կկազմակերպի, ինչից հետո արդեն խորհուրդը նախագահ կընտրի: Տեղեկացանք, որ, ըստ կուսակցության կանոնադրության, կուսակցականները խորհրդի կազմ ձեւավորելու համար նվազագույնը 7 անդամի պետք է ընտրեն, որ քվեաթերթիկը վավեր համարվի: Առավելագույն 7 ձայն ստացած կուսակցականներն այնուհետ խորհրդի նախագահ կընտրեն: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ի կապանյան խորհրդի նախագահ դառնալու հավակնություններ երեք հոգի ունեն՝ փոխմարզպետ Հայկ Հարությունյանը, Սյունիքի նախկին փոխմարզպետ, այժմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ Նարեկ Բաբայանն ու Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը:

Մեզ հետ զրույցում պատգամավոր Դանիելյանը նշեց, որ տարածքային խորհրդի ձեւավորումը սովորական գործընթաց է, այդտեղ ինտրիգ փնտրելու կարիք չկա, բայց եւ չբացառեց, որ ցանկանում է խորհրդի կազմում ներառվել: «Այս խորհուրդը կզբաղվի կուսակցաշինությամբ, դրա համար եմ զարմանում, որ ինչ-ինչ շրջանակներ փորձում են ինտրիգ մտցնել: Սովորական կուսակցական գործընթաց է: Ինչ վերաբերում է խորհրդի անդամ ընտրվելուն, ապա, այո՛, պատրաստ եմ վերցնելու այդ պատասխանատվությունը»,- շեշտում է նա:

Մեր տեղեկություններով, սակայն, մոտ 4 ամիս Սյունիքի մարզպետ նշանակված Ռոբերտ Ղուկասյանն անում է հնարավորը, որպեսզի իր տեղակալը զբաղեցնի կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը: Նրա շահագրգռվածությունը շատերի համար է անհասկանալի, հատկապես երբ ոչ թե իր, այլ տեղակալի տեսքով է փորձում հանդես գալ: Իսկ տեղակալը, մեր աղբյուրների փոխանցմամբ, նաեւ Դանիելյանի հովանավորությամբ ու ուղղակի օժանդակությամբ է այդ պաշտոնին անցել, հիմա, փաստորեն, մոռացել է ամեն բան ու մարզպետի թելն է թելում:

Փոխմարզպետ Հարությունյանն, ի դեպ, Կապանի՝ նախորդ տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՔՊ ցուցակի 4-րդ համարն է եղել, իսկ ՔՊ-ի ցուցակը, հիշեցնենք, Դանիելյանն էր գլխավորում:

Ինչ վերաբերում է մարզպետի ու Դանիելյանի հարաբերություներին, ապա ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դրանք լարվել են այն բանից հետո, երբ Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանի երբեմնի ակտիվ քննադատ, լրագրող Նարե Ղազարյանին մարզպետի տեղակալ է նշանակել:

Թեմայի վերաբերյալ փորձեցինք կապ հաստատել նաեւ մարզպետ Ղուկասյանի հետ, նա, սակայն, մեր զանգերին ու հաղորդագրություններին չպատասխանեց։

 

Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ

Վերին Լարսի անցակետի փակ լինելը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել ե՛ւ գյուղացիներին, ե՛ւ արտահանողներին: Օրեր առաջ նման խնդիր ունեցան ծաղիկի մշակությամբ զբաղվողները, այս անգամ ծիրան արտահանողներն են: Տեղեկացնենք, որ ծիրանով բեռնված ավտոմեքենաները, որոնք Վերին Լարսի անցակետում սպասում էին ճանապարհի բացվելուն, այսօր ստիպված հետ են գալիս Հայաստան: Արտահանման ենթակա ծիրանը շատերը սկսել են իրացնել գյուղատնտեսական շուկաներում, այդ իսկ պատճառով ծիրանի գինը կտրուկ նվազել է: Գյուղացիների խոսքերով՝ այս օրերին ծիրանի մեկ կիլոգրամը վաճառվում է անգամ 150 դրամով, բայց, արի ու տես, որ մրգի, բանջարեղենի խանութներում կիլոգրամը 150 դրամով ծիրան չես կարող գտնել: Վաճառողները պնդում են՝ 150 դրամանոց ծիրանը ծառից թափվածն է, այլ ոչ թե քաղվածը: Սա դեռ ամենը չէ. Երեւանյան խանութներում ծիրանի մեկ կիլոգրամն արժե նաեւ 1900 դրամ: Այստեղ ծիրանի գինը սահմանվում է՝ ըստ ապրանքային տեսքի: Որքան լավն է ծիրանի տեսքը, այնքան բարձր է գինը: Մեկ այլ խանութում ծիրանի կիլոգրամը սկսում էր 300 դրամից:

 

 

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով հիփոթեքային վարկավորման տեղեկանք կտրամադրվի 2022 թվականին դիմում-հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասին որոշման նախագիծը հանրային քննարկման է դրել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մեզ հայտնի դարձավ, որ ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար կսահմանվի առաջնահերթության կարգով ծրագրում ընդգրկելու հնարավորություն: Նշենք, որ 2022 թվականին հիփոթեքային վարկավորման ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած, ռեեստրում գրանցված, առանց վիճակահանության եւ վիճակահանության արդյունքներով տեղեկանք ստացած զինծառայողների թիվը կազմում է 492 զինծառայող, իսկ վարկավորման տեղեկանք չստացած զինծառայողների թիվը կազմում է 526 զինծառայող: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախորդող երկու տարիների համար չօգտագործված թվով 528 վարկավորման ապահովումն առանց վիճակահանության իրացնել հնարավոր է 2022 թվականի ծրագրի շրջանակներում դիմում-հայտ ներկայացրած եւ ռեեստրում գրանցված 526 զինծառայողներին:

Ի դեպ, տեղեկացնենք, որ 526 զինծառայողի հաշվով լրացուցիչ դրամական միջոցների պահանջարկը կկազմի 1 մլրդ 307,4 մլն դրամ: Վարկավորման ծրագրի իրականացման ընթացքում միջինը մեկ շահառուի հաշվով կանխավճարի դրամական աջակցությունը կազմում է 2 մլն 202 հազար դրամ:




Լրահոս