ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԶԵԿՈՒՅՑ Է ՈՒՂԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ ամփոփ զեկույց է ուղարկել լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին:

 

«Ընդդիմության խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ բազմաթիվ ահազանգեր էի ստանում լրագրողների իրավունքների խախտումների, նրանց մասնագիտական ազատ գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ։ Ինչպես խոստացել էի իմ միջազգային գործընկերներին, պատրաստել եմ ամփոփ զեկույց, որտեղ համապատասխան հղումներով անդրադարձ է արվում լրագրողների նկատմամբ իրականացված բռնություններին, իրեն ժողովրդավարական հռչակած իշխանության ներկայացուցիչների կողմից չորրորդ իշխանության ներկայացուցիչների իրավունքների խախտումներին։ Զեկույցում մասնավորապես նշել եմ, որ մայիսի 2-ին Երեւանի Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը եւ աշխատակիցը հարվածում են լրագրողի միկրոֆոնին, լրագրող Նարե Գեւորգյանին եւ օպերատոր Արման Ղարաջյանին: Համապատասխան գրությամբ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին, ապա՝ ՀՀ հակակոռուպցիոն եւ քննչական կոմիտեներին, սակայն պատասխան գրությամբ տեղեկացա, որ որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին։

Մայիսի 2-ին Երեւանի Աբովյան փողոցում անվտանգության աշխատակիցները բռունցքով հարվածել են AntiFake.am լրատվական կայքի թղթակից Դավիթ Ֆիդանյանի ուսին եւ փորձել հրել նրան, հրմշտել են նաեւ AntiFake-ի օպերատոր Իշխան Խոսրովյանին եւ փորձել են բերման ենթարկել վերջինիս: Մայիսի 2-ին Երեւանի Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը կորցրել է գիտակցությունը։ Համապատասխան գրությամբ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին, ապա՝ ՀՀ հակակոռուպցիոն եւ քննչական կոմիտեներին, սակայն պատասխան գրությամբ տեղեկացա, որ Լիա Սարգսյանի գիտակցությունը կորցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներում նյութեր չեն նախապատրաստվել։

Մայիսի 4-ին Ազգային ժողովի շենքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խլել էր Yerevan.Today լրատվական կայքի թղթակից Սյուզի Բադոյանի բջջային հեռախոսը՝ վնասելով ձեռքը:

Մայիսի 9-ին Երեւանի «Հաղթանակ» կամրջի մոտ ոստիկանը հարվածել է Aravot.am-ի ֆոտոխցիկին՝ փորձելով խոչընդոտել լրագրող Աշոտ Հակոբյանի աշխատանքը:

Մայիսի 30-ին Երեւանում՝ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախման ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել yerkir.am կայքի խմբագիր Վահե Սարգսյանին: Մայիսի 30-ին Երեւանում՝ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, ոստիկանները բիրտ ուժ են կիրառել «Իրավունք թերթ»-ի լրագրող Հրանտ Սարաֆյանի նկատմամբ՝ հարվածելով ու գցելով նրան:

Համապատասխան գրությամբ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին, սակայն ՀՀ ԱԱԾ-ից ստացել եմ պատասխան գրություն, համաձայն որի՝ քրեական գործի հարուցումը մերժվել է։

Միջազգային գործընկերներիս ուղարկված զեկույցներում ընդգծել եմ, որ իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ուժի գործադրումը, նրանց գործունեությանը խոչընդոտելը բացարձակ անընդունելի են: Միաժամանակ նշել եմ, որ հասարակական կարգի պահպանման իր պարտականությունների իրականացման ժամանակ ոստիկանությունը պիտի ապահովի այնպիսի պայմաններ, որոնցում լրագրողն ունակ կլինի զբաղվել ազատ մասնագիտական գործունեությամբ։

Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին խնդրել եմ ձեռնարկել բոլոր հնարավոր համապատասխան միջոցառումները՝ ի պաշտպանություն լրագրողների իրավունքների։

 

 

 

 

ԺԱՄԿԵՏ ՉԵՆ ՆՇՈՒՄ 

Էկոնոմիկայի նախարարությունն ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում Լարսի ավտոճանապարհի վրացական եւ ռուսական կողմերի գործընկերների հետ ավտոճանապարհի բացման ուղղությամբ: Այս մասին նշել են Էկոնոմիկայի նախարարությունից: «Ժամկետներ այս պահին նշել չենք կարող»,- հայտնել են նախարարությունից: Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը հայտնել է, որ Թերեք գետը հորդառատ անձրեւների պատճառով դուրս է եկել ափերից եւ ողողել Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ընկած մայրուղին։ Ճանապարհը վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում:

 

 

 

 

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ»-Ի ՄԱՍԻՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Բաքվում անցկացվող Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան ԱԳ նախարարների հանդիպմանը խոսել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին: Չավուշօղլուն հետեւյալ շեշտադրումն է արել. «Մենք աջակցում ենք Զանգեզուրի միջանցքին (բացմանը) եւ ցանկանում ենք, որ վայրկյան առաջ այն բացվի»: Հիշեցնենք, որ 44-օրյա արցախյան երկրորդ պատերազմից եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Թուրքիան եւ Ադրբեջանը մշտապես առաջ են քաշում «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախապայման: Հայկական կողմը բազմիցս շեշտել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում միջանցքային տրամաբանությամբ ոչ մի հարց չի քննարկվում:

 

 

 

139 ԴԵՊՔ

Հայաստանում հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 139 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 243-ի, որից 412 հազար 755-ը՝ առողջացման, 8 626-ը` մահվան ելքով: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 62 քաղաքացի, գրանցվել է մահվան 1 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 178 բուժառու: Մեկ շաբաթում կատարվել է 4 հազար 780 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 132 հազար 461-ի:

 

 

 

ՑՈՒՑԱԿԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ սեպտեմբերի 25-ին կայանալիք Բերդ համայնքի ավագանու համամասնական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Վահրամ Սուքիասյանը։ Նա Բերդի սոցիալական ծառայության տնօրենն է: Սուքիասյանը նաեւ Բերդ խոշորացված համայնքի ավագանու անդամ է եղել, բայց 2022-ի մայիսին համայնքի ավագանու անդամությունից հրաժարվել է։ Մյուս թեկնածուն Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն է, որն այս պահին անազատության մեջ է գտնվում։ Չի բացառվում, որ ընտրությունների ժամանակ նույնպես Մանուչարյանը շարունակի կալանքի տակ գտնվել։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի նաեւ Բերդի նախկին քաղաքապետ Վիկտոր Մելքումյանը։ Նա այժմ բանկային համակարգում է աշխատում։ Թեեւ Մելքումյանը դեռ չի հայտարարել, որ պատրաստվում է առաջադրվել, բայց տեղեկացանք, որ նախկին քաղաքապետը նույնպես պատրաստվում է մրցապայքարի մեջ մտնել։

 

 

 

ԿՓՈԽԱՐԻՆԻ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Դավթյանը, ըստ երեւույթին, կընտրվի որպես Վերաքննիչ դատարանի դատավոր: Դավթյանը, նշենք, պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Հենց նրան իր իսկ քաղաքական թիմը՝ ՔՊ-ն, որպես նոր ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանի դատավոր կընտրի: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովում նրան փոխարինելու կգա Շիրակի փոխմարզպետ Կարեն Սարուխանյանը: Նա, հիշեցնենք, ԱԺ նախորդ՝ 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է: ArmLur.am-ի հետ զրույցում Սարուխանյանը նշեց, որ, ըստ երեւույթին, կվերցնի մանդատը ու խորհրդարան կվերադառնա:

 

 

 

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին: Հունիսին կայացած հերթական տեսակցության ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները օգնել են գերեվարված անձանց նամակների, հեռախոսազանգերի եւ տեսաուղերձների միջոցով կապ հաստատել իրենց ընտանիքների հետ: Ադրբեջանը հաստատում է 38 անձի գերությունը:

 




Լրահոս